Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գարուն է գալիս,
Թռչունները տոնում են նրա վերադարձը տոնական երգով,
իսկ կարկաչող աղբյուրները մեղմ շոյվում են զեփյուռով…
Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» շարքից «Գարուն» սոնետի տեքստի բառերն այսպես են գարնան գալուստն ազդարարում, իսկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գարնան զարթոնքն ազդարարվեց «Տարվա եղանակները» խորագիրը կրող բացառիկ համերգով: Համերգային ծրագրում ընդգրկված էին երկու մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները` Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» և Աստոր Պիացոլլայի «Բուենոս-Այրեսի տարվա եղանակները»։ Բեմում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Իսկ որպես մենակատար հանդես եկավ Ավստրիայից ժամանած տաղանդավոր ջութակահար Ֆելիքս Հարությունյանը: Ուշագրավ է, որ համերգային ծրագրում տեղ էին գտել Վիվալդիի` ավելի քան 300 տարի առաջ գրված և մինչև օրս երաժշտասեր հանրության կողմից ամենասիրված ստեղծագործություններից մեկը` «Տարվա եղանակները» և Աստոր Պիացոլլայի 1965-70 թվականներին գրած, տանգոյի ռիթմիկ մեղեդիների միջոցով Բուենոս-Այրեսի կյանքը ներկայացնող «Բուենոս-Այրեսի տարվա եղանակները» ստեղծագործությունները։
Ջութակահար Ֆելիքս Հարությունյանի անզուգական կատարմամբ ասես նորովի հնչեց Վիվալդիի «Տարվա եղանակները» ստեղծագործությունը, յուրաքանչյուր կոնցերտը՝ նվիրված տարվա մեկ եղանակի, բաղկացած տվյալ եղանակի ամիսներին համապատասխան երեք մասերից։
Անհնար էր չնկատել համերգասրահում՝ հանդիսատեսի առաջին շարքում նստած ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, սիրելի Դանիել Երաժշտի հուզմունքն ու հպարտությունը:
Ասում են` տաղանդը գեների պատահականություն է և պատասխանատվություն. հաճույքով բացահայտեցինք, որ բեմում Դանիել Երաժշտի թոռն է: Ֆելիք Հարությունյանը, գերազանցությամբ ավարտելով Կոմիտասի անվան կոնսերվատորիան պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանի ջութակի դասարանը և Գրացի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանը, այժմ սովորում է Վիեննայի երաժշտական համալսարանում՝ Դոմինիկա Ֆալգերի դասարանում։
-Թոռս մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է` Արամ Խաչատրյանի, Վաշա Պրժիհոդայի (Պրահա), Վասկո Աբաջիևի անվան (Սոֆիա),- բարություն ճառագող իր ժպիտով պատմում էր Դանիել Երաժիշտը,- երաժշտությունը Աստծո հետ խոսելու լեզու է: Դուստրս՝ ջութակահարուհի Գոհար Դանիելյանը ևս բեմում է, որդուն է նվագակցում։
-Ձեր ընտանիքում քանի՞ երաժիշտ կա,- հիացմունքով հարցրեցինք:
-Բոլորս երաժիշտներ ենք` վաղամեռիկ կինս դաշնակարուհի էր, երկու դուստրերս նվագում են, թոռնիկներս նվագում են:
-Ի՞նչ զգացողություն ունեք, երբ բեմում ձեր զավակներն են:
-Հաճախ եմ դստերս, թոռանս հետ բեմում եղել, իմ ղեկավարած անսամբլում էին նրանք նվագում: Այն տարիներին, երբ նոր էին սկսել նվագել, մի փոքր լարվածություն լինում էր ակամա, իսկ հիմա պարզապես վայելում եմ նրանց հրաշալի կատարումները:
-Խստապահա՞նջ էիք նրանց հանդեպ։
-Իրենց հանդեպ ավելի խստապահանջ եմ մշտապես եղել: Նրանք արդեն բեմում կես խոսքից ինձ հասկանում էին։ Երաժշտությունն անմնացորդ նվիրում է պահանջում: Երաժիշտը ողջ գիտակցական կյանքում սովորում է:
