կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-04 16:18
Արցախ

Տարեկան մոտ 8000 զինծառայող ազատվում է բանակից առողջական խնդիրների պատճառով. Հայկ Սարգսյան

Ազգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագիծը ներկայացրել է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նախագծի ներկայացման ժամանակ ՔՊ մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց, թե 2021 թվականի ընթացքում քանի՞ զինակոչիկ է ազատվել ծառայությունից։ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ մինչև 44-օրյա պատերազմը ընկած ժամանակահատվածից 8 տարի կտրվածքով, միջինացված տվյալներով, տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8 հազար զինակոչիկ:

«Իրականում սա լուրջ խնդիր է, ու կառավարությունում այս մասով էլ ներկայում քննարկումներ ընթանում են։ Կոմիտեի նիստում նույնպես փոխվարչապետի հանձնարակականն է եղել, որպեսզի փորձենք մեր այն զինակոչիկներին, որոնք չեն գնում պարտադիր զինվորական ծառայության առողջական խնդիրների պատճառով, ընդգրկել այլ ծառայության մեջ, որպեսզի մեր զինված ուժերի թիվը համալրվի, որպեսզի այդպիսի մեծ թվով զինակոչիկներ չազատվեն զինվորական ծառայությունից»,- ասաց նա: