կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 22:42
Հասարակություն

Հանդիպել են ԱՀ ԱԺ խմբակցությունների և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

Հանդիպել են ԱՀ ԱԺ խմբակցությունների և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

Մարտի 17-ին Արցախում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը, Ելենա Կիրակոսյանը և Քրիստինե Վարդանյանը հանդիպել են ԱՀ Ազգային ժողովում ներկայացված չորս՝ «ՀՅ Դաշնակցություն», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունների անդամ պատգամավորների հետ:

 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ա. Խաչատրյանը նախ ողջունեց Արցախի գործընկերներին և ապա տեղեկացրեց, որ իրենց այցը 2 նպատակ ունի:

Ճիշտ է, մենք կապի մեջ ենք մեր կուսակցական ընկերների հետ և իրազեկվում ենք զարգացումների մասին, սակայն ցանկացանք տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին: Ցավով եմ արձանագրում, որ 34 տարի շարունակ, երբ Հայաստանի և Արցախի միջև կապում էին թելերը, այսօր այդ թելերը նորից անջատում են իրարից, և եթե գործադիր մարմինների մակարդակով շատ սառն է, և իրար սխալ ուղերձներ են հղում, ապա մեր այցի երկրորդ նպատակն է խորհրդարանական մակարդակով այդ կապերը պահել ու ամրացնել»,-նշել է Ա. Խաչատրյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենց համար անընդունելի է «Հայաստանի զարգացումն առանց Արցախի» թեզը:

«Մեզ համար որևէ տարբերություն չկա՝ Արցախ, Սյունիք թե Շիրակ: Մեզ համար կա ամբողջական Հայաստան, որովհետև 1988թ.-ին սկսված շարժումը մեկ կարգախոս ուներ: Այլ խնդիր է, որ ինչ-ինչ քաղաքական խնդիրներից ելնելով՝ գնացինք այլ ճանապարհով: Կա վերջնական մի հանգրվան՝ միացում մայր հայրենիքի հետ՝ անկախության ճանապարհով: Հատկապես այս իրավիճակում պետք է ակտիվացնենք ինտեգրման գործընթացները թե՛ խորհրդարանների, թե՛ այլ մակարդակներում»,-իր խոսքում ասել է Ա. Խաչատրյանը:

Ըստ նրա՝ չկա առանձին Արցախի հարց, այլ կա հայ ժողովրդի հարց՝ Հայ դատ, որի մի բաղադրիչն էլ Արցախի խնդիրն է, և եթե մարդիկ մինչ այս ասում էին՝  Արցախը տանք՝ պատերազմն ավարտվի, ապա այսօր մենք տեսնում ենք, որ Երևանից 50 կմ-ի վրա են մարդիկ զոհվում:

«Ճնշումը Արցախի ցանկացած գյուղի նկատմամբ ճնշում է Երևանի կենտրոնի նկատմամբ: Ինչքան դու գլուխդ խոնարհես, այնքան քեզ ավելի շատ են խփելու, և եթե ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, որ խաղաղ ապրում էինք, երբ որ ուժեղ էինք. Ոչ մի թույլ պետություն չի կարող խաղաղ ու բարեկեցիկ ապրել։ Մեզ մոտ կան հայեցակարգային կոնցեպտուալ տարբերություններ այս իշխանությունների հետ: Այն բռնկումները, որոնք այսօր տեսնում եք ՀՀ խորհրդարանում, դա նրանից չէ, որ այդտեղ գտնվող մարդիկ իրար չեն սիրում, այլ նրանից է, որ կա գաղափարական տարբերություն»,-նշել է Ա. Խաչատրյանը:

Նա հույս հայտնեց, որ փոխադարձ այցելությունները շարունակական բնույթ կկրեն, և վերջիվերջո ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ում Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ կգումարվի:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ողջունելով պատգամավորներին, հիշեցրեց, որ 2019թ. ԱՀ ԱԺ-ում ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումն իրականում անհանգստության առաջին դրսևորումն էր, որովհետև արդեն իսկ նկատվում էին Արցախի սուբյեկտայնության, հարաբերությունների մեջ խնդիրներ: «Այդ ժամանակ արդեն նկատվում էր միջխորհրդարանական համատեղ նիստերի նվազեցում. նույնիսկ ԱՀ խորհրդարանի պատգամավորների և նախագահի դիմավորման գործընթացում էին փոփոխություններ նկատվում: Այն ժամանակ ԱՀ ԱԺ պատգամավորներն իրենց մանդատով կարողանում էին մուտք գործել ՀՀ ԱԺ, իսկ այսօր արդեն դժվարանում են, կարծես,  օտար մարդիկ են: Այս անհանգստությունների արտահայտությունն էր»,- ասել է Գ. Մանուկյանը:

Նա նշեց, որ այն ժամանակ, եթե ՀՀ պաշտոնյաներից մեկը Արցախի հարցի վերաբերյալ որևէ անզգույշ արտահայտություն է արել, 4 կողմից հարձակվել են, իսկ այսօր այնքան են շատացել այդ «անզգույշ» արտահայտությունները, որ դրանց դիմագրավելը շատ շատ դժվար է դարձել:

Գեղամ Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Արցախում գազատարի պայթեցմանը չի անդրադարձել իշխանության ենթակայության տակ գտնվող լրատվականների մեծ մասը, որի հետևանքով Տավուշում տեղյակ չեն Արցախում ստեղծված իրավիճակի մասին:

ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշեց, որ մեր վերջնական նպատակը Հայաստանի հետ վերամիավորումն է:

«Կարևոր չէ, թե որ ճանապարհով ենք գնալու, սակայն նպատակը հստակ է: Այսօր  հասել ենք այնպիսի մի կետի, որ բոլորը՝ պատգամավորները, խմբակցությունները, քաղաքական ուժերը պետք է կատարեն իրենց ընտրությունը՝ ում կողքին են՝ ազգային շահի՞, թե՞ թրքամետ իշխանության: Պետք է հասկանանք՝ մենք Արցախի և հայ ժողովրդի թշնամի՞ն ենք, թե՞  ուզում ենք միանալ մայր հայրենիքին: Ցավոք, մեր ժողովուրդն այսօր ենթարկվում է սոցիալական անեսթեզիայի, և մի զգալի մասն ապրում է ստամոքսային տրամաբանությամբ: Պետք է ընտրենք. կա՛մ ապրում ենք մեր հողում, կա՛մ դառնում ենք պանդուխտներ. մնացած բոլոր ձևակերպումները երկրորդական են»,-ասել է Ա. Մոսիյանը:

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանը, ողջունելով հյուրընկալվող պատգամավորներին, ընդգծեց, որ նախքան պատերազմը ՀՀ և ԱՀ օրենսդիր դաշտերի միջև առկա փոխգործակցության շնորհիվ Արցախը հնարավորություն ուներ արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու, իսկ պատերազմից հետո Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանը ոչ միայն արտաքին աշխարհի հետ կապող օղակ է դարձել, այլ նաև որոշակի լրացուցիչ պատասխանատվություն է կրում, որն այս պահին կրում է նաև հումանիտար բնույթ:

«Մենք պատրաստակամ ենք յուրաքանչյուր հարցի շուրջ համագործակցության, որն ուղղված է լինելու հայ ազգի դիմաց դրված խնդիրների լուծմանը»,-ասել է Ա. Հարությունյանը:

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նույպես ողջունեց Հայաստան» խմբակցության պատգամավորներին, նշեց, որ ողջունելի է պատգամավորների այցն Արցախի Հանրապետություն:

«Մենք այսօր կարիք ունենք երկխոսելու, մեր խնդիրների մասին բարձրաձայնելու և համատեղ լուծումներ գտնելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու։ Եթե ԱՀ խորհրդարանի ամբիոնից ասվածը լսելի չէ միջազգային հանրության համար, ապա ՀՀ խորհրդարանի ամբիոնից այն լսելի է: Ցավալի է, որ ՀՀ խորհրդարանում Արցախի հարցում չկա միասնություն: Մենք միշտ նշել ենք, որ կան կարմիր գծեր, որոնք չպետք է հատվեն, և դա վերաբերում է ԱՀ անկախության և վերջնական կարգավիճակին. մեր խորհրդարանի 5 խմբակցությունների կողմից կատարվող հայտարարությունները դրա վառ ապացույցն են»,-ասել է Դ. Գալստյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Արցախի հարցով լսումներ նախաձեռնելու և ԱՀ խորհրդարանի պատգամավորներին մասնակից դարձնելու համար և կարևորեց, որ նմանատիպ երկկողմ այցերը ավելի հաճախակի լինեն:

ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը նույնպես ողջունեց պատգամավորներին և նշեց, որ անհրաժեշտություն կա 2 օրակարգերի հստակեցման:

«Առաջինը պետք է հստակեցնենք, թե արտաքին աշխարհի հետ ինչպես ենք հարաբերություններ հաստատելու, հատկապես՝ Ռուսաստանի հետ ինչպես ենք փորձելու աշխատել, քանի որ սա մեր լինել-չլինելու հարցն է, և երկրորդը՝ ինչ ենք անելու մենք ինքներս մեզ համար: Բազմիցս քննարկել ենք, բայց անհրաժեշտ եմ համարում հստակեցնել այն հարցը, թե ինչ ենք մենք ուզում: Բնականաբար ամեն մի պետություն խաղալու է իր խաղը, իր շահերից բխելով՝ փորձելու է մեզ թելադրի: Պետք է կողմնորոշվենք, հասկանանք՝ ում հետ ենք ճանապարհ գնում և ըստ այդմ որոշենք մեր քաղաքականությունը: Երկրորդ շատ կարևոր և ցավալի փաստն այն է, որ ՀՀ իշխող ուժի կողմից արվող հայտարարությունների համար 4-5 տարի առաջ նրանց կարող էին քարերով ծեծել, իսկ այսօր՝ ոչ մի արձագանք: Գեղամ մանուկյանը բոլոր հարթակներով  փորձում է հասարակության աչքերը բացել, սակայն ոչ մի արձագանք: Այսօր մեզ համար շատ վտանգավոր հայտարարություններին հասարակությունը անտարբերություն է ցուցաբերում: Կարող ենք հետևություն անել, որ կա՛մ հասարակությունը անտարբեր է, կա՛մ ընդունում է այդ օրակարգը: Պետք է վերլուծություն կատարենք և անցնենք գործի, իսկ գործելու համար լավագույն հարթակը, կարծում եմ, այն հարթակն է, որն այսօր ձեզ հետ փորձում ենք ստեղծել»,-նշել է Դ. Մելքումյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը ի սկզբանե նախատեսված էր ԱՀ ԱԺ բոլոր 5 խմբակցությունների հետ, սակայն հրավերը մերժել և չի մասնակցել ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը:

Վահագն Խաչատրյան

aparaj.am