Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Ռուբեն Տեր Մինասյանի հուշագրության մի հատվածի ֆրանսերեն թարգմանության հրատարակությունը՝ վերնագրված «Անկախության մարտահրավերը. Հայաստան. 1919-1920» («Le de՛fi de l՛inde՛pendance: Armռnie. 1919-1920», THADDEE, 2021), ընդգրկում է արդի Հայաստանի պատմության ամենավճռորոշ ժամանակաշրջաններից մեկը: Այն ներկայացնում է մեզ ներկայի անորոշությունների եւ հայկական կենսունակ պետության գոյությունը հնարավոր դարձնելու համար այս հեղափոխական գործչի ձեռնարկած քայլերի մի քննադատական քննություն:
ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ
Ի տարբերություն Գարեգին Նժդեհի, որի գործերի ու աշխատանքների հրապարակումները բազմաթիվ են Հայաստանում, Մինաս Տէր-Մինասյանի՝ Ռուբենի (1882-1951) գրությունունները հիմնականում անհայտ են հայության լայն զանգվածներին, չնայած նրա բախտորոշ գործունեությանն առաջին Անկախ Հայկական Հանրապետության կարճատեւ ժամանակաշրջանում:
Հեղափոխական Ռուբենի հայտնի հուշերից քաղված մի հատվածի այս թարգմանությունը, որ պատրաստ էր դեռ 1989 թվականին, վերջապես լույս տեսավ հետպարտության այս մշուշոտ մթնոլորտում: Այս պատմությունը, որ գրել է Ճշգրտությանը հետամուտ մեկը, ով գիտակցում էր, որ Պատմությունը դատելու է իրեն, ավարտվում է 1920 թվականի ապրիլին:
Հեղինակը չի պատմում 1920 թվականի աշնանային սարսափելի պատերազմի, դրա ընթացքի ու հետեւանքների մասին: Սակայն անդրադառնում է հայության համար 1918-1920 թվականների ճակատագրական փորձություններին եւ հայ առաջնորդներին ներկայացված վիթխարի մարտահրավերին, այն է՝ զրոյից սկսած կառուցել պետություն՝ աշխարհավեր պայմաններում, կենսունակ Պետության փոխակերպել մեկուսացված, արնաքամ, թշվառ ու սովամահ փախստականներով բնակեցված «Արարատյան Հայաստանը»: Այստեղից էլ ծագել է պատմական ու մշակութային առումով անշուշտ հայկական, սակայն բազմացեղ տարածաշրջանը «հայացնելու» խնդիրը. տարածաշրջան, որտեղ թաթարական տարրը (նրանց դեռեւս ադրբեջանցի չէին կոչում) բավականին մեծ փոքրամասնություն էր՝ խարխլելու համար Հայաստանի Հանրապետության ղեկավարների ծրագրերը:
Գիտակցելով պանթուրքիստական ծրագրերին ծառայող այս հինգերորդ շարասյան սպառնալիքը, Հայաստանի Հանրապետության տարածքի հայացման գործը դարձավ հրատապ անհրաժեշտություն. այն կարելի է համեմատել Դալեթ ծրագրի հետ, որն իրականացրեց Իսրայելի նորաստեղծ պետության ղեկավարությունը 1948 թվականին՝ ի վնաս պաղեստինցիների:
1919 թվականի մայիսից մինչեւ նոյեմբեր Ռուբենի ձեռքին կենտրոնացված իշխանությունը նրան իր քաղաքականությունը վարելու հնարավորություն էր տալիս: Նա կարողանում է հայկական կառավարության իրավասությունն ուժով պարտադրել 45 000 կմԱ (այսօրվա 29 000 կմԱ-ի համեմատ) տարածք ունեցող Հայաստանի Հանրապետության մի զգալի մասում, որտեղ Երեւանը մինչ այդ ուներ միայն ձեւական եւ զուտ անվանական իշխանություն:
«Գոյություն ուներ բոլորից ճանաչված անկախ Հայաստան, որն ընդգրկում էր բավականին մեծ տարածք՝ ավելի քան 45 000 կմԱ, սակայն իրականում երկրի երկու երրորդն, իր մահմեդական բնակչությամբ, Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքին էր: Հայ ժողովրդին տրված գանձ, որից, սակայն, օգտվելու իրավունք ունեին միայն թաթարներն ու թուրքերը, քանի որ նրանք էին տիրում բոլոր հանքերին՝ հայերին թողնելով քարքարոտ լանջերը, Սեւանա լճի ջրերն ու երկրի տերը լինելու պատրանքը», – նկատում է իրատես Ռուբենը:
ժողովրդագրության ճիգեր եւ պետականաշինություն
Ժողովրդագրությամբ մտահոգ՝ Ռուբենը 1919 թվականին հանգել է այն մտքին, որ Հայաստանը դեռեւս պետություն չէ: Ամենաբերրի հողերին տիրացած թաթարների, թաթարական կամ խառը գյուղերի թվերն այն դարձնում էին ավելի շատ «Թաթարստան», քան Հայաստան՝ ցարական օրհնությամբ, թաթարական իշխանությունների 70 տարուց ի վեր իրականացրած քաղաքականության պատճառով, մինչդեռ դրանք պատմական հայկական տարածքներ են: Նա բոլոր շրջանների հաշվարկ է իրականացնում եւ նկատում, որ իրավիճակն առավել ծանր է Կարսի նահանգում, որտեղ հայերը հարաբերական մեծամասնություն են կազմում: Նրա կարծիքով, ժողովրդագրական, թե տնտեսական առումով երկիրը կենսունակ չէ:
Ադրբեջանական թաթարները (ընդհանուր բնակչության 40%-ը) զբաղեցրել են լավագույն հողերը: Եթե ոչինչ չարվի, ապա այս անկախ Հայաստանը կոչված է դառնալու գերեզմանոց՝ այնտեղ մնացած 1 200 000 հայերի համար, որոնցից 200 000-ը ցեղասպանության վերապրածներ են: Այս «հայացումը» տեղի էր ունենում Արարատյան դաշտում՝ Երեւանի եւ Էջմիածնի միջեւ, Արաքսի ստորին հովտում՝ թաթարական գյուղերի փոխարինմամբ Արեւմտյան Հայաստանի փախստականներով, որտեղ սասնեցիները մի տեսակ հատուկ ջոկատայիններ էին հանդիսանում Ռուբենի եւ Երեւանում իշխող դաշնակ ղեկավարների թիմի ծրագրերում: Այս ձեռնարկումն ի վերջո արդյունավետ եղավ, քանի որ 1926 թվականի խորհրդային առաջին մարդահամարը արձանագրեց հանրապետությունում բնակվող հայերի 84,4 %, ընդդեմ 10,1% ադրբեջանցիների եւ 0,3% քրդերի: Այսպիսով, գոյություն ունենացավ միատարր պետություն: Եվ Պետության ընկալում չունեցող կրոնական համայնքից հառնեց ազգային մի նոր գիտակցություն:
Հաշվի առնելով հետեղեռնյան եւ հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակի ոգին, ինչը համադրելի չէ այսօրվան, Ռուբենը հիշում է, որ անկախությանը չհավատացողները չափազանց շատ էին: Չնայած անհամար դժվարություններին, իրար հաջորդող կառավարությունները կարողացան դնել Պետության հիմքերը (կրթություն, առողջապահություն, մշակույթ, բանակ, ժողովրդավարական կյանք, քաղաքական բազմակարծություն՝ չնայած ռուսոֆիլ հակառակորդների թշնամանքին…):
Հեղինակը ողջունում է մասնավորապես կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի գործունեությունը, ում շնորհիվ դպրոցների թիվն աճեց 240%-ով, ուսուցիչներինը` 190%-ով (որոնց թվում կային նաեւ բազմաթիվ բոլշեւիկներ): Իսկ առաջին համալսարանը ստեղծվեց 1992-1993 թվականների դաժան տարիներից առավել վատթար պայմաններում:
Ցավոտ բեկում եւ ճակատագրի տիրապետման որոնում
Կուսակցական, բայց նաեւ պետական գործիչ Ռուբենը, բնականորեն ընդունեց անկախ Հայաստանի իդեալը, խորին համոզմունքով, որ ՀՅԴ-ն եւ պետությունը պիտի տարանջատվեին, ինչն այլեւս տեղին չէր: Լինելով իրատես՝ նա շատ շուտ հասկացավ, որ Սեւրի պայմանագրի «Մեծ Հայքը»՝ դատարկված իր կենսական ուժերից, այլեւս մտացնորք էր, եւ որ փաստացի 1918 թվականի Հայաստանն իր 45 000 կմԱ-ով հայ ժողովրդի միակ սեփականությունն էր:
Լինելով պրագմատիկ, Ռուբենը գիտակցում է ուժերի հարաբերակցության իրականությունը: Նա ճշգրտորեն նկարագրում է Վրաստանի պղտոր խաղը Հայաստանի դեմ, ադրբեջանցիների՝ Հայաստանը քարտեզից վերացնելու ծրագրերը՝ ապավինելով հայկական տարածքներում գտնվող հարյուր հազարավոր ադրբեջանցի թաթարներին եւ Թուրքիայի ակտիվ օգնությանը: Այս ռազմատենչ հարեւանների կողքին Հայաստանը կարող էր հույսը դնել միայն իր ուժերի վրա՝ սկսած Ռուբենի ամենավստահելի ռազմական ընկերներից՝ Մշո եւ Սասնա ֆիդայիներից:
Սակայն ազգը պառակտված էր. արեւելահայերը (նախկին ցարական կայսրությունից) դժգոհ էին արեւմտահայ փախստականների (ցեղասպանությունը վերապրածների) ներկայությունից, որոնք բեռ էին համարվում: Ռուբենը նկատում եւ ցավում է արեւելահայերի եւ արեւմտահայերի միջեւ փոխադարձ անվստահության, ինչպես նաեւ պայքարի առաջնահերթությունների տարբեր ընկալումների համար:
1919 թվականի մայիսի 28-ի Ազատ եւ Միացյալ Հայաստանի հռչակման իրողությունը շնորհ էր, որ Երեւանը տվեց Պողոս Նուբար Փաշայի եւ Ավետիս Ահարոնյանի գլխավորած ազգային պատվիրակությանը՝ հաստատված հայկական դիվանագիտության նյարդային կենտրոն հանդիսացող Փարիզում: Սակայն Կովկասի հայերն այդ իդեալի կրողները չէին, նկատում է Ռուբենը: Նա դառնությամբ նշում է, որ արտաքին աշխարհից կտրված եւ չճանաչված Հայաստանն անկարող էր տնօրինել իր արտաքին քաղաքականությունը՝ «լիներ այն ճիշտ, թե սխալ»: Եթե նա խնայում է բրիտանացիներին՝ անտեսելով վերջիններիս պղտոր խաղերը Ղարաբաղում, կասկածի տակ դնելով իրեն՝ Լոնդոնի գաղտնի ծառայությունների հետ դավաճանական կապ ունենալու համար, ապա ամենեւին չի վարանում քննադատել Ռուսաստանին: Նա հիշեցնում է, որ ռուսները երկու անգամ դավաճանեցին հայերին՝ 1918 թվականի մարտին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով եւ 1920 թվականին՝ մերձենալով քեմալականների հետ՝ այդպիսով դեն նետելով Սեւրի պայմանագիրը եւ Ազատ ու Միացյալ Հայաստանի իդեալը: Հետո էլ սրանց ավելացան Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը՝ 1921 թվականին:
Ինչպես իր առաջաբանում նշում է Ռուբենի թոռնուհի պատմաբան Թալին Տեր-Մինասյանը, Ռուբենի գործը թույլ տվեց հայերին ազատվել զոհի կարգավիճակից: Թուրքիայի եւ Ադրբեջանի թուրքերը գիտակցեցին, որ Ռուբենի եւ նրա ուղեկիցների գործողությունները 1919-1920 թվականներին այլեւս անշրջելի դարձրին հայ ազգային օջախի գոյությունը: Դրանք թույլ տվեցին հայերին թոթափել զոհի կարգավիճակը եւ կիրառել ուժ՝ միակ լեզուն, որը հասկանալի էր իր հսկա հարեւաններին, եւ որը գոյության իրավունքը վաստակելու միակ միջոցն էր: Պարադոքսալ կերպով, այս պատմության լիարժեք իմացությամբ է, որ մի օր կարող է հնարավոր դառնալ մի առավել պակաս ցնցումնալից հարեւանություն: Կարելի է հեշտությամբ փոխարինել թուրքերին Սիրիայի կամ Հորդանանի արաբներով, 1919-1920 թվականները՝ 1947-1948 թվականներով եւ հայերին՝ հրեաներով:
Կարո՞ղ էր արդյոք հայկական պետությունը գոյություն ունենալ առանց այնպիսի առաջնորդների խստության, ինչպիսիք էին Արամ Մանուկյանը, Սիմոն Վրացյանը, Հովհաննես Քաջազնունին եւ Ռուբեն Տեր-Մինասյանը: Հայոց քաղաքական այրերի պանթեոնում անհայտ կամ գրեթե անհայտ Ռուբենը, որին գրողներ Մալխասը եւ Կոստան Զարյանը համեմատում էին «վայրի կատվի» հետ, մնում է մի տեսակ առանձնակի հերոս: Հերոս, որը մտերիմների հետ շատ չէր խոսում, սակայն խորապես կրում էր Պատմության առջեւ պատասխան տալու բացարձակ անհրաժեշտության զգացումը:
Այս վկայությունը հարուստ է դասերով: Այն հիշեցնում է, որ ցնցումներով լի ժամանակահատվածի քաոսի մեջ անհատի դերը մնում է գերակշռող: Նույնքան նաեւ՝ միայն սեփական ուժերին ապավինելու անհրաժեշտությունը: Բայց եւ այն, որ վաղուց ժամանակն է, որպեսզի հայերը դուրս գան իրենց համար հարմարավետ գոտուց: Ո՛չ, Հայաստանը ծաղկի պես չի ծնվել մի երկրում, ուր կաթ ու մեղր էր հոսում: Նա կարողացավ պարտադրել իր միջազգային ճանաչումը՝ կատաղի պայքարի գնով մի թշնամու դեմ (թուրք-ազերիներ), որը միայն իր ոչնչացումն էր տենչում եւ իրական կեղծ բարեկամների դեմ (ռուսներ եւ վրացիներ):
Այս գիրքն, անշուշտ, կփորձեն շահարկել թուրք-ադրբեջանական լոբբիները, նույն այն ուժերն, որոնք դեռ այն ժամանակ միայն մեկ նպատակ ունեին ՝ հայ ժողովրդի բնաջնջումը, ինչպես օրինակ Շուշիում՝ դատարկված իր հայ բնակչությունից, որ 1920 թվականի կոտորածների ժամանակ ավելի քան 20 000 զոհ ունեցավ:
Հիրավի, կարեւոր է, որ նոր սերունդները կարողանան ճիշտ դասեր քաղել պատմությունից՝ ավելի լավ տիրապետելու համար նոր պատմություն կերտող իրենց ազգի ճակատագրին:
Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱՆ ԳՐԻՆՈ-ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
Ֆրանսիա