Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կիեւի ուղղությամբ դեէսկալացիան անհրաժեշտ է այդ թվում նրա համար, որ Կիեւում են գտնվում այն մարդիկ, որոնք պետք է որոշումներ կայացնեն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Միաժամանակ նա հավելել է, որ Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով դեէսկալացիան չի նշանակում հրադադար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մեդինսկին նշել է, որ Կիեւի առաջարկները փոխզիջման առաջին կոնկրետ ձեւակերպված ձգտումն են: «Տեսնելով նման քայլ՝ մենք ձեւակերպեցինք նաեւ երկու մեծ փոխադարձ քայլ մեր կողմից։ Առաջինը վերաբերում է աստիճանական ռազմական դեէսկալացիային երկու ուղղություններով՝ Կիեւի եւ Չեռնիգովի։ Սա հրադադար չէ, բայց սա գոնե այս տարածքներում աստիճանաբար հակամարտության դեէսկալացիայի հասնելու մեր ձգտումն է»,- ընդգծել է ռուսական պատվիրակության ղեկավարը։
Մեդինսկին հավելել է, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը առաջիկայում կոնկրետ մանրամասներ կհրապարակի այն մասին, «ինչ կնշանակի երկու ուղղություններով հակամարտության արգելակում կամ դեէսկալացիա»։
Ռուսական պատվիրակության ղեկավարը նաեւ ասել է, որ Ռուսաստանը Կիեւի առաջարկները դիտարկելուց հետո պատասխան նախաձեռնություններով հանդես կգա։ «Այն առաջարկները, որոնք մեզ ուղարկել է Ուկրաինան, մենք պատրաստ ենք քննարկել, մեր պատասխան առաջարկները, իհարկե, կտանք։ Իրականում դրանք ի սկզբանե [ներկայացված էին] Ուկրաինային, բայց հիմա մենք հասկանում ենք, թե ինչպես գնալ փոխզիջման»,- ասել է նա։