կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-15 14:11
Քաղաքական

Ուղտը չոքեց ղազախների դռանը

Ուղտը չոքեց ղազախների դռանը

Հերթը հասավ Ղազախստանին: Այն, ինչը վաղուց սպասվում էր, սկսվեց անսպասելիորեն, ինչպես առաջին ձյունը: Սակայն ակնհայտ էր, որ ամբոխի գործողությունները նախապատրաստված ու կազմակերպված էին: Դրանց համար ազդանշան դարձավ Նոր տարվա նախօրեին մեքենաների լիցքավորման գազի գնի բարձրացումը: «Խեղճ» ղազախները, տոնական սեղանները թողած, դուրս եկան «տարերային» բողոքի: Ստատիստի դերում հանդես եկող բազմահազարանոց քաղքենիությունը բողոքում էր կոռուպցիայի, սոցիալական անարդարության դեմ, անպատվում Նազարբաևին և նրա ընտանիքի անդամներին, նրա բարձրաստիճան կողմնակիցներին երկիրը թալանելու համար, պահանջում ժողովրդավարական բարենորոգումներ և նման դեպքերում ընդունված այլ կարգավորումներ: Այդ պայմաններում ընդամենը մեկ օր անց հայտնվեցին հարյուրավոր փոքրիկ ջոկատներ՝ հնգյակներ, որոնք իրար մեջ էին բաժանել հարձակման թիրախները և գործում էին կազմակերպված: Նրանք հարձակվում էին ռազմավարական նշանակության օբյեկտների, քաղաքապետարանների, ոստիկանության, ազգային անվտանգության և այլ պետական հիմնարկների, ԶԼՄ-ների գրասենյակների վրա։ Զինաթափ էին անում ոստիկաններին, ծեծում կամ սպանում նրանց: Իսկ քաղաքային խուժանը նույնքան կազմակերպված թալանում էր խանութները և բանկերը:

Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բավական արագ գնահատեց ստեղծված իրավիճակը և հայտարարեց, որ տեղի ունեցողը պետական հեղաշրջման լավ նախապատրաստված փորձ է: Դրան, ըստ Տոկաևի, մասնակցում էին ահաբեկիչներ, այդ թվում՝ արտասահմանից, որոնց հիմնական հարվածն ուղղված էր Ալմա-Աթիին, որի գրավումը ճանապարհ կբացեր ողջ երկրի գրավման համար: Հունվարի 5-ին նախ երկրի արևմտյան և հարավային շրջաններում, ապա ողջ տարածքում Տոկաևը արտակարգ դրություն հայտարարեց, անհապաղ լուծարեց կառավարությունը և պաշտոնից հեռացրեց Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ն. Նազարբաևին՝ իր ձեռքը վերցնելով վերջինիս պաշտոնը: Նա նաև հայտարարեց, որ գործելու է առավելագույնս կոշտ: (Այստեղ տեղին կլիներ Ղազախստանի նախագահի վճռական քայլերը համեմատել 2014 թ. Ուկրաինայի և 2018 թ. Հայաստանի ղեկավարների՝ փողոցային խուժանի նկատմամբ թավշյա վերաբերմունքի հետ, բայց այդ թեման կարոտ է առանձին անդրադարձի): Չնայած երկրի ունեցած ուժային հնարավորություններին (60-հազարանոց բանակ և ավելի մեծաթիվ լավ պատրաստված ոստիկանական ուժեր)՝ թե՛ բանակային, թե՛ ոստիկանական և թե՛ անվտանգության ծառայության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ կասկածելի կրավորականություն դրսևորեցին ռազմավարական օբյեկտների պաշտպանության և կարգուկանոնի վերահաստատման գործում: Հասկանալով, որ չի կարող ամբողջությամբ վստահել նրանց, նախագահը դիմեց ՀԱՊԿ-ի օգնությանը: ՀԱՊԿ զորքերի (2300 զինվոր) արագ ժամանումը և անմիջապես օպերատիվ գործողությունների անցնելը սթափեցրին տատանվողներին և հնարավորություն տվեցին Տոկաևին գործելու ավելի վստահ ու վճռական և մեկ շաբաթում կարգավորելու իրավիճակը: Որքան ժամանակ դժվար է ասել:

Գնահատելով իրավիճակը, նշելով, որ Ղազախստանն ապրեց իր անկախության 30 տարիների ամենածանր ճգնաժամը, Տոկաևը, սակայն, չանդրադարձավ այդ ճգնաժամի իրական պատճառներին, ներքին ու արտաքին կազմակերպիչներին և նրանց հետապնդած նպատակներին, անպատասխան թողեց մի շարք հարցեր, որոնց պատասխանները լույս կսփռեին տեղի ունեցածի վրա: Չանդրադառնալ, սակայն, չի նշանակում անտեղյակ լինել կամ չիմանալ այդ հարցերի պատասխանները: Նա չի շտապում դա անելու՝ չբարդացնելու համար հետագայում տարբեր քաղաքական ուժերի հետ իր հարաբերությունները թե՛ ներքաղաքական դաշտում, թե՛ արտաքին ոլորտում: Դա, սակայն, վերլուծական շրջանակներում ծնում է իրարամերժ մեկնաբանություններ. մի կողմից ասվում է, թե տեղի ունեցածը երկու նախագահների կազմակերպած խաղն է՝ քաղաքական դաշտը վերադասավորելու նպատակով, մյուս կողմից, որ Տոկաևը օգտագործեց այս ամենը Նազարբաևին և նրա մերձավորներին խաղից դուրս մղելու և իր իշխանությունն ամրապնդելու նպատակով: Մի կողմից ենթադրում են, թե այս ճգնաժամը ծրագրված էր ՌԴ-ի և Չինաստանի կողմից՝ ջրի երես հանելու արևմտամետ ընդդիմությանը և չեզոքացնելու նրան, իսկ մյուս կողմից, որ սա Արևմուտքի փորձն էր՝ օգտագործելով ազգայնական և հակառուսական ու հակաչինական ուժերին դուրս բերելու Ղազախստանը նրանց ազդեցության ոլորտից: Վարկածները բազմաթիվ են, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր փաստարկներն ու հիմնավորումները:

Լինելով անկախ Ղազախստանի կերտման ճարտարապետ Ն. Նազարբաևի հավատարիմ գաղափարակիցը և աշխատելով նրա հետ անկախության առաջին օրերից՝ Տոկաևը (ի դեպ, երկուսն էլ պաշտպանում են ավագ ժուզին) քաջատեղյակ է այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունեցել Ղազախստանում, ճանաչում է քաղաքական, տնտեսական և ուժային բարձրագույն էլիտայի բոլոր ներկայացուցիչներին, գիտի նրանց ով և ինչ լինելը: Մի խոսքով՝ քաջածանոթ է երկրի ներքին դրությանը: Ինչ վերաբերում է երկրի արտաքին հարաբերություններին նրա տեղեկացվածությանը, ապա բավական է ասել, որ, լինելով խորհրդային դիվանագետ, անկախացումից հետո նա իր կարիերան սկսել է որպես Ղազախստանի փոխարտգործնախարար 1992 թ., 1994 թ. նշանակվել է նախարար, 2011 թ․՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ։ 2001 թ․ ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի կոչում։

Փորձենք ինքներս գտնել մեզ հուզող հարցերի պատասխանները: Դրա համար վերադառնանք ղազախ ժողովրդի հայր հռչակված Ն. Նազարբաևին, որը, ինչպես վերը նշեցինք, կերտել է Ղազախստանի Հանրապետությունը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ղազախստանի Խորհրդային Հանրապետության ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը դարձավ հսկայական տարածքով՝ 2,7 մլն ք/կմ, 17 մլն բնակչությամբ, օգտակար հանածոների պաշարներով հարուստ անկախ պետության նախագահ: Սակայն 12 հազար կմ երկարությամբ պետական սահմաններով, հարուստ պաշարներով պետության տարածքը, անկախությունն ու ինքնիշխանությունը պետք էր պաշտպանել հարևաններից և մանավանդ խոշոր տերություններից՝ Ռուսաստանից, Չինաստանից և ԱՄՆ-ից:

