Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը գնալով մեծանում է, բայց հստակ չենք կարող ասել ռազմական բախումը կվերածվի՞ լայնածավալ պատերազմի, թե՞ ոչ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով արևմտյան մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանը պատրաստվում է փետրվարի 20-ին ներխուժել Ուկրաինա:
«Արևմտյան լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե, իբր, փետրվարի 20-ին Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, ավելի շատ մեդիա իրականությունն է, քան այն, ինչ իրականում կա: Այս պահի դրությամբ այնպես չէ, թե պատերազմը սկսվում է, բայց չենք կարող ասել՝ ռազմական բախման վտանգ չկա: Վտանգն այն է, որ Ուկրաինայի իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, ինչպես նաև մեծ է դրսի ազդեցությունը: Բայց որքան մեծ է պատերազմի սպասումը, սա էլ կարող է նպաստել, որ պատերազմ չլինի. Պուտինը չի սիրում անել այն, ինչ իրենից ակնկալում են: Բացառված չէ, որ ԱՄՆ-ը չի խառնվի այս լարվածությանը, ինչպես նաև չի բացառվում, որ հնարավոր ռազմական գործողության դեպքումԹուրքան մեր տարածաշրջանից կբացի երկրորդ ճակատ»,- ասաց Հրանտ Միքայելյանը:
Շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ Ադրբեջանն այս գարնանը կլարի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, կապ ունե՞ն Ռուսաստան-Արևմուտք լարվածության սրացման հետ: Քաղաքագետի կարծիքով՝ կա վտանգ, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա. Ադրբեջանը չի էլ թաքցնում իր հավակնությունները՝ ՀՀ-ից պոկել նոր տարածքներ:
«Ասել՝ պատերազմ կլինի գարնանը, չենք կարող: Կլինի լարվածություն սահմանին, ինչպես նաև՝ եթե այս իշխանությունները պատրաստվում են ամեն ինչ զիջել Ադրբեջանին, ապա Ադրբեջանը ավելի քիչ արդարացում կունենա պատերազմը սկսելու համար: Պատերազմի վտանգը կարող է լինել, երբ ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը կլրանա, հենց այդ ժամանակ պատերազմի վտանգը մեծ կլինի: Դրան դիմակայելու համար Հայաստանը պետք է պատրաստվի՝ ոազմական և դիվանագիտական տեսանկյուններից: Այսօր այս երկու ուղղություններով Հայաստանը չափազանց վատ է աշխատում»,- ասաց քաղաքագետը:
Ինչպիսի՞ դիրք կզբաղեցնեն Ռուսաստանը և Իրանը, եթե Ադրբեջանը փորձի հարձակվել Հայաստանի վրա. ըստ Հրանտ Միքայելյանի՝ դա կախված է այն քաղաքականությունից, որը կվարի Հայաստանը Ռուսաստանի և Իրանի ուղղությամբ:
«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են առաջ տանել իրեց հակահայ թեզերը: Իսկ ՀՀ-ն իր քաղաքականությունը սխալ ուղղությամբ է տանում: Ռուսաստանը և Իրանն այս տարածաշրջանում ունեն իրենց շահերը, բայց այդ շահերը Հայաստանի շահերի հետ փոխկապակցված չեն: Գաղտնիք չէ՝ այս իշխանությունների օրակարգն այլ է: Այս իրավիճակում ասել, թե Ռուսաստանը կամ Իրանը կմիջամտեն այն ձևաչափով, որը ձեռնտու է Հայաստանին, իրատեսական չէ: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա նրանք ասում են, որ, եթե Հայաստանը թշնամական քաղաքականություն չտաներ Թուրքիայի ուղղությամբ, Թուրքիան Հայաստանի նկատմամբ կլիներ բարեհամբույր. ստացվում է՝ ոչ թե Թուրքիան և Ադրբեջանն են մեղավոր, այլ Հայաստանը: Այս թեզն առաջ են տանում նաև Ն. Փաշինյանը, Լ. Տեր-Պետրոսյանը և այլք, բայց այս ամենը իրականությանը չի համապատասխանում: Պատերազմից հետո Թուրքիայում անցկացված սոցհարցումների արդյունքով՝ Հայաստանը Թուրքիայի թիվ մեկ թշնամին է: Որքան էլ Հայաստանը ուզի, չի դառնա Թուրքիային բարեկամ»,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը:
Լենա Կարապետյան