կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 11:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հասարակությանը պետք է ազգային գաղափար՝ ՀՅԴ-ն դա առաջարկում է. Վահե Հակոբյան

Այսօր մեր հասարակությունը, ցավոք, այն վիճակում է գտնվում, որ պետք է ազգային գաղափար, ու ես համոզված եմ, որ Դաշնակցությունը կարող է լինել այն քաղաքական ուժը, որն այդ գաղափարը կձևավորի և կառաջարկի մեր հանրությանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը, որը մասնակցում էր ՀՅԴ հիմնադրման 131-ամյակի միջոցառմանը Երևանի «Դվին հոլլ» համալիրում։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը միջոցառման ժամանակ ելույթում ասաց, որ Դաշնակցությունը պատրաստ է լինել պայքարի և՛ շարքային զինվորը, և՛ առաջամարտիկը, և՛ միավորողը հաղթանակի դրոշի ներքո․ Վահե Հակոբյանն այս մոտեցման մասին ասաց, որ յուրաքանչյուր հայ, անկախ թե որ երկրում է գտնվում, այսօր պետք է պատրաստ լինի լինել թե՛ պայքարի առաջնորդ, թե՛ շարքային անդամ, թե՛ դրոշակակիր։