-Իսկ քանի՞ տարի պետք է սովորել, որպեսզի դառնալ վիրտուոզ ջութակահար։
-Իմ ուսուցիչը մի անգամ հարցրեց. «Քանի՞ ժամ ես պարապում օրական»։ Ասացի՝ «Հինգ ժամ»։ Վրդովված նայեց ու ասաց. «Նորմալ պարապել է պետք»։ Երաժիշտները նաև անխոնջ բանվորներ են։ Թոռնիկս մանկուց լսել է, որ մայրը նվագում է, տատիկն ու մորաքույրը նվագում են, իրեն էլ տարան Չայկովսկու անվ. երաժշտական դպրոց, որտեղ, ի դեպ, սովորել ենք ես, կինս, դուստրերս, թոռներս: Ֆելիքսը զարմանալի սրամտությամբ օժտված երաժիշտ է։ Նա Եվրոպայում ապրելու տարիներին նաեւ հաճախում է աշխարհահռչակ ջութակահարների մոտ վարպետաց դասերի`իր արվեստը կատարելագործելով Տեդի Պապավրամիի, Միքայելա Մարտինի, Միքայել Բարենբոյմի, Ռենո Կապյուսսոյի, Տակաշի Շիմիցույի վարպետաց դասերում։ Թոռնիկս մեղվի պետ նեկտար է հավաքում Եվրոպայից, որ բերի Հայաստան: Ֆելիքսի եղբայրը` Գրիգոր Հարությունյանը ևս երաժիշտ է, նա կոնսերվատորիան ավարտելով՝ որպես զինվորական դիրիժոր հիմա ծառայում է բանակում:
-Փաստորեն հարեւանները ձեր տնից մշտապես ջութակի նվագ են լսում։
-Մեր տանը միշտ նվագում են, հարևանները սովորել են, նույնիսկ ներում են մեզ… (ժպտում է):
Մեզ է մոտենում օրվա հերոսը և ես լուսանկարում եմ ջութակահար Ֆելիքս Հարությունյանին պապիկի ու մայրիկի հետ, այնուհետ հարցնում.
-Ի՞նչ զգացողություն եք ունենում՝ նույն բեմի վրա գտնվելով ձեր մայրիկի, պապիկի կողքին։
-Մի կողմից դա շատ ոգևորում է, մյուս կողմից էլ բարձրացնում պատասխանատվության զգացումը։
-Ո՞ր տարիքից եք նվագում և ի՞նչ ազդեցություն ունեցան ձեր մասնագիտական ընտրության վրա ձեր պապիկը, մայրիկը:
-Արդեմ չեմ հիշում՝ ինչպես սկսեցի զբաղվել երաժշտությամբ, սակայն անկասկած, իմ մասնագիտության ընտրության հարցում և՛ մայրիկիս, և՛ պապիկիս դերը որոշիչ է եղել։ Առանց իրենց օգնության և կենսական խորհուրդների ինձ չէր հաջողվի հմտանալ իմ գործում։ Ջութակ նվագում եմ վեց տարեկանից, սակայն մինչ ջութակ սովորելը մեկ տարի դաշնամուր եմ պարապել...
-Ի՞նչ ստացաք Հայաստանում և ի՞նչ տվեցին ձեզ Ավստրիայում ուսանելու տարիները որպես ջութակահար։
-Հայաստանում ստացել եմ տեխնիկական և տեսական ամուր հիմք, ինչը հետագա քայլերի համար նախապայման է։ Ավստրիայում սովորել եմ մտածել և նվագել ավելի ճկուն, լինել ավելի ինքնուրույն։
-Հայաստանյան հանդիսատեսին գարնանային այս ծրագրով և անզուգական ձեր հնչյուններով մեծ բավականություն պատճառեցիք, ջութակահարի ձեր ուղին ո՞ր երկրում եք պլանավորում:
-Լինելով ունիվերսալ լեզու՝ երաժշտությունը հնարավորություն է տալիս ցանկացած երկրում գործունեություն ծավալել։ Ես համագործակցում եմ Հայաստանի և Արցախի պետական կամերային, Հայաստանի ֆիլհարմոնիկ, Գրացի համալսարանի և այլ նվագախմբերի հետ։ Մենահամերգներով հանդես եմ եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մալթայում, Հոլանդիայում, Սանկտ-Պետերբուրգում և այլուր։ Այդուհանդերձ, Հայաստանի երաժշտական կյանքին նպաստելը իմ առաջնահերթ նպատակներից է։
Դե ինչ, հաջողություն մաղթենք տաղանդաշատ հայորդուն աշխարհի մեծ բեմերում՝ ստորև տեղադրելով նրա կատարումներից մի հատված։ Հաճելի ունկնդրում։
Միջոցառման ֆոտոռեպորտաժը՝ այստեղ:
Վարդինե Իսահակյան