կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-18 13:32
Քաղաքական

Երևի զիջումները խոստացվել են ու հիմա ձգձգվում են, և թշնամին դիմում է ահաբեկչության․ Քրիստինե Վարդանյան

Երևի զիջումները խոստացվել են ու հիմա ձգձգվում են, և թշնամին դիմում է ահաբեկչության․ Քրիստինե Վարդանյան

Արցախի և Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը, ով «Հայաստան» դաշինքի իր  գործընկերներ Ելենա Կիրակոսյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի հետ Արցախում էր՝ Ստեփանակերտում, Խրամորթում և Խնապատում, իրավիճակին տեղում ծանոթանալու, ավելի լավ հասկանալու և ասելու, որ նրանք մենակ չեն։

Ամենահուզիչ պահն այն էր, պատմեց Քրիստինե Վարդանյանը, որ Խրամորթում երբ  թշնամին միացրեց հոգեբանական ահաբեկչության իր գործիքներից մեկը, գյուղապետարանի աշխատողն ասաց՝ Նաիրա՛, դինամիկը բեր, ու այս կողմից հայկական երգ միացրեց, որ ադրբեջանական երգի այդ ձայնը չլսվի։

«Այսպիսին են տրամադրություններն Արցախում․ մարդիկ պարզապես ուզում են, որ Արցախից դուրս գտնվող հայերն իմանան, որ սա պարզապես միայն Արցախի խնդիրը չէ, որ Արցախը կորցնելով՝ կկորցնենք հայրենիքը և պետականությունը, մարդիկ ուզում են տեսնել, որ մենք դա գիտակցում ենք ու մենակ չենք թողնելու Արցախը»,-ասաց պատգամավորը։

Պարբեր պաշտոնյաների և բնակիչների հետ հանդիպումներից հետո ամփոփ պատկերը հետևյալն է․ Արցախի և Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, ճնշումները շատանում են՝ այն հույսով, որ կլինեն նոր զիջումներ։

«Երևի այդ զիջումները խոստացվել են ու հիմա ձգձգվում են, և թշնամին դիմում է ահաբեկչության՝ փորձելով հոգեբանական և ֆիզիկական ճնշումներով հասնել նրան, որ Արցախը հայաթափվի և նրանք մի քայլ էլ մոտենան թշնամական ծրագրի իրագործմանը»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Արցախցիների կողմից դրա պատասխանը միանշանակ էր՝ փաստեց նա․ մարդիկ ասում էին, որ իրենց տներից գնալու տեղ չունեն, չեն պատրաստվում դրանք լքել, տղամարդիկ արժանապատվորեն կանգնած էին իրենց տան կողքին և ասում էին, որ պատրաստ են դա պաշտպանել, որ իրենց կյանքն առանց իրենց հայրենիքի իմաստ չունի։

«Մենք տարբեր հանդիպումներ անցկացրինք․ առաջնայինն, իհարկե, անվտանգության հարցն էր։ Արցախի գյուղերում փոքր տրամաչափի զենքերից կրակել են, հետո աստիճանաբար մեծացրել են։ Հոգեբանական տեռորի մարտավարություն են ընտրել։ Մի քանի տեղով հետաքրքրվեցինք՝ և՛ բնակիչներից, և՛ պաշտոնյաներից․ ռուս խաղաղապահները ամբողջովին վերահսկում են իրավիճակը»,-ասաց պատգամավորը։

Ռուս խաղաղապահները հակված են նրան, որ լարում չլինի, իրավիճակը մնա վերահսկողության տակ, նշեց նա, հետևում են այդ ամենին, որ Արցախի բնակիչները լինեն պաշտպանված։

Խաղաղության պայմանագիրը, որի ստորագրման անհրաժեշտության մասին խոսում են թե՛ հայկական, թե՛ թուրք-ադրբեջանական կողմից, Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ պետք է հստակ արձանագրում ունենա, որ Հայաստանը չի հրաժարվելու Արցախից։

«Մեր դեմ աշխատում են մի քանի ճակատով, աշխատում են մի քանի գործիքակազմերով։ Նախ՝ չկան Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա բանակցություններ, կա Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան խոսակցություն, այսինքն, թշնամին մեզ հետ խոսում է երկու ճակատով։ Էրդողանից սկսած մինչև այլ պաշտոնյաներ բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ հայ-թուրքական բանակցությունների ամեն մանրամասն քննարկվում և համադրվում է Ադրբեջանի հետ։ Այս ֆոնին, երբ խոսվում է հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների մասին, մենք Ադրբեջանի կողմից ենք ստանում այդ նախապայմանները 5 կետի տեսքով, որ չպիտի լինի Արցախի հարց, Հայաստանը պիտի հրաժարվի Արցախից, պիտի փակի դուռը նաև հետագա արդարության վերականգնման համար։ Մնացած նախապայմաններ կոչվածը արդեն փաստացի տեսնում ենք իրականության մեջ»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Շատ պատասխանատու կերպով պետք է փաստել, նշեց նա, որ այս օրերին կատարվող ամեն ինչ՝ մեկ կրակոցից մինչև գազատարի վնասում և ադրբեջանական երգերի միացում, փոխկապակցված են և մեկ թշնամական ծրագրի մաս, որի նպատակն է Հայաստանի, ոչ թե Արցախի, որպես ինքնուրույն սուբյեկտի, վերացումը․ չպիտի լինի հայկական պետություն, որը կայացնում է որոշումներ, որովհետև դա հակասում է թուրք-ադրբեջանական տանդեմի երկարաժամկետ ռազմավարական շահերին։

«Ինչպես է այս ամենը կապված․ Թուրքիան ու Ադրբեջանը հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա իր ամենաթույլ վիճակում է, ամենաքիչն է ընդունակ իր շահերը պաշտպանելու, որովհետև Հայաստանը ներակայացնում են պարտության ու ամոթի մարմնացումները։ Այս պատճառով հնարավոր ամենամեծ ճնշումն են գործադրում, որպեսզի ստանան հնարավոր ամենամեծ զիջումը։ Իսկ Հայաստանը ներկայացնող խմբակն ընտրել է «ամեն ինչ զիջենք՝ միայն իշխանությունը պահենք» մարտավարությունը․ սա բերելու է մեր կործանման»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Այս պարագայում, նրա համոզմամբ, պետք է լինի հանրային հստակ պատասխան Ադրբեջանի 5 կետերին․ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ դրանով մենք կկրկնենք Նախիջևանի ճակատագիրը, դուք ձեր հայատյաց քաղաքականությամբ եք դա ապացուցել, մենք պատերազմ երբեք չենք նախաձեռնել, բայց չենք կարող հրաժարվել մեր կյանքի իրավունքը պաշտպանելուց, հետևապես, եթե դուք ցանկանում եք խաղաղություն, դուք ինքներդ պիտի ընդունեք անկախ Արցախի գոյության փաստը, հետո մնացածի մասին կարող ենք խոսել։

Աննա Բալյան