Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ռուսաստանը թերացավ այն ժամանակ, երբ Արևմուտքին թույլ տվեց զինել Ուկրաինային. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով արևմտյան մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանը չի կարողանում իր առջև դրված խնդիրը լուծել:
«Արևմուտքի գումարներով Ուկրաինան կարողացավ ստեղծել պրոֆեսիոնալ բանակ: Ուկրաինացիները ցույց տվեցին, որ կարող են մարտնչել աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկի դեմ: Այստեղ իրենց ուրույն դերն ունեն ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Թուրքիան: Ռուս-ուկրաինական պատերազմը մի օր պայթելու էր. Ռուսաստանի բոլոր ջանքերը՝ հեռու պահել Ուկրաինային ՆԱՏՕ-ից, ազգայնական գաղափարախոսությունից, չիրականացան, և Ռուսաստանը ստիպված անցավ հստակ գործողությունների։ Պուտինը վաղուց նշել էր իրենց կարմիր գծերը, որոնք չպետք է անցնեին: Այն թեզը, թե Ռուսաստանն այս պատերազմում չի հաղթի, սխալ է: Նախ՝ սկսենք նրանից, որ Ուկրաինան շինծու պետություն է: Իրական Ուկրաինայի իրական տարածքները նրանք են, որոնք 1654 թ. որոշմամբ միացան Ռուսաստանին, իսկ Ուկրաինայի տարածքների մեծ մասը 1922 թ. և 1945 թ. Ուկրաինային նվիրել են ԽՍՀՄ ղեկավարները, իսկ 1954 թ. Ղրիմը մեկ գիշերվա ընթացքում նվիրվեց Ուկրաինային: Հարց է առաջանում՝ այդ ի՞նչ ուկրաինական հողերի կամ ի՞նչ ուկրաինացի ազգի մասին է խոսքը: Սա Արևմուտքի ծրագրերից էր, որը, չգիտես՝ ինչու, ԽՍՀՄ իշխանությունները շարունակեցին»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ 40 միլիոնանոց երկրին ծնկի բերելը հեշտ գործ չէ, այն դեպքում, երբ այդ երկրի թիկունքում կանգնած է ամբողջ աշխարհը: Եթե Ռուսաստանը ցանկանար միանգամից գրավել Ուկրաինան, ապա պետք է ռմբակոծեր ուկրաինական բնակավայրերը այնպես, ինչպես անում էր Արևմուտքը, ինչպես անում են Ադրբեջանը, Թուրքիան: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի կռիվը ժողովրդի դեմ չէ, այլ ուկրաինական իշխանության: Եթե ռուսներն առաջնորդվեին նման մարտավարությամբ, ապա Ուկրաինան արդեն կապիտուլյացիայի ենթարկված կլիներ:
«Ռուսաստանն Ուկրաինայում գործում է վիրահատական մեթոդներով: Ես չեմ տեսել քաղաքների մասսայական ռմբակոծություն, իսկ Խարկովի դեպքերը փաստեցին, որ այդ հարվածը հասցվել է ուկրաինական դիրքերից: Ռուսները երբեք ուկրաինացիներին թշնամի չեն համարի, այնպես, ինչպես ադրբեջանցիները՝ հայերին: Կարծում եմ՝ Ռուսաստանը չէր սպասում նման մասշտաբի պատժամիջոցների: Ռուսաստանը պարտվում է Ուկրաինային միայն տեղեկատվական դաշտում»,- ասաց քաղաքագետը:
Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա: Ըստ Գ. Համբարյանի՝ այդ անդրադարձը կլինի երկու ուղղությամբ՝ տնտեսական և անվտանգության ոլորտներում:
«Տնտեսական ազդեցությունը ռուբլու արժեզրկումն է, ինչպես նաև ապրանքաշրջանառության նվազումը: Անվտանգային խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանը պարտվեց այս պատերազմում, ապա թուրքերը և ադրբեջանցիները Հայաստանին կուլ կտան: Մեր վայ հայրենասերները, որոնք ուրախանում են ուկրաինացիների «հաջողություններով», այդ «հաջողություններն» էլ արծրունյան մեթոդով արձանագրվում են սոցցանցերում, ինչքան կարող են անգրագետ լինել՝ չհասկանալով, որ չի կարող Զելենսկիի նման թերուսը, որն առաջիններից մեկը շնորհավորեց Ադրբեջանին Հայաստանին հաղթելու կապակցությամբ, որը պաշտոնապես առաջինը ռազմական օգնություն խնդրեց Թուրքիայից, լինել պրոհայկական: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ Արևմուտքը երբեք ՀՀ-ում իր դեմքով չի ներկայանալու: Վերջապես, հասարակությունը պետք է հասկանա, որ ՀՀ-ն ոչինչ չունի Արևմուտքին գայթակղելու համար: ՀՀ-ում Արևմուտքն իր քաղաքականությունը վարելու է թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով: Այդ նույն Արևմուտքը որտե՞ղ էր, երբ Արցախյան վերջին պատերազմին ադրբեջանցիները ցեղասպանում էին Արցախում դարերով բնակվող հայերին: Արևմուտքը ինչո՞ւ չի արձագանքում և Ադրբեջանի տարածք է ճանաչում Արցախը: Նույնն էլ՝ Ռուսաստանի պարագայում. հետաքրքիր է՝ եվրոպացիները որտեղի՞ց գիտեն, որ Ղրիմը ուկրաինական է, Եկատիրինա կայսրուհու կողմից կառուցված Օդեսա քաղա՞քն է ուկրաինական: Մեր հայությունը պետք է հասկանա, որ Ռուսաստանի պարտության դեպքում Հայաստանը վերջնականապես կկործանվի. եթե թուրքերը հիմա պատրաստ են դոլարային էքսպանսիայի միջոցով գրավել Հայաստանը, ապա Ռուսաստանի պարտության դեպքում՝ Հայաստանին կենթարկեցնեն իրենց: Այսօր աչքովս ընկավ մի հարցազրույց, որում Տիգրան Խզմալյան անվամբ մի անձ ասել էր, թե Թուրքիան չէր բերել սիրիացի վարձկաններ, դա Ադրբեջանն էր բերել, Թուրքիան ուղղակի օգնում էր: Լավ հետո՞, մարդ ինչպե՞ս կարող է լինել այս աստիճանի թուրքասեր, այս աստիճանի հակահայ»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը:
Լենա Կարապետյան