Ղազախները կազմում էին իրենց նորանկախ պետության բնակչության 47-49 տոկոսը միայն: Բացի այդ՝ ռուսները (1970-ական թթ․ նրանք թվաքանակով գերազանցում էին ղազախներին), ուկրաինացիները, գերմանացիները, հրեաները առավել կրթված, հմուտ ու բանիմաց մասնագետներ էին և ապահովում էին կադրային կազմը բոլոր բնագավառներում, զբաղեցնում բարձր պաշտոններ: Այս ազգերի ներկայացուցիչներն էին հիմնականում կառուցել ու ղեկավարում սոցիալիստական Ղազախստանը: Անկախանալու պահին բնակչության ընդամենը կեսը կազմող ղազախները պետք է վերցնեին նրանց ձեռքից այդ պետականությունը և տիրեին դրան: Ղազախական էլիտան մտադիր չէր նրանց հետ կիսել երկրի իշխանությունն ու հարստությունը: Իսկ դրան հասնելու միակ ճանապարհը ազգային գաղափարն էր: Սակայն ղազախ ժողովուրդը կազմված էր երեք տարբեր ժուզերից՝ հորդաներից, որոնք մինչև 20-րդ դարի սկզբները տարբեր ծագում, ավանդույթներ և մտածելակերպ ունեցող քոչվոր ցեղախմբեր էին: Նրանցից մեկն իր ծագումը կապում էր Չինգիզ խանի մոնղոլների, մյուսը՝ թուրքերի, իսկ երրորդը՝ արաբների հետ: Այդ հորդաները տարբերվում էին նաև իրենց գործառույթներով․ մեկը իշխում էր, մյուսը անասուն էր արածեցնում, իսկ երրորդը զինվորական էր: Ի դեպ, «ղազախ» ինքնանվանումը նշանակում է «քոչվոր»: Միավորել այդ հորդաների ժառանգներին մեկ ազգային գաղափարախոսությամբ, նույնականացնել որպես ժողովուրդ, մեղմ ասած, դժվար էր: Ռուսաստանի կայսրությունում նրանց ղրղզներ էին անվանում, իսկ 1920-ական թթ․ այդ տարածքում ձևավորվեց ղրղզական խորհրդային ինքնավար հանրապետություն՝ ներառված Խորհրդային Ռուսաստանի կազմում: Եվ միայն 1936 թ. ձևավորվեց Ղազախստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ կազմում: Նշենք նաև, որ դեռ 16-րդ դարից ընթացող պայքարն այդ երեք ժուզերի՝ հորդաների միջև երբեք չի դադարել: Նույնիսկ խորհրդային տարիներին ստիպված էին հաշվի առնել նրանցից յուրաքանչյուրի շահերը:

Այս հպանցիկ պատմական էքսկուրսը նրա համար էր, որ հասկանալի դառնան Ն. Նազարբաևի և նրա գործընկերների, այդ թվում՝ Տոկաևի առաջ ծառացած խնդիրները ճակատագրի բերումով, ճիշտ կլինի ասել, հասարակական-սոցիալական փորձարարությունների մեծ սիրահարներ բոլշևիկների կամքով ստեղծված այդ հսկա պետության պահպանման ու զարգացման գործում:

Նախ և առաջ պետք էր կարգավորել հարաբերությունները երեք հորդաների միջև, որոնցից ամեն մեկն իր բաժինն էր պահանջում, հավասարակշռել նրանց շահերը: Պետք էր բաժանել ազգային սեփականությունը և երկրի կառավարման լծակները նրանց միջև այնպես, որ ոչ միայն բավարարեին նրանց ցեղային ինքնասիրությունը, այլև ներգրավեին նրանց միասնական պետականության կառուցման գործընթացում, ինչպես ասում էր Նազարբաևը, անհրաժեշտ էր «ինտեգրել էթնոսոցիալական խմբերը համաղազախստանյան սոցիումի մեջ», ասել կուզե՝ ազգ ձևավորել:

