կարևոր
9622 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-08 10:43
Հասարակություն

Երբ ուղտը չոքում է դռանը. Ագրարայինի դեկանը մեղադրում է իշխանությունների՞ն

Երբ ուղտը չոքում է դռանը. Ագրարայինի դեկանը մեղադրում է իշխանությունների՞ն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Yerkir.am«Թիրախում ագրարայինի անասնաբուժական ֆակուլտետն է» վերտառությամբ հրապարակումն ու գրել.

«Հրավիրում եմ բոլոր սրտացավ, Հայաստանի ապագայի մասին մտածող, կրթության դերը գնահատող, պարենային անվտանգության հարցերով մտահոգ և վերջապես բոլոր այն մարդկանց ուշադրությունը, որոնք կարևորում են գյուղատնտեսության՝ հատկապես անասնաբուժության դերը, նշանակությունը և կարևորությունը մեր հանրապետության տնտեսության զարգացման հեռանկարում։

Ֆակուլտետը Հայաստանում հանդիսանում է տնտեսա-ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտության միակ կրթօջախը։ Եվ հետևարաբար ֆակուլտետի փակվելը՝ նույնիսկ կրթական ծրագիրը պահպանելով այլ բնագավառում, կբերի ապագայում ՀՀ տնտեսական զարգացման ճանապարհաքարտեզի լուրջ շեղումների։ Մինչև անգամ Հայաստանում սննդամթերքի անվտանգության պատշաճ մակարդակի և անհրաժեշտ արտադրաքանակի բացակայության։ Կպահանջվի մեծ պետական ռեսուրսի ծախսում այլընտրանքային լուծումների՝ դրսից մասնագետների ներգրավման համար, այն ինչ դրանից կարելի է խուսափել ներքին ուժերով։

Ֆակուլտետի բացակայության պատճառով կխզվեն շատ կապեր միջազգային ընկերությունների հետ, մասնագիտության հեղինակությունը և համբավը կընկնի միջազգային հարթակում։ Դրսից մասնագետների և հավելյալ ռեսուրսների ներգրավումը կմոտենա անհնարինին, պայմանավորված ֆակուլտետի փակման փաստով։ Մինչդեռ, լինելով առանձին միավոր-ֆակուլտետ, հնարավոր է խուսափել այդ ամենից։

Որպես պատճառ՝ նշվում է ՀԱԱՀ-ի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների քիչ քանակը։ Նախ, չենք կարող կանխորոշել թե հաջորդ տարի քանի դիմորդ կունենա ֆակուլտետը և երկրորդ պատկան մարմինները արդյոք հարց տվել են իրենք իրենց թե ինչու է քիչ դիմորդների քանակը, միգուցե պետական հոգածության բացակայությո՞ւնն է ոլորտի նկատմամբ կամ անասնաբույժների չնչին աշխատավա՞րձը։ Այդ ինչպես ստացվեց, որ 1928 թ․-ին հիմնադրված անդրկովկասյան Անասնաբուժական ինստիտուտը, որը հետագայում 1932 թվականին արդեն ուներ իր առանձին շենքը /որն այժմ պատկանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին/, իր հայտնի պրոֆեսորադասախոսական կազմով, բազմաթիվ շրջանավարտներով՝ որոնք աշխատում էին և այժմ էլ աշխատում են մեր տնտեսության տարբեր ոլորտներում, հիմա հանկարծ ինստիտուտից ֆակուլտետ դարձածը չունի ուսանողներ, չունի ինստիտուտի շենք, առավել ևս հիմա էլ կանգնած է փակման եզրին։ Ինչ է մեր հանրապետությանը գյուղատնտեսություն պե՞տք չէ, անասնաբույժներ պե՞տք չեն։ Իսկ կարո՞ղ է այդ պատճառով է, որ հանրապետության տնտեսություններում նկատվում է կենդանիների հիվանդությունների աճ, որոնք ինչ որ պահի կարող են անկառավարելի լինել և վտանգ ներկայացնել ոչ միայն տնտեսության, այլ նաև ամբողջ ազգաբնակչության առողջապահության համար։ Մտածել է պետք հետո ուշ կլինի»։

Հ.Գ. Անասնաբուժականի դեկանը իր հրապարակման մեջ փաստացի մեղադրում է պետական պատկան մարմիններին ֆակուլտետում քիչ դիմորդներ ունենալու մեջ։ Բնականաբար` ճիշտ է անում. թուրք֊ադրբեջանական էժան լոլիկին ու մսամթերք֊կաթնամթերքին մոլեգին կերպով սպասող և դրա դիմաց ՀՀ ագրոարդյունաբերությունը ոչնչացնելու պատրաստ, ավելին, այդ ուղղությամբ իշխանության գալու առաջին իսկ գործնական քայլեր իրականացրած Փաշինյանի խմբավորմանը ոչ միայն պետք է մեղադրել, այլ դուրս գալ փողոց և վռնդել իշխանական֊քաղաքական համակարգից։

Բայց, հետաքրքիր է, երբ ՀՀ իշխանությունները սկսել էին ու շարունակում են համատարած կազմաքանդել երկիրը, տիկին Արևիկ Աբովյանը, ով նաև մտավորական է, հայտնի բուհի դեկան, որևէ հարցազրույց տվե՞լ է, բողոքի ձայն բարձրացրե՞լ է, ինչ֊որ կերպ ընդվզե՞լ է այս ամենի դեմ։ Թե՞, որպես տխրահռչակ օրինաչափություն, այս դեպքում ևս աղաղակ է բարձրանում միայն այն դեպքում, երբ բանը հասել է իրենց։ Եվ, օրինակ, եթե ինչ֊որ մի հրաշքով ֆակուլտետը չփակվի, Արևիկ Աբովյանը և իր պես բազմաթիվ այլ դեկաններ ու մտավորականներ այլև որևէ խնդիր չե՞ն ունենա ազգակործան պատուհաս իշխանությունների քայլերի հետ։ Օրինակ` Տավուշի մարզի կործանման ծրագրի հետ։

Ի դեպ, ոչ մի խոսք չկա համալսարանի ղեկավարության հասցեին: Վերևում արդեն ասացինք ֆակուլտետի փակման գործընթացում իշխանությունների դերակատարության մասին։ Այդուհանդերձ, Ագրարային համալսարանի ղեկավարությունը, որը մինչ օրս որևէ դժգոհություն, մտահոգություն ու քննադատական խոսք չի ասել այդ իշխանության հասցեին, արդյո՞ք մեղավոր չէ այս ամենի համար և արդյո՞ք այս ճգնաժամի տիրույթում չի նույնանում իշխանության հետ, ինչպես օրինակ, Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և այլ բուհերի տխրահռչակ ղեկավարություններ։