կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-15 13:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովը կքննի՞, արդյոք, նաև ընդդիմության վարքագիծը

Համաճարակի հետևանքների վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան միջոցառումների արդյունավետությունը քննող ԱԺ հանձնաժողովը արդյո՞ք քննարկելու է ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները, որոնք եղել են հակասական և իրարամերժ. ըստ Yerkir.am-ի՝ հարցրեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից, որը ներկայացնում էր որոշման նախագիծը։

«Ընդդիմությունն ասում էր, որ Իտալիայի եւ Իրանի հետ սահմանը պետք է փակել, հետո ասում էր, որ կարանտինը կխանգարի սահմանների բացմանը: Ասում էր, որ խորհրդարանը պետք է չաշխատի, հետո՝ բողոքում, որ պատգամավորները դիմակ են կրում… Համավարակի հաղթահարման գործում ընդդիմության վնասակար վարքագիծը գնահատվելո՞ւ է»,- հետաքրքրվեց նա:

Մարուքյանը պատասխանեց, որ հարցում կան գնահատողական դատողություններ և խեղաթյուրված տեղեկատվություն:

«Երբ ասում էինք՝ Իրանի սահմանն ու Իտալիայի չվերթերը փակել, դա պետք է արվեր հենց այդ պահին, երբ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ մեր երկրում դեռեւս չկային վարակակիրներ: Իսկ մարտին, երբ կոչ էինք անում սահմանները բացել, արդեն այլ իրավիճակ էր, եւ պետք էր բացել: Ես չեմ հիշում որևէ ընդդիմադիր պատգամավորի, որն ասել է, թե խորհրդարանում դիմակ չպետք է դնել: Հակառակը՝ ասվել է, որ ԱԺ նախագահը չի կարող պատգամավորին հեռացնել դահլիճից դիմակ չկրելու համար: Այդ պատգամավորը մինչև օրս դիմակ չդնելու պատճառով չի գալիս նիստերին»,- ասաց նա:

Լենա Նազարյանը վստահեցրեց, որ կտրամադրի բոլոր այն փաստերը, որոնք հավաքել է այս ընթացքում ընդդիմության գործունեության առնչությամբ:

«Ես ունեմ փաստեր, որ ընդդիմությունն այնքան հակասական, ապակողմնորոշող տեղեկություններ է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համաճարակի դեմ պայքարին, քան օգնել»,- նշեց նա:

Մարուքյանը հարցրեց, թե ո՞ւմ նկատի ունեն՝ ընդդիմություն ասելով․ «Անուններ կտա՞ք՝ իմանանք, թե այդ ով է խանգարել համավարակի դեմ պայքարին»:

«Իմ քայլը»-ի պատգամավոր Միքայել Զոլյանը պարզաբանեց. «Կարծում եմ՝ պարզ է, որ ԱԺ-ի ընդդիմության մասին է խոսքը, որի հայտարարությունները նպաստել են, որպեսզի մարդիկ անլուրջ վերաբերվեն սահմանափակումներին, օրինակ՝ դիմակներին: Հիշում ենք հայտարարությունները, որ՝ բարի մարդկանց վիրուսը չի կպնում: Պատգամավորներից մեկն էլ հրաժարվում էր դիմակ կրել»:

Լենա Նազարյանին դիմելով՝ Մարուքյանն ասաց, որ ինքն էլ հավաքել է մարդու իրավունքների ոտնահարումներին վերաբերող տեղեկությունները, որոնք կփոխանցի հանձնաժողովին:

Հիշեցնենք, որ, ԱԺ պատգամավորների թվի մեկ քառորդի պահանջով, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։  ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծն այսօր ներկայացվեց խորհրդարան: Ըստ նախագծի՝ նախաձեռնողներն առաջարկում են, որպեսզի հանձնաժողովն ունենա 12 անդամ, 7-ը՝ «Իմ քայլը», 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան» եւ 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։

Մանրամասն՝ տեսանյութում: