կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 21:55
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջան անունով որևէ երկիր երբևէ չի եղել ոչ մի քարտեզում Արաքսից հյուսիս մինչև 1918 թ․․ Ռուբեն Գալիչյան

Ադրբեջանը երբ ստեղծվեց 1918 թ-ին, դրանից առաջ Արաքսից հյուսիս այդ անունով որևէ երկիր երբևէ գոյություն չէր ունեցել և երբևէ չի եղել ոչ մի քարտեզում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց աշխարհագրագետ և քարտեզագետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի առաջին հյուպատոս, Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին գրքերի հեղինակ Ռուբեն Գալիչյանը։

Ադրբեջանը երբ ստեղծվեց, նշեց նա, առաջին տարիներից արդեն սկսել էր խոսել այն մասին, որ ինքն, իբրև թե, հնագույն երկրներից է այս շրջանում, որ ինքն աշխարհի առաջին դեմոկրատ իսլամական հանրապետությունն է, իբր իրենց երկիրը 3000 տարվա պատմություն ունի։ Այնինչ 3000 տարվա պատմության որևէ քարտեզում երբևէ Ադրբեջանը չկա։

«Միայն անգլիական մեկ քարտեզ կա՝ 1840-ական թվականների, որի քարտեզագետը ընդհանուր տարածքի վրա Հայաստանի արևելքում գրել է Ազերբայջան, բայց նույն քարտեզի վրա հաջորդ ատասի մեջ ինքը շտկել է իր սխալը, փոխել է ու ճիշտն է գրել։ Բայց Ադրբեջանն այդ մեկ քարտեզը վերցրել է ու աշխարհով մեկ տարածել»,-ասաց Ռուբեն Գալիչյանը։

Ադրբեջանցիները պատմությունը կեղծելու մի քանի ճանապարհ են ընտրել․ մի մասն ասում է՝ մենք Պարսկաստանի Ատրպատականի ժողովուրդն ենք, որովհետև իրական Ազերբայջանն այն է, մյուս մասն ասում է՝ մենք աղվանական ցեղերի ժառանգներն ենք, նրանք մեր նախապապերն են, մի մասն էլ ասում է՝ թուրքական օղուզ ցեղերն ենք։

«Բայց այստեղ շատ կարևոր խնդիր է առաջանում․ երբ Ադրբեջանը խոսում է եվրոպական դասական աշխարհի պետությունների հետ և քրիստոնյա ազգերի հետ, անպայման նշում է՝ աղվանները մեր նախնիներն են։ Հետո երբ Թուրքիայի հետ է բանակցում, կամ նրանց հետ միասին հանդիպումներ է ունենում, միշտ պնդում են, որ թուրքերը և ադրբեջանցիները մեկ ժողովուրդ են՝ բաժանված երկու տարբեր երկրների միջև, և բաժանման պատճառը եղել են Պարսկաստանը և Ռուսաստանը։ Այս վերջերս դա հասավ գագաթնակետին, երբ Շուշիի հռչակագրի մեջ գրեցին, որ ադրբեջանցիները և թուրքերը նույն ժողովուրդն են,  այսինքն,  օղուզ թուրքեր են կենտրոնական Ասիայից եկած։ Հիմա, ինչպե՞ս դա ընդունենք․ մի կողմից ասում են՝ աղվաններ ենք, մյուս կողմից ասում են՝ թուրքական օղուզ ցեղն ենք։ Ո՞րն է իրականը՝ իրենք էլ այդ չգիտեն»,-ասաց Ռուբեն Գալիչյանը։

1990-ական թվականներին Հեյդար Ալիևը իր հայտնի գիտնական պատմաբաններին մի համագումարի է հրավիրում, պատմեց նա, մի երկու ժամ խոսում են, թե իրենք ինչ ժողովուրդ են, ովքեր են, որտեղից են եկել, բայց երկու ժամվա վերջում այդպես էլ եզրակացության չեն գալիս՝ թո՞ւրք են, թե՞ աղվան են։

«Մինչև վերջերս այդ հարցը կար, մինչև որ հայտարարեցին, որ իրենք թուրք են։ Իսկ եթե իրենք թուրք են՝ աղվանական քրիստոնեական եկեղեցիները ամբողջ Ադրբեջանում իրենց հետ ի՞նչ կապ ունեն»,-ասաց Ռուբեն Գալիչյանը։

Զիյա Բունիաթովն Ադրբեջանի պատմության կեղծարարության գործի հիմնադիրներից է, նրա աշակերտները սուտ պատմություն հորինելը շարունակեցին։