Այս գործընթացը հանգեցրեց ղեկավարության կողմից որոշակիորեն խրախուսվող ազգայնական տրամադրությունների, այլազգի քաղաքացիների նկատմամբ անհանդուրժողականության մեծացման, ինչի հետևանքով հարյուրհազարավոր ռուսներ, գերմանացիներ և այլք արտագաղթեցին երկրից: Ղազախ բնակչության տոկոսային հարաբերակցությունը սկսեց աճել: Բայց այդ արտագաղթի հետևանքով երկիրը զրկվեց որակյալ կադրերից: Նավթի ու գազի արդյունահանման, տնտեսության զարգացման համար մասնագետներ էին պետք: Եվ 1993 թվականից Նազարբաևը հարյուրավոր երիտասարդների, մրցութային կարգով, պետության հաշվին ուղարկում է արտասահման՝ սովորելու, և իր կառավարման ընթացքում հասցնում 15 հազար մասնագետներ պատրաստել: Այդ երիտասարդները, մեծ ասամբ կրթություն ստանալով արևմտյան համալսարաններում, վերադառնում էին ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև գաղափարաքաղաքական նոր հայացքներով և հավակնություններով: Նրանք համալրեցին հիմնականում ազգայնականների շարքերը, լավ տիրապետում են օտար լեզուների, բայց չեն կարող ղազախերենով որևէ մասնագիտական թեմայով որևէ հոդված գրել կամ ելույթ ունենալ: Ղազախերենը այդ հնարավորությունը չի տալիս: Շեքսպիր կամ Էյնշտեյն, Դեկարտ կամ Չերչիլ ղազախերեն չես թարգմանի: «Համաղազախական սոցիում» ձևավորելու համար շատ կարևոր է սեփական լեզվի զարգացումը, առանց որի՝ ազգային ինքնագիտակցություն չես ձևավորի: Խորհրդային տարիներից առ այսօր գիտական, քաղաքական, վարչական, տնտեսվարման լեզուն ռուսերենն է: Փոխարինելով այն անգլերենով՝ այդ հարցը չես լուծի: Պետությունը ջանք ու միջոցներ չի խնայում այս հարցում ևս։ Ղազախ գիտնականներին հանձնարարված է եռանդուն աշխատանք տանել այդ ուղղությամբ, ղազախերենով ուսուցումը դարձնել գերակա, կիրիլիկ այբուբենը փոխարինել լատիներենով (ըստ երևույթին՝ թուրքական տարբերակով):

Կարևոր խնդիրներից էր նորանկախ պետության, հասարակության կառավարումը: Խորհրդային համակարգն իր կոշտ վարչարարությամբ փլուզվել էր: Ժողովրդավարական բարեփոխումները, որ արագ ընթանում էին ԽՍՀՄ եվրոպական մասի նախկին հանրապետություններում, չէին ընկալվում դեռևս պահպանվող հորդաների կողմից, օտար էին նրանց ավանդույթներին ու բարքերին: Երեք ժուսերի ներկայացուցիչներից կազմված իշխանական վերնախավում չկար միասնություն և փոխադարձ վստահություն: Հասարակությանը հսկելու և կառավարելու միակ միջոցը ռազմականացված գերատեսչության, այսինքն՝ ոստիկանական ուժեղ համակարգի ստեղծումն էր: Առանց դրա՝ Ղազախստանը, ինչպես և գրեթե նույն խնդիրներն ունեցող միջինասիական մյուս հանրապետությունները, կգլորվեր քաղաքացիական տևական պատերազմի գիրկը: Հունվարյան իրադարձությունները հաստատեցին դա: Չնայած Նազարբաևի կողմից մի շարք ռեֆորմների, սահմանադրական փոփոխությունների իրականացմանը և հասարակության ժողովրդավարացման վեհերոտ փորձերին՝ ոստիկանապետությունը դեռևս մնում է իշխանության միակ հենարանը: Իզուր չէ, որ Ղազախստանը ոստիկանապետության համբավ ունի:

Ինչ վերաբերում է տնտեսական զարգացմանը, ապա կարճ ասենք, որ Նազարբաևի նախագահության ընթացքում Ղազախստանի ՀՆԱ-ն աճել է 15 անգամ, աղքատությունը՝ կրճատվել 10 անգամ, միջին աշխատավարձը կազմել է 600, իսկ թոշակի միջին չափը՝ 220 ԱՄՆ դոլար: Սրանք նախկին խորհրդային հանրապետությունների համար տպավորիչ ցուցանիշներ են: Սակայն եթե այս ցուցանիշները կրկնակի բարձր լինեին, դա չէր նշանակի, թե ամբոխը Նազարբաևին և իշխանություններին չէր մեղադրի կոռուպցիայի ու թալանի մեջ և դուրս չէր գա բողոքի:

Այսպիսով՝ կարող ենք առանձնացնել Ղազախստանի հետևյալ խոցելի բնութագրական կողմերը, որոնք կարող են թիրախ դառնալ ներքին և արտաքին հարձակումների համար․

– հասարակության բաժանվածությունը երեք հիմնական ցեղախմբերի և նրանց միջև մրցակցությունը՝ երկրի սեփականությանը տիրելու և իշխանական համակարգում որոշիչ դիրքեր գրավելու համար,
– հակասությունները իշխող դասակարգի ներսում և դրանք հարթելու քաղաքական և իրավական մեխանիզմների բացակայությունը,
– քաղաքական համակարգի սաղմնային վիճակը և հասարակության կառավարումը հիմնականում ուժային միջոցներով,
– արտաքին հարաբերություններում քաղաքական վերնախավի՝ տարբեր կողմնորոշումներ ունեցող առանձին գործիչների և նրանց հետևող էթնոսոցիալական խմբերի ծայրահեղ անհանդուրժողականությունը «միմյանց նկատմամբ»:

Նշված հանգամանքները վկայում են այն մասին, որ ղազախական պետականության կմախքը պահող հիմնական հանգույցները չափազանց թույլ են, և ներքաղաքական ցնցումներից այն կարող է փլուզվել ու տեղիք տալ արյունալի բախումների: Հունվարյան պետական հեղաշրջման փորձը ցույց տվեց, որ եթե Կ․ Տոկաևը այդ հանգույցները չամրացներ ՀԱՊԿ խաղաղապահների օգնությամբ, քաղաքացիական պատերազմն անխուսափելի կլիներ:

Այժմ անդրադառնանք ղազախական իրադարձությունների արտաքին կողմին:

Նազարբաևը, լավ գիտակցելով երկրի առջև ծառացած այս խնդիրներն ու մարտահրավերները, ի սկզբանե հայտարարեց, որ վարելու է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, և դա միակ ճանապարհն է՝ չեզոքացնելու կամ գոնե մեղմելու Ղազախստանում իրենց շահերը հետապնդող խոշոր տերությունների ճնշումը։

Փոքր-ինչ անդրադառնանք այդ քաղաքականության որոշ յուրահատկությունների: Նազարբաևի բազմավեկտորությունն արևելյան երանգ ունի: Դեռ խորհրդային տարիներից նա լավ հասկացել էր, որ իշխանությունը պահելու, երեք ժուզերի միջև, ինչպես և Կրեմլի հետ հարաբերությունները կարգավորելու համար պետք էր բավարարել նրանցից յուրաքանչյուրի պահանջները: Պարզ ասած՝ նրա սկզբունքը հետևյալն էր՝ ամեն մեկին մի բան տո՛ւր, որ չհավակնեն ամբողջին, և որպեսզի քեզ չթելադրեն, ինքդ բաժանի՛ր ու որոշի՛ր խաղի կանոնները: Եվ, որ ամենակարևորն է, այդպիսի վարքագծով կարելի է դառնալ ընդունելի բոլոր կողմերի համար, ապահովել սեփական կարիերան և պահել իշխանությունը: Բազմավեկտորությունը դարձել էր նրա մտածելակերպի առանցքը, նրա՝ որպես քաղաքական գործչի հիմնական հատկանիշը: Նույնիսկ մարդկանց հետ հարաբերություններում նա բազմավեկտոր էր:

Այդպիսին էր նաև Նազարբաևի արտաքին քաղաքականությունը: Այն հավասարակշռում է երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր խոշոր տերության հետ՝ բավարարելով յուրաքանչյուրի սպասելի պահանջներից որևէ մեկը՝ առանց հաշվի առնելու ՂՀ-ի նկատմամբ նրանց հարաբերությունների հավասարակշռությունը: Այսպես, հրապուրելով ռուսներին եվրասիականության գաղափարով, պետք էր հաշվի առնել ԱՄՆ-ի և Չինաստանի տեսակետները դրա վերաբերյալ: Նա ձեռնամուխ եղավ «մետաքսի ճանապարհի» վերականգնման չինական նախագծի իրականացմանը, և դա լարվածություն առաջացրեց ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, որոնք դուրս էին մնում այդ ճանապարհից: Նազարբաևը ոգեշնչվում էր Էրդողանի՝ թուրքական աշխարհի ընդլայնման գաղափարներով, ակտիվ դերակատար էր Թուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ)՝ այդպիսով մտահոգության տեղիք տալով Արևմուտքին ու ռուսներին և զայրացնելով Չինաստանին ու Իրանին: Սակայն Նազարբաևի բազմավեկտորությունը այդ տերությունները հանդուրժում էին և երբեմն նույնիսկ խրախուսում, մինչև պատրաստ կլինեին իրականացնելու իրենց մտադրությունները Կենտրոնական Ասիայում: Նրանք ժամանակ էին շահում:

Բայց ԱՄՆ-ի զորքերի՝ Աֆղանստանից դուրս գալուց հետո պարզ դարձավ, որ այդ ժամանակը սպառվել է: «Դրօշակ»-ի 2021 թ․ 9-րդ համարում անդրադառնալով այդ իրադարձությանը՝ նշել էինք, որ Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերումը ոչ թե փախուստ էր, այլ լավ հաշվարկված մարտավարական քայլ: Դրա նպատակն էր Աֆղանստանը դարձնել իսլամական ահաբեկիչների բազա՝ իրենց իսկ թողած զենք ու զինամթերքի հսկայական պաշարներով, որոնք ցանկացած պահի կարող էին օգտագործվել տարածաշրջանի երկրներում իրավիճակն ապակայունացնելու համար: Իսկ ռազմավարական նպատակն էր Ռուսաստանի շուրջ Բալթիկից մինչև Կասպից ծով ապակայունացման գոտին շարունակել ողջ Կենտրոնական Ասիայով: Այդ գոտին կընդգրկի նաև Չինաստանի արևմուտքը և Իրանի արևելքը: Ուստի կասկած չկա, թե ով էր կանգնած Ղազախստանում հունվարյան իրադարձությունների կազմակերպիչների ետևում: Կասկած չի հարուցում նաև այն, որ ՌԴ-ի և ՉԺՀ-ի համար ռազմաքաղաքական ու տնտեսական առումով բացարձակապես ձեռնտու չէ այդ երկրի ապակայունացումը:

Վերլուծելով ղազախստանյան էլիտայի՝ տարբեր կողմնորոշումներ ունեցող հատվածների վարքագիծը այդ օրերին՝ Կ. Տոկաևը իհարկե պարզել է, թե որտեղից է փչում քամին: Վստահ կարելի է ասել, որ Տոկաևի նման փորձառու քաղաքագետը ոչ միայն պարզել է դա, այլև վաղուց կանխատեսել էր: Այս հարցում կասկածներ չունի նաև թուրքական հետախուզությունը, որի գործակալական լայն ցանցը Ուկրաինայում տեղեկացրեց, որ ղազախական ընդդիմությունը Ուկրաինայում շտաբ է հիմնել և կազմակերպում է իսլամիստական քաղաքական խմբավորումների թափանցումը երկիր հարավից, ակտիվացրել է Արևմուտքի միջոցներով գործող որոշ կառույցների, որոնք Ղազախստանում պետք է կազմակերպեն «գունավոր հեղաշրջում»: Թուրքիան, որը հավակնում էր ԹՊԿ-ի միջոցով իր խաղի կանոնները հաստատելու Կենտրոնական Ասիայում, խաղից դուրս մնաց ու ծանր է տանում ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի՝ խաղի մեջ մտնելը: Սակայն Թուրքիան հույս ունի, որ իրավիճակն ամբողջությամբ դեռ չի կարգավորվել, և կարող են նոր բռնկումներ լինել, այդ թվում նաև՝ հարևան թյուրքական հանրապետություններում: Եվ այդ հույսերը անհիմն չեն: Թյուրքական հանրապետությունների սահմաններին կուտակված են «Իսլամական պետության» մոտ 6 հազար գրոհայիններ, օր օրի ծանրանում է դրությունը Տաջիկստանի սահմաններին, մասնավորապես՝ աֆղանստանյան հատվածում: Այսինքն՝ սկսվում է ռազմաքաղաքական շարունակական ճնշումը Ռուսաստանի վրա նաև հարավից: ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ Վ. Պուտինը նշեց, որ իրենք հասկանում են, որ հունվարյան իրադարձությունները Ղազախստանում տակավին վերջին փորձը չեն՝ ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանի երկրներում, և կազմակերպությունը (այսինքն՝ ՌԴ-ն) թույլ չի տա գունավոր հեղափոխություններ իրականացնել իրենց երկրներում: Այս վերջին կոշտ հայտարարությունը նշանակում է, որ նա քաջատեղյակ է, թե ով և ինչ նպատակներով է ապակայունացնում տարածաշրջանը:

Իսկ մեզ համար պարզ է դառնում, որ լարվածությունը Կենտրոնական Ասիայում հիմնական խաղացողների միջև գնալով սրվելու է:

Այնպես որ Նազարբաևի հետ ղազախական քաղաքական թատերաբեմից հեռանում է նաև բազմավեկտորությունը: Հիրավի, հունվարյան իրադարձությունները փորձություն էին Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համար, ահազանգ, որ եկել է ժամանակը՝ որոշելու, թե բազմաթիվ ուղղություններից որն է ընտրելու Ղազախստանը: Շուտով միջազգային այս կամ այն հարցերի վերաբերյալ նրա հայտարարություններից, քաղաքական շփումներից պարզ կդառնա, թե ուր է գնալու Ղազախստանը:

Վարդան Հակոբյան

«Դրօշակ» թիվ 2 (1663), փետրվար 2022 թ.