Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետազոտող, գրքերի հեղինակ Մուզաֆեր Իրիսի «Վանք գյուղը. պատմությունը, բնությունը, կյանքը» գիրքը լույս է տեսել YAY հրատարակչության կողմից։ «Ակօս»-ից Ֆերդա Բալանջարի հետ զրույցում Մուզաֆեր Իրիսը պատմել է Վանք գյուղի մասին, որը հայտնի է որպես հայերի և ասորիների կողմից համատեղ բնակեցված գյուղերից մեկը. «Որոշ ընտանիքներում եղբայրներից մեկը կարող է մահմեդական, իսկ մյուսը՝ քրիստոնյա լինել… Հայրը, պապը մահմեդական լինելով՝ թոռները կարող են քրիստոնյա լինել: Մտածեցի, թե իսկապես հետաքրքիր ընտանեկան կառուցվածք ունեն։ Դա պայմանավորված է մեծ հանդուրժողականությա՞մբ, թե՞ վախով՝ դյուրին չէ հասկանալ»։
Նախ սկսենք գրքի դիպվածից: Գրքի գրելու ընթացքից կխոսե՞ք:
Երկար տարիներ գլխումս կենդանի պահված մի նախագիծ էր: Անհրաժեշտ էր ավարտել որոշ առաջնահերթ գործեր, որոնք նախկինում պետք է անեի: Միջնակարգ դպրոցական տարիներից ի վեր միշտ առնչվում էի ասորիների վերաբերյալ հարցերի։ Ավագ դպրոց, համալսարան դիմելով էլ նույն հարցերը ամենևին չհեռացան: Իրոք, չնայած մեր երկիրը մշակույթների բազմազանության ոլորտում շատ հարուստ է, նրանց իմացողների թիվը շատ փոքր է։ Անգամ այսօր իրենց հետ միասին ապրող ժողովուրդներից անտեղյակ այնքան շատ գիտնականներ և կրթված մտավորականներ կան, որ մարդ նրանց տեսնելով՝ շատ է սրտնեղում: Երբ ասում ես՝ «Ասորի եմ», մեծ թվով մարդիկ են հարցնում՝ «Իսկ ովքե՞ր են նրանք»։ Այդ պատճառով ասորիների պատմությունը, ասորիներին նկարագրող առաջին գիրքս, որ գրեցի «Ասորիները՝ բոլոր տեսանկյուներով» աշխատությունն էր: Վերջերս հեղինակել եմ նաև «Ասորական խոհարարական մշակույթը» և 1915 թվականին Ադըյամանում հայ-ասորական ջարդերին նվիրված «Սոխի կեղևները» վերնագրով գրքերը։ Վանք գյուղին նվիրված գիրքը այն գյուղի մասին է պատմում, որտեղ մանկությունս եմ անցկացրել։ Մտածեցի, որ Վանք գյուղի մասին տեղեկություններն անպայման անհրաժեշտ է արձանագրել ու պահպանել։ Հազարամյա պատմություն ունեցող կարևոր բնակավայրերից մեկը հանդիսացող այս գյուղի պատմությունը անպայման գրի պետք է առնվեր։ Սկսեցի օսմանյան արխիվներում ուսումնասիրություններ կատարել, սակայն մի փաստաթղթից ավել ոչ մի բան չգտա: Գյուղում տարբեր մշակույթների և հավատալիքների տեր մարդկանց գոյությունը ինձ համար ամենադժվար հանգամանքներից մեկն էր: Շատ նրբանկատ պիտի լինեի: Աշխատեցի մեկտեղել տարեց մարդկանց: Ոմանք վախից չէին խոսում: Ոմանք հանդիպեցին միայն տարիներ անց: Ոմանք էլ հարցազրույց տալու խոստումից հրաժարվեցին: Կարճ ասած դժվարությամբ սկսեցի աշխատել գրքի վրա: Կարող եմ ասել տարիներ պահանջվեցին գիրքն ավարտելու համար։ Բայց կարծում եմ, որ հաջորդ շրջանում գյուղական կյանքը նկարագրող գրքեր կգրվեն։ Սակայն կարծում եմ, որ դրանից հետո գյուղական գրքեր շատ կգրեն: Մարդիկ կհետաքրքրվեն ու կուսումնասիրեն իրենց գյուղերը, իրենց նախնիների ապրած վայրերը։ Կարծում եմ յուրաքանչյուր գյուղի պատմությունը պետք է գրի առնել։
Նախքան Վանք գյուղի մասին պատմելը, անդրադառնում եք Ադըյամանի եւ Գերգերի պատմությանը։ Ո՞րն է Վանք գյուղի դերը Ադըյամանի եւ Գերգերի տեղական պատմության մեջ։
Մտածեցի՝ առանց Ադըյամանի ու Գերգերի մասին պատմելու ճիշտ չի լինի անդրադառնալ Վանք գյուղին։ Քանզի Վանքը Ադըյամանին ու Գերգերին կապված գյուղ էր։ Ադըյամանը հազարամյա քաղաքակրթություն ունի. այն շրջանցելը ճիշտ չէր լինի։ Այստեղ 1100-ական թվականներին զգալի թվով հայ և ասորի բնակչություն կար։ Մալաթիային մոտ էր և Մոր (սուրբ-Ակունքի խմբ․) Բարսաում վանքը Փութուրգեում էր։ Ասորիների պատրիարքական կենտրոնն էլ էր Մալաթիայում։ Գերգերը ևս հայկական ու ասորական բնակավայր էր։ Գերգերում էին նաև Մոր Աբբայ, Մոր Զաքքայ, Մոր Աֆրեմ և Մոր Բարսաում վանքերը։ Այսօր Մարդին նահանգի Միդյաթ գավառի Այնվերթ և Մզիզահ գյուղերի ասորիների մի մասը, ասում են, գաղթել են Գերգերից։ Այս մասին մանրամասն անդրադարձել եմ գրքում: Բացի այդ, սա Գերգերի միակ գյուղն է, որտեղ դեռ ասորիներ են ապրում: Ադըյամանի Քահթայում հնարավոր է խոսել նշանակալի թվով ասորի և հայ բնակչության մասին։ Վանք գյուղը և Ադըյամանի ու Գերգերի ասորիները ազգականներ են և մշտական կապի մեջ են. նրանց առանձին դիտարկելը ճիշտ չէր լինի։
Ինչպես նշեցիք, Վանք գյուղում միասին ապրում են ասորիներն ու հայերը։ Ադըյամանի եւ Գերգերի շրջակայքում այլ գյուղեր էլ կա՞ն, որտեղ այս երկու համայնքները միասին են ապրում:
Շատ հեռու չգնանք՝ Գերգերի շատ գյուղերում 1900-ականներին հայեր ու ասորիներ են ապրել։ Նրանք միասին ապրել են Քյոկլյուջե և Դումլու գյուղերում 1950-70-ական թվականներին, սակայն ներկայում նրանք բոլորը ստիպված են եղել գաղթել։ Քահթայի և Գերգերի կենտրոնում դեռ կան ընտանիքներ, ովքեր շարունակում են ապրել այնտեղ։
Վանք գյուղում պատմական գտածոներ կա՞ն հայ-ասորական հարաբերությունների վերաբերյալ։ Երբ նայում եք պատմությանը, ի՞նչ կարող եք ասել երկու հասարակությունների հարաբերությունների վերաբերյալ:
1519 թվականի օսմանյան արխիվային արձանագրություններում գյուղի անունը հիշատակվում է որպես «Վենք-ի Էրմենիյան»։ Հետո Վենք բառը սկսում է գործածվել որպես Վանք։ Վանք բառին Թուրքիայի շատ նահանգներում է հնարավոր հանդիպել։ «Վանք» հայերեն նշանակում է վանք։ «Վանք» գյուղեր կան Գիրեսունում (Կերասուն-Ակունքի խմբ․), Թունջելիում (Դերսիմ-Ակունքի խմբ․), Մալաթիայում և Երզնկայում։ 1987 թվականին գյուղացիները գյուղի անունը փոխելու նպատակով գնում են Անկարա և «Յեշիլյուրթ» անունն են դնում։ Կան գրառումներ Խաչիկի, Կարապետի, Օհաննեսի, Բեհնանի և նման անձանց մասին։ Մինչև 1980 թվականը որոշ մարդիկ իրենց անձնագրերում կրոնի բաժնում գրում էին հայ, ոմանք էլ՝ ասորի: Այսինքն և՛ հայերը, և՛ ասորիները միասին էին։ 1914 թվականի օսմանյան արխիվի արձանագրություններում տեսնում ենք, որ այս գյուղը գրանցվել է որպես ասորական գյուղ։ Միմյանց աղջիկ էին տալիս-առնում (հայերն ու ասորիները-Ակունքի խմբ․) և միասին նշում էին տոները։ Նրանց միջև ոչ մի տարաձայնություն չի եղել:
Ինչպե՞ս է այսօր Վանք գյուղում ապրող վեց ասորի ընտանիքների վիճակը։ Ինչպիսի՞ խնդիրներ ունեն նրանք։
Որևէ խնդիր չունեն: Մեծ մասը ձմռանը մեծ քաղաքներում են ապրում: Կրթության, առողջապահական և տնտեսական պայմանների պատճառով բոլորի նման նրանք էլ են գաղթել: Նրանցից շատերը ամռանը վերադառնում են իրենց ամառանոցային գյուղերը, այգիներով զբաղվում, իսկ ձմռան մոտ վերադառնում են քաղաք։ Գյուղում ապրող բնակչության մեծ մասն արդեն բաղկացած է իսլամացված ասորիներից։ Տոների, թաղումների, հարսանիքների ժամանակ մշտապես օգնում են իրար ու հանդուրժող են միմյանց նկատմամբ:
Նշում եք, որ գյուղում ապրող մահմեդական ընտանիքների զգալի մասը իսլամացված ասորիներ և հայեր են։ Կարո՞ղ են այս մարդիկ հեշտությամբ արտահայտել իրենց ծագումը:
Ըստ իս՝ գրքի հիմնական ու գլխավոր թեման դա է: Այո, նրանց իննսուն տոկոսը իսլամացված ընտանիքներից է կազմված: Գյուղում մզկիթի կառուցումը այս ընտանիքների ղեկավարությամբ էր տեղի ունենում։ Գյուղում ամենատարածված անունը Ռամազանն է։ Շատ հետաքրքիր ընտանեկան կառուցվածք ունեն։ Շատերն ընդհանրապես չեն ցանկանում՝ իրենց արմատները ճանաչվեն, դրա մասին իմանան, լսեն: Տարեցները շատ լավ գիտեն իրենց ծագումը, սակայն չեն ուզում, որ երիտասարդներ իմանան դրա մասին։ Շատերը շրջակա գյուղերի հզոր ընտանիքների հետ քիրվե (քավոր-սանիկ-Ակունքի խմբ․) հարաբերություններ հաստատեցին։ Մի քանի տարի առաջ դեռևս ամուսնությունները տեղի էին ունենում իրար մեջ, բայց վերջին տարիներին սկսել են դրսից էլ աղջիկ ուզել ու տալ։ Գյուղի կարևոր առանձնահատկություններից մեկը գերեզմանոցների մեծ թիվն է։ Սա, անշուշտ, գյուղի մի ժամանակվա բնակչության բազմազանության ցուցանիշն է։ Գյուղում ութ գերեզմանոց կա, սակայն գործող են երեք-չորսը։ Ավելի վաղ իսլամացված ասորիներն ու հայերը ստեղծեցին իրենց գերեզմանատունը, իսկ հետագայում իսլամացվածների թաղումները տեղի ունեցան այլ գերեզմաններում: Մյուս կողմից էլ դեռևս գործում են ասորիների գերեզմանոցները։ (Գերեզմանները խմբ. Ակունք) շատ պահպանողական և արմատական կառույցներ են։ Ոչ մեկի կարծիքի, համոզմունքի կամ նախապատվության մասին իրավունք չունենք խոսել: Սակայն ես զուտ հաստատված իրավիճակի մասին եմ խոսում: Ոմանք խզել են իրենց ասորի ազգականների հետ կապերը, քանզի չեն ցանկանում, որ իրենց թոռներն իմանան իրենց անցյալի մասին: Նրանք իրենց հարսանիքն անում են մահմեդականների ավանդոււյթով. ամբողջովին փոխել են իրենց կենսակերպը։ Որոշ ընտանիքներում եղբայրներից մեկը կարող է մահմեդական, իսկ մյուսը՝ քրիստոնյա լինել… Հայրը, պապը մահմեդական լինելով՝ թոռները կարող են քրիստոնյա լինել: Մտածեցի, թե իսկապես հետաքրքիր ընտանեկան կառուցվածք ունեն։ Դա պայմանավորված է մեծ հանդուրժողականությա՞մբ, թե՞ վախով՝ դյուրին չէ հասկանալ։
Ինչպիսի՞ ապագա է սպասվում Վանք գյուղին: Ի՞նչ է պետք անել գյուղի պատմական ու մշակութային ժառանգությունը պահպանելու համար։
Նման պատմական նշանակություն կրող գյուղերը պետք է պաշտպանության տակ առնվեն։ Այլապես Վանք գյուղը մյուս գյուղերից ոչնչով չի տարբերվի։ Այսօր հարյուրավոր գյուղեր թողնված են իրենց ճակատագրին։ Եւ նման հարյուրավոր վանքեր, եկեղեցիներ և պատմական շինություններ ավերակ վիճակում են։ Մեծամասնությունը ոչնչացվել է գանձագողերի և վանդալների կողմից: Գաղթը բոլոր կողմերի վրա իր բացասական ազդեցությունն է թողել։ Նման կենտրոնները այդ գյուղի բնակիչները պետք է պաշտպանեն։ Հիմնադրամները կարող են ակտիվ դերակատարում ունենալ այս հարցում։ Նահանգապետարանները, քաղաքապետարանները, զբոսաշրջության վարչությունները ևս կարող են պաշտպանել նման պատմական կենտրոնները։ Պատմական, մշակութային կառույցները քանդողների, ավերողների նկատմամբ կարող են կիրառվել ծանր պատիժներ։
https://serbestiyet.com/haberler/bir-koyun-tarihinden-cok-daha-fazlasi-87522/
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net