«Ռուսները Կովկասի թուրքերին երբեմն ասում էին՝ «թուրք», երբեմն ասում էին՝ «թաթար», իսկ իրենք իրենց կոչում էին «թուրք» և «մուսուլման»։ Նունիսկ երբ Ադրբեջանը որպես երկիր ստեղծվեց 1918 թ-ին, հետո Խորհրդայնանալուց հետո շարունակեց իր անունը պահել որպես «Ադրբեջան», ուզում էր միանալ Թուրքիայի հետ, որ Պարսկաստանի Ատրպատական նահանգը յուրացնեին, ասելով, իբր, դա իրենց նախնիների հայրենիքն է, մինչդեռ ամբողջովին տարբեր բաներ  են։ Այդ ժողովուրդը, որ 1918 թ-ին իր երկիրը կոչեց «Ադրբեջան», իրեն մինչև 1936 թ-ը կոչում էր «թուրք», «թաթար» և «մուսուլման»։ Երբ Ստալինը տեսավ՝ ինչ է կատարվում,  1936 թ-ին ԽՄ կենտրոնական պլենումը որոշեց՝ հաջորդ օրվանց երկրի ժողովուրդը իրեն պետք է կոչեր «ադրբեջանցի»․ մեկ օրվա մեջ՝ ժողովուրդը քնեց որպես «թուրք», արթնացավ որպես «ադրբեջանցի»»,-ասաց Ռուբեն Գալիչյանը։

Պարսկաստանի Ատրպատական/Ադրբեջան նահանգը գրավելու երկու փորձ, այնուամենայնիվ, արվեց․ մեկը՝ 1946 թ-ին, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, երբ այդ շրջանը ԽՄ վերահսկողության տակ էր գտնվում և այնտեղ ստեղծվեց դեմոկրատական Ադրբեջան, այն Պարսկաստանից պիտի առանձնանար, բայց չհաջողեցին․ Պարսկաստանի Ադրբեջան նահանգը  մնաց Պարսկաստանին։

«Մինչև 16-րդ դարը Պարսկաստանի Ատրպատականի շրջանի ժողովուրդը խոսում էր ազերի լեզվով, որը պարսկական փեհլևի լեզվի դիալեկտներից է։ Այդ դիալեկտները, սակայն, գրավոր լեզու չունեին։ Երբ թրքախոս սելջուկները և այլ ժողովուրդներ գրավեցին, մի քանի տարի իշխեցին այդ մասը, այդ ժողովուրդը, որ այդտեղ ապում էր և գրավոր լեզու չուներ, աստիճանաբար, երկրի տիրող ուժերի, իշխանների թուրքերեն լեզուն ընդունեց, դարձրեց իրենը»,-ասաց Ռուբեն Գալիչյանը։

Այդ նույն շրջանում ապրում էին նաև մեծ թվով հայեր, բայց քանի որ հայերն ունեին իրենց գրավոր լեզուն և գրականությունը, կարողացան պահպանել իրենց լեզուն և չփոխել։

Աղվանական ցեղերը ապրել են Կուրից դեպի հյուսիս, այսինքն, Պարսկաստանի սահմանից մի քանի հարյուր կմ հյուսիս։ Ստրաբոնը 1-ին դարում գրում է, որ Աղվանքում ապրում է 26 ցեղախումբ, որոնցից ամեն մեկը տարբեր լեզու ունի։

«Այսօր այդ բազմաթիվ ցեղերը՝ թալիշ, թաթ, լեզգի, ցախուր, ուդի, Ադրբեջանի ներկայիս տարածքում ապրում են, նրանք իրենց լեզուն ունեցել են, բայց այլևս իրավունք չունեն գործածելու, պիտի խոսեն թյուրքերեն։ Աղվանական ցեղերը մեզանից 25 տարի հետո դարձան քրիստոնյա, բայց հետո 8-14-րդ դարերում աստիճանաբար բոլորը դարձան մուսուլման, մնացին միայն մի քանի հազար ուդիներ, որ քրիստոնեությունը պահպանեցին»,-պատմեց Ռուբեն Գալիչյանը։

Մինչդեռ օղուզ թուրքերը լրիվ տարբեր ցեղեր են, որ ոչ մի կապ չունեն ո՛չ ազերիների, ո՛չ էլ աղվանական ցեղերի հետ։ Եվ ներկայիս Ադրբեջանը, դեռ չկողմնորոշված՝ ինքը ում ժառանգորդն է, ուզում է նաև հայերի պատմական ժառանգությունը յուրացնել։

Ռուբեն Գալիչյանը այս ամենի մասին գիրք գրեց ստիպված՝ առաջինը 68 տարեկանում։ Երբ տեսավ, որ այս բոլոր փաստերը ոչ միայն միջազգային ասպարեզում ներկայացնող չկա, այլև անգլերենով գիրք չեն գրում հայ գիտնականները, ստիպված ինքը գրեց։ Եվ երբ իր առաջին գիրքը գրեց անգլերենով, հայ պատմաբաններից մեկն ասաց՝ ինչո՞ւ ես գրում, չէ՞ որ բոլորը գիտեն, որ ադրբեջանցիների ասածները ստեր են։ Այնինչ, ինքը տեսնում է, որ նեղ մասնագետներից բացի ոչ մեկն էլ չգիտի, և եթե միջազգային գրադարանները ողողված են ադրբեջանական կեղծարարությամբ, վաղ թե ուշ այդ ստերին հավատալու են։  

Պետք է քաջություն ունենալ՝ սեփական իրականությունը ներկայացնելու համար, ասաց Ռուբեն Գալիչյանը, դատարկապորտ Ալիևը իր երկրի մեծության մասին խոսում է, և հայկական կողմից ոչ  մեկը վեր չի կենում՝ ասի, պարոն Ալիև, դուք քարտեզները տեսե՞լ եք։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․