կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-04 15:59
Հասարակություն

Ձվի շուկայում Մրցակցության հանձնաժողովի աչքկապոցին օգնություն է իշխանության հետ սերտ կապեր ունեցող ընկերությա՞նը

Ձվի շուկայում Մրցակցության հանձնաժողովի աչքկապոցին օգնություն է իշխանության հետ սերտ կապեր ունեցող ընկերությա՞նը

Շատ ձու ուտենք, որ գինը մնա նորմալ մակարդակի․ սա վարչապետ Փաշինյանի գտած աբսուրդային լուծումն է ձվի շուկան ջախջախող միտումնավոր գնիջեցման՝ դեմպինգի, կասկածի մասին ահազանգերին ի պատասխան։

«Սրամիտ» մեր վարչապետի եզրակացությունը հետևեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի պարզաբանմանը կառավարության նիստի ժամանակ, ով հարցը այնքան գցեց «սար ու ձոր»՝ առանց խնդրի բուն էությանն անդրադառնալու, մինչև Փաշինյանը փակեց թեման․ «Եղավ հավի-ձվի պատմությունը»։

Քննարկման այս իմիտացիայից, իհարկե, ձվի շուկայում ոչինչ չփոխվեց՝ առերևույթ հակամրցակցային մեխանիզմը շարունակում է գործել․ երկու ընկերություն՝ մեկը գերիշխող, մյուսը՝ ոչ, ձվի գինը չափից ավելի իջեցրել են՝ ենթադրաբար պայմանավորված, առևտրային ցանցերն էլ գնել են այդ էժան ձուն և իրենց մոտ էժան վաճառել՝ շուկայից դուրս մղելով ձվարտադրող մյուս ընկերություններին։ Այսինքն, ձվի ինքնարժեքը 42 դրամ է, բայց վաճառել են 17-20 դրամով, մարդիկ դա գնել են, իսկ ինքնարժեքին համապատասխան վաճառող ընկերությունների ձվերը չեն վաճառվել ու որոշները սնանկացել են։

Որպես կանոն, սրա հետևանքը լինում է այն, որ շուկան ամայացնելով՝ գինը միտումնավոր իջեցրած ընկերությունները հետագայում շատ ավելի թանկ են վաճառում և մրցակից ընկերություն չի լինում, որ դեմն առնի։ Այսինքն, տուժում ենք մենք՝ բոլորս, մի քանի օր էժան ձու գնելու դիմաց հետագայում միշտ ստիպված ենք լինում շատ թանկ գնելու։ Հիմա էլ, չի բացառվում, որ երբ անբարեխիղճ ընկերությունները շուկան իրենցով կանեն, Զատիկին գները կտրուկ բարձրացնեն մինչև 150-200 դրամ և վնասները փոխհատուցեն։

Այս գործելաոճը թույլ չտալու համար պետությունները ստեղծել են մրցակցության պաշտպանության հանձնաժողովներ․ Հայաստանն էլ ունի դրանից։ Բայց մեր հանձնաժողովը հրաժարվել է իրավախախտման համար վարույթ հարուցել վերը նշված երկու ընկերությունների հանդեպ, թեև բողոքը եղել է։

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի օգնական Անի Սմբատյանը Yerkir.am-ին ասաց, որ դեմպինգը կարող է իրականացնել միայն գերիշխող դիրք ունեցողը, իսկ ձուն անհամաչափ էժան վաճառող ընկերություններից մեկը՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստը», գերիշխող չէ, հետևաբար, նա չէր կարող միցակցությունը խախտել և նրան տուգանելը իրենց իրավասությունից դուրս է։

Սա, իհարկե, մանիպուլյացիա է՝ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը, քանի որ շուկայի վրա տնտեսվարողները ազդում են ոչ միայն քանակական, այլև որակական ցուցանիշներով, և պետք չէ սպասել, մինչև այդ ընկերությունն էլ իրավախախտումների արդյունքում գերիշխող դառնա։

«Այսինքն, չնայած որ տվյալ ընկերությունը 5 տոկոսից ցածր մասնաբաժին ունի, նրա կտրուկ և շուկայական իրավիճակը խաթարող քայլը մեծ ցնցում է առաջացրել։ Բացի այդ, մյուս խոշոր խաղացողները հետևում են նրա օրինակին, և նրանք ևս իջեցնում են գները։ Այո՛, այդ ընկերությունը գինը կտրուկ իջեցրել է այն նպատակով, որ կարողանա շուկայում իր մասնաբաժինն ավելացնել։ Այսինքն, Մրցակցության հանձնաժողովը սպասում է, որ կոնկրետ այդ ընկերությունը գերիշխող դառնա, նո՞ր զբաղվի նրա վարքագծով։ Բնականաբար, սա ճիշտ մոտեցում չէ»,-ասաց տնտեսագետը։

Բացի այդ, մրցակցության օրենսդրությունը թույլ է տալիս այդ ընկերության հանդեպ վարույթ սկսել՝ հաշվի առնելով նրա քայլերի հնարավոր ազդեցությունը շուկայի վրա, պարտադիր չէ, որ նա լինի գերիշխող դիրք ունեցող կազմակերպություն, որ վարույթ սկսեն նրա նկատմամբ։

«Այդ ընկերությունը, որ բազմաթիվ արտոնություններ է ստացել կառավարության կողմից և նաև  ունի բավական սերտ կապեր իշխանության հետ, կավելացնի իր մասնաբաժինը շուկայում՝ 5 տոկոսի փոխարեն հասցնելով 25-30 տոկոսի»,-կարծում է Սուրեն Պարսյանը։

