կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-18 16:41
Հասարակություն

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, և ժողովուրդն արդեն չի կարող ավելին տալ, քան կարող է

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, և ժողովուրդն արդեն չի կարող ավելին տալ, քան կարող է

«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Կարեն Հովհաննիսյանը առաջիկա` մարտի 22-ին կայանալիք  հանրահավաքը համարում է վճռորոշ ու բեկումնային, քանի որ մոտենում է ՍԴ վերջնական որոշման օրը, իսկ հանրահավաքը, որին կմասնակցեն մեծաթիվ քաղաքացիներ, քաղաքական ու հասարակական ուժեր, ևս մի ազդակ կլինի իշխանությունների համար, որ ժողովուրդը դեմ է այդ չարաբաստիկ պարտադիր բաղադրիչին:


Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռևս փոքր հույս ունի, որ կառավարությունը ընդառաջ կգնա ժողովրդի պահանջին, թեեւ մինչ հիմա կառավարությունն իր հայտարարություններով ցույց է տվել, որ հավատարիմ է իր որդեգրած սկզբունքին: Ակտիվիստը նաև հույս ունի, որ ՍԴ-ն անկողմնակալ որոշում կկայացնի:

 

Կարեն Հովհաննիսյանի խոսքով` ժամանակի ընթացքում պարտադիր բաղադրիչի դեմ սկսված պայքարը, ձնագնդի պես մեծանալով, իր շուրջը համախմբեց մեծ թվով քաղաքացիների ու չորս քաղաքական ուժերի:


«Դեմ եմ պարտադիրին»  շարժումը ծնվել է ժողովրդից, դա հանրության արդարացի պահանջի շուրջ ձևավորված շարժում է, ու ցանկացած խնդիր, երբ մեծ մասշտաբներ է ընդունում, այն կարող է ժամանակի ընթացքում վերածվել քաղաքական խնդրի: Պայքարը դեռ, փառք Աստծո, ժողովրդի ձեռքում է և չի ուղղորդվում: Այդ պահանջն ու պայքարն անգամ կարողացան համախմբել չորս քաղաքական ուժերի, ինչը նշանակում է, որ դա հանրային շարժում է ու ուղղորդվում է հանրության կողմից»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը` հավելելով, որ «Դեմ եմ պարտադիրին»  շարժման անդամները շատ վճռական են տրամադրված ու պատրաստ են անգամ կանգնել գործատուի կողքին` պաշտպանելով նրա շահերը:

 

Ինչ վերաբերում է նոր հարկատեսակի մասին խոսակցություններին, ապա նա նշեց, որ եթե կառավարությունն ամեն կերպ ջանում է անցկացնել այդ օրենքը` չնայելով, որ քաղաքացիները դեմ են դրան, ապա ունակ կլինի նաև նոր հարկատեսակ մտցնել: «Բայց ի՞նչ տարբերություն, դա կլինի հարկի տեսքով` գործատուի ուսերի՞ն, թե՞ պարտադիր վճար` աշխատողի ուսերին: Հարցը դրանով չի լուծվում, այլ հարցը տեղափոխվում է մեկ այլ դաշտ: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, ու ժողովուրդն արդեն ավելի չի կարող տալ, քան կարող է»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը: