Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում գործող «Միասնական Հայրենիք» պրոիշխանական կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը իսկական սկանդալի մեջ է հայտնվել: Ղազախստանում ծնված-մեծացած հայտնի գործարարը մեղադրվում է խարդախության մեջ (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդված, 3-րդ կետ 1-ին մաս): Պարզվում է՝ նա անցնում է կնոջ՝ Նաիրա Տերտերյանի ավելի քան 10 միլիոն դոլար արժողության գույքին և 500.000.000 ՀՀ դրամ գումարին խարդախությամբ տիրանալու քրեական գործով:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Տերտերյանի կինը 2020թ. ապրիլին դիմել է Կենտրոնի ոստիկանություն ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսնու կողմից խարդախությամբ հափշտակելու կապակցությամբ: Քրեական գործի հարուցումը մերժվել է: Իսկ մայիսի 15- ին արդեն մերժման որոշումը վերացվել է, եւ նոր որոշում է ընդունվել՝ քրեական գործ հարուցել 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) եւ ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու։
Տեղեկության իսկությունը պարզելու եւ գործի ընթացքից մանրամասներ իմանալու համար Yerkir.am-ի թղթակիցը զրուցեց Նաիրա Տերտերյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ: Նա ոչ միայն հաստատեց, այլեւ նշեց, որ իշխանական շրջանակների հետ մտեմիկ հարաբերություններ ունենալու արդյունքում Մհեր Տերտերյանի կողմից խարդախություն կատաարելու եւ փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է՝ քանի որ նա ունի պաշտոնյա հովանավոր։ Փաստաբանը կարճման որոշումը ոչ միայն բողոքարկել է օրենսդրությամբ սահմանված կարգով, այլև վարույթն իրականացնող քննիչի և հսկող դատախազի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ իր դիմումին պատասխանել են գրությամբ, որն օրենսդրության կոպիտ խախտում է։
Ղազախստանի քաղաքացի հանդիսացող Մհեր Տերտերյանը, ըստ փաստաբանի, 2016 թ.-ին Ղազախստանից Հայաստան է գալիս, իսկ 2017-ի հունվարի 11-ից նշանակվում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական: Իշխանափոխությունից հետո լքում է քաղաքական ասպարեցը եւ չի հայտնվում մինչեւ 2020թ. օգոստոսը, երբ որոշում է կուսակցություն բացել:
Մհեր Տերտերյանը վարչապետի խորհրդական եղած ժամանակ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կնոջ անունով գնում է ավելի քան 400 հեկտար հողատարածք՝ չաշխատելով ոչ մի տեղ: Կնոջ անունով մի հողատարածք էլ գնում է Երեւանում՝ «Ծարավ աղբյուր» թաղամասում՝ տուն կառուցելու համար:
2019թ. մամուլում աղմուկ բարձրացավ, որ Վայոց ձորի Չիվա գյուղի մի խումբ բնակիչներ արդեն մեկ տարուց ավելի է՝ պայքարում են սեփական գյուղում անասունների արոտավայրի համար: Պարզվեց, որ նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանը 2017 թվականին մոտ 90 հա հողատարածք էր վաճառել Մհեր Տերտերյանին՝ իրականացնելով երկու կեղծ գործարք: Թվում էր, թե արդարության ջատագով փաշինյանական իշխանության գալուց հետո խաբեությամբ Տերտերյանին բաժին հասած՝ գյուղացիների արոտավայրերը պիտի վերադարձվեին, բայց իշխանության մեջ ամուր թիկունք ունենալու արդյունքում Տերտերյանը պլստաց իրավապահների ձեռքից: Այդ մասին ավելի մանրամասն կխոսենք ստորեւ:
Խարդախության զոհ դարձած Նաիրա Տերտերյանի փաստաբանը պատմում է, որ Մհեր Տերտերյանը մինչեւ կնոջից ամուսնալուծվելը որոշում է ունեզրկել նրան, ըստ փաստաբանի՝ ծեծում է, հայհոյում՝ ասելով, որ «եթե ես քեզ փաստաթուղթ եմ տալիս, չես կարող չստորագրել»: «Այսպես՝ ամբողջ գույքը, որի արժեքը առնվազն գնահատվում է 10 միլիոն դոլար, եւ դրամական միջոցները՝ 500 միլիոն դրամ, կնոջ հաշվից հափշտակում է: Հետագայում պարզվում է՝ կինը խարդախության զոհ է դարձել՝ ամուսինը գլխին սարքել է: Ոստիկանություն հաղորդում է տրվում խարդախության փաստով 2020թ. մայիսին: Քրեական գործի հարուցումից հետո Տերտերյանը մտնում է քաղաքական դաշտ եւ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կուսակցություն բացում»,-պատմեց փաստաբանը՝ հավելելով, որ նա թաքցնում է իր՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի լինելու փաստը: Թաքցնելով այս ամենը՝ Տերտերյանը փորձում է նոտարների, Վիզաների վարչության միջոցով քաղաքացիություն ստանալ՝ օրենքի ուժով, երբ մերժում է ստանում, դիմում է դատարան:
«Արդեն դատարան դիմելու ժամանակ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակն էր: Որպեսզի դրանց մասնակցի, արագ կուսակցություն է բացում: Ես հաղորդում եմ տալիս, որ նա կեղծ փաստաթղթերով է կուսակցություն բացել: Ներկա պահին գործը դատարանում է: Երբ Փաշինյանը նրա հետ սկսեց հանդիպել՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավարի, գրեցի վարչապետին գրություններ՝ Տերտերյանի ով լինելու մասին՝ խնդրելով հանձնարարել ԱԱԾ-ին եւ Դատախազությանը՝ նրա գործերին ընթացք տալ, ինչն այդպես էլ չկատարվեց»,-մանրամասնեց Նաիրա Տերտերյանի փաստաբանը:
Ըստ Հակոբ Ճարոյանի՝ Մհեր Տերտերյանը դեռեւս 2018թ.-ին է որոշել կնոջից ազատվել. հոկտեմբերի 11-ին փորձել է խեղդամահ անել կնոջը «Ամբերդ» հյուրանոցային համալիրում: «Այս առնչությամբ ոստիկանություն հաղորդում է ներկայացվում, ոստիկանությունը ամբողջ գիշեր պահում է նրան, բայց նյութեր չի նախապատրաստում, որովհետեւ կինը, որպեսզի ընտանիքը փրկի, հաղորդում չի տալիս: Ես եմ հաղորդում տալիս սպանության փորձի հետ կապված, որի առնչությամբ կրկին քրեական գործ չի հարուցվում: Այս անձը՝ որպես քաղաքական գործիչ, դուրս է մնացել իրավապահ մարմինների ուշադրությունից: Քրեական գործերը հարուցվեցին, մտավ քաղաքականություն: Նիկոլ Փաշինյանի հետ երկու-երեք հանդիպումներից հետո, չգիտես՝ ինչու, իրավապահ մարմինները դադարեցրել են գործերի ընթացքը»,-ընդգծեց նա:
Yerkir.am-ը փորձեց իմանալ, թե ո՞ր ՔՊ-ականի տանիքի ներքո է գործում Տերտերյանը, որ հաջողեցրել է դուրս պրծնել իրավապահ համակարգի ձեռքից: Պարզվեց՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի մտերիմն է: Ծանոթացել են այն ժամանակ, երբ Սարգսյանը Վայոց ձորի մարզպետն էր, եւ ըստ ամենայնի՝ մինչ օրս շարունակում են մտերմիկ հարաբերությունները: Դե արդեն պարզ է, թե ինչը կարող է կապել միլիոնատիրոջը Տրդատ Սարգսյանի հետ: Ավելին՝ Տրդատ Սարգսյանը երբեմն-երբեմն վարում է Տերտերյանի ավտոմեքենան: Ընդգծենք՝ Տերտերյանն ապօրինաբար տիրացել է Արենիի հողատարածքներին, արոտավայրերին, զրկել համագյուղացիներին արոտավայրերից, իսկ նախկին մարզպետը մատը մատին չի տվել: Օգտվելով իշխանական լծակների բարիքներից՝ փաստորեն, Տերտերյանը խուսափել է քրեական պատասխանատվությունից:
Շարունակելի…
Լիանա Սարգսյան