Նա անգամ օրինակ հիշեցրեց «նախկինների» ժամանակներից, երբ տաքսու շուկայում «Յանդեքսը» նվազագույնը 100 դրամով տաքսի ծառայություն էր իրականցնում, դարձյալ բողոք կար, և մրցակցության հանձնաժողովը վարույթ սկսեց ու «Յանդեքս» ընկերությանը որոշակի ցուցումներ տվեց, թեև այդ ընկերությունը գերիշխող չէր և նոր էր մտնում Հայաստանի շուկա։

«Ներկաների» օրոք ևս բողոք եղել է ձվի շուկայում այս հնարավոր դեմպինգի հարցով․ «Աշտարակ ձու» ընկերությունը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հնարավոր իրավախախտման գանգատով երկու ընկերության կողմից։ Նշված ընկերություններից ոչ մեծը «Պրոյեկտ ինտեր-ինվեստն» է, գերիշխողը՝ «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն։

Հանձնաժողովն ուսումնասիրել է ու չի հերքել, որ այս երկուսը ձվի գնիջեցման առաջին քայլերն են արել, և մատակարարումներ իրականացրել առևտրային ցանցերին, որի պատճառով շուկայի մյուս մասնակիցներն էլ են գներն իջեցրել՝ վնասները նվազագույնի հասցնելու ակնկալիքով։

Բայց հանձնաժողովը չի պատժել այս երկուսին, քանի որ եզրակացրել է, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստը» տվյալ շուկայում չունի գերիշխող դիրք, իսկ «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն երրորդ տեղն է զբաղեցնում, և քանի որ առաջին  երկու տեղը զբաղեցնողները զանգվածային գնիջեցման պատճառ չեն դարձել, ապա երրորդ տեղն զբաղեցնողի գերիշխող դիրքի առկայության հարցը, հանձնաժողովը, անհասկանալիորեն, չի քննարկել, և եզրակացրել է, որ նա չէր կարող շուկայում զանգվածային գնիջեցման պատճառ դառնալ։ Հանձնաժողովը նաև, կասկածելիորեն, չի հայտնաբերել հակամրցակցային համաձայնության փաստեր այս երկու տնտեսվարողների միջև։

Գուցե իրավախախտում չհայտնաբերելու պատճառն այն է, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստը» նույն ընկերությունն է, որը գնել է  «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը, և որը ՀՀ գործող իշխանությունների կողմից կասկածելի արտոնություններ է ստանում։ Սրանով, թերևս, արժե, որ զբաղվեն իրավապահները։ 

Հանձնաժողովի նախագահի օգնական Անի Սմբատյանից հետաքրքրվեցինք՝ եթե այս երկու ընկերությունը չէին կարող ազդել շուկայի վրա, ապա ինչպե՞ս ստացվեց, որ նրանց կողմից կտրուկ գնիջեցման պատճառով ձու արտադրող մյուս ընկերություններից որոշները սնանկացան։ Նա պատասխանեց, որ ընկերություններն այս վարքագծեց սնանկանում են, քանի որ շուկան կայացած չէ, իսկ թե ինչո՞ւ կայացած չէ՝ պետք է Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրի, ոչ թե իրենք։ Նա չուներ պատասխան հարցին, թե ինչպե՞ս կարող է կայացած չլինել գերիշխող 7 ընկերություն ունեցող շուկան․ իրենց փոքրաթիվ աշխատակազմը այդքան շատ հարցեր չի կարող ուսումնասիրել։

Այնինչ փաստն այն է, որ ձվի շուկան կայունացնելու ուղղությամբ էլ պետական քաղաքականություն, պլանավորում չկա։

«Մենք ունենք ձվի 95,7 տոկոսով ինքնաբավություն, բայց խնդիրն այն է, որ կառավարությունը առանց հաշվարկի, առանց որևէ հիմնավորման վերջին տարիներին մի շարք արտոնություններ է տվել թռնաբույծներին, և ձվի արտադրության ծավալն ավելացել է։ Նույնիսկ 2021-ին 20-ի համեմատ արտադրությունը 7 տոկոսով կրճատվել է, այսինքն, 20 թ-ին արտադրության ծավալները բավականին բարձր էին։ Բայց կառավարությունը շարունակեց արտոնություններ տրամադրել՝ տարբեր սուբսիդիաներ, վարկեր և այլն, և խաթարեց շուկայի իրավիճակը։ Այսինքն, կառավարությունը նպաստեց, որ առաջարկի ծավալն ավելի արագ մեծանա, քան պահանջարկը կա, իսկ մյուս կողմից ձու արտադրողները չկարողացան այն արտահանել Հայաստանից։ Այսինքն, կառավարությունը հաշվի չի առել, թե այդ արտոնությունները ի՞նչ հետևանքներ կառաջացնեն շուկայում»,-ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Փաշինյանի պատկերացումը շուկան կարգավորելու մասին, որ պետք է շատ ձու ուտենք, որ գինը նորմալանա, փշրվում է թվերին բախվելով․ Հայաստանում մարդը ամսական միջինը սպառում է 12 ձու,  տարեկան մոտ 144 ձու, ի վերջո, կան որոշակի նորմաներ՝ ձու շատ ուտելու դեպքում մարդիկ, ուղղակի, կարող են թունավորվել։

Աննա Բալյան