Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրենց պատճառաբանությունները կապված են բնապահպանական ինչ-որ հարցերի հետ, բայց իհարկե մեզ համար հասկանալի է, որ պարզապես նպատակը մեկն է` ճնշումներ գործադրել արցախահայության վրա հոգեբանական տարբեր միջոցներով, որպեսզի մեր ժողովրդի համար անտանելի պայմաններ ստեղծվի, որ չապրեն իրնց հայրենիքում, դա է հիմանական նպատակը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բերձորի միջանցքում ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանքին ասաց Արցախի ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
Անդրադառնալով տեղեկատվություններին, որ թշնամին Լաչինի միջանցքում անցակետեր է տեղադրելու, որտեղ հատուկ սարքերի միջոցով տեսնելու է մեքենաների մեջ գտնվող իրերը, պատգամավորը պատասխանեց․
«Դա էլ իմ ասածի շարունակությունն է, ամեն կերպ ստեղծում են ժողովրդի համար անհարմար իրավիճակ։ Կա այդպիսի խոսակցություն, որ պետք է ինչ-որ սարքեր տեղադրվեն, որոնք կոչվում են սքաներներ, որոնք պետք է նկարեն, թե ինչ են տեղափոխում բեռնատար մեքենաները։ Բայց կրկին ասում եմ, որ այդ ամենի հիմքում դրված է այն, որ հնարավորինս անհարմար իրավիճակներ ստեղծեն ժողովրդի համար»,- նշեց պատգամավորը։
Ընդդիմադիրը գործիչը նշում է, որ Արցախում իրենց եղած հնարավորությունների չափով փորձ է արվում այդ հարցերի լուծումներն ապահովել և հնարավորինս պաշտպանել ժողովրդի շահը․ «Հարցն այն է, որ մեր դրսի հետ կապը հենց Լաչինի միջանցքով է իրականացվում, և փակելու պարագայում հասկանալի է, որ Արցախը կմնա շրջափակման մեջ։ Խոսքը նրա մասին է, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ թե՛ խաղաղապահ ուժերի, թե՛ այլ ուժերի, բոլոր շահագրգիռ կողմերի, որպեսզի միջանցքը շարունակի գործել, որովհետև դա հումանիտար միջանցք է, և ծառայում է, որպեսզի հնարավորություններ ստեղծվի, որ ժողովուրդը ապրի իր հայրենիքում»։
Հարցին արդյո՞ք թշնամին կրկին սադրանքների կգնա Լաչինի միջանցքում, պատգամավորը կարծում է, որ՝ այո․
«Ցավոք, իմ կարծիքով, դրանք վերջ չեն ունենա, որովհետև հայության նկատմամբ թշնամանքը այնքան մեծ է, որ ամեն օր ինչ-որ բանի ենք սպասում։ Ինչպես ասում են, իրենց իրավասության տակ գտնված բոլոր միջոցներով փորձելու են անընդհատ ճնշումներ գործադրել ժողովրդի վրա։ Ընդհանրապես վերջին շրջանում լարված է եղել մինչև այդ դեպքը, շատ սադրանքների են դիմում գյուղատնտեսական աշխատանքները խափանելու նպատակով , Արցախի տարբեր հատվածներում՝ սահմանամերձ բնակավայրերի վրա կրակելով, այգիների վրա կրակելով։ Վերջին շրջանում այդ ուղղությամբ ակտիվացել են և, ցավոք սրտի, դա ոչ առաջինն է, ոչ էլ՝ վերջինը։ Որովհետև նպատակը հասկանալի է»,- ասաց նա։
ՀՅԴ-ական գործիչն ասում է՝ չնայած սադրանքներին ժողովուրդը մաքառում է, և փորձում է հաղթահարել այդ դժվարությունները՝ փորձելով շարունակել իր հողին տիրություն անել, իր բոլոր ռեսուրսներով, ապրելով իր հայրենիքում։ Մարդիկ այդպես են տրամադրված։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության, ըստ որի Արցախում նման սադրանքներ է լինում Վահրամ Բալայանը նշեց․ «ՀՀ իշխանությունների փափուկ վերաբերմունքը, կամ ընդհանրապես անտարբեր վերաբերմունքը Արցախի նկատմամբ, ինչ-որ չափով ոգևորում է հակառակորդին՝ նոր սադրանքների դիմելու հարցով, և իրավիճակը միշտ լարված պահելու համար»։
Պատգամավորը կարծում է, որ այս ամենը մի օր էլ կանգնելու է ՀՀ քաղաքացու դռանը և այս ամենը կանխելու համար կա մեկ ճանապարհ՝ մարդ պետք է իր ազատությունը, անկախությունը, բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով պաշտպանի։ Իշխանության մոտեցումն էլ դրան պետք է նպատակաուղղված լինի․
«Պատերազմից հետո անընդհատ շրջանառության մեջ էր դրվում, որ Արցախը բեռ է ՀՀ քաղաքացիների համար, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չէ 2 առումներով՝ թե տնտեսական, թե անվտանգային, որովհետև վերջիվերջո Արցախը տնտեսական միավոր է, որը նպաստում էր Հայաստանի տնտեսական աճին, սոցիալական հարցերի լուծմանը, և այլն, իսկ մյուս կողմից էլ նաև ամենակարևոր անվտանգային համակարգն է։ Այդ բեռը դրված էր Արցախի Հանրապետության վրա, այսինքն թշնամին հիմա կանգնած է ՀՀ քաղաքացու դռանը»։
Լ.Ա.