կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-13 20:35
Հասարակություն

Դիմում ենք ԼՀԿ֊ի և ԲՀԿ֊ի պատգամավորներին՝ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործուն քայլեր ձեռնարկել. Քրիստինե Վարդանյան

Դիմում ենք ԼՀԿ֊ի և ԲՀԿ֊ի պատգամավորներին՝ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործուն քայլեր ձեռնարկել. Քրիստինե Վարդանյան

ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության մասնակիցներն ամփոփելով տեղի ունեցած իրադարձությունները՝ հանդես եկան կոչով` դիմելով ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որ նրանք անվստահություն հայտնեն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն:

ՀՅԴ ՀԵՄ վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը հանդես եկավ կոչով՝ դիմելով ԱԺ ԼՀ և ԲՀ կուսակցություններին:

«Արայիկ Հարությունյանը տապալել է օրենքով իր պարտականությունները: Մեր շատ հայրենակիցներ միացել են մեր պահանջին, հանրությունը միասնական է այս գործում:  Սակայն հանրության այդ տրամադրությունները, կարծես, չեն փոխանցվում ԱԺ պատգամավորներին, ովքեր պետք է կոչված լինեին արտահայտելու ժողովրդի տրամադրությունները, մանդատը դրա համար են ստացել, ուստի հղում անելով ՀՀ Սահմանադրության հոդվածներին՝ դիմում ենք ԼՀԿ, ԲՀԿ գործընկերներին, գործուն քայլեր ձեռնարկել այս հարցը օրենքով լուծելու և օրենքով ընձեռված ընթացակարգով, պարոն Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու»,- հայտնեց նա:

Քրիստինե Վարդանյանը նաև հավելեց, որ դիմումի գրավոր տարբերակը կհրապարակեն և կտրամադրեն խմբակցություններին: Նա տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 11-ին, հավաքվելու են կառավարության շենքի մոտ նույն պահանջով:

Հիշեցնենք՝ արդեն 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: Նախազգուշական գործադուլ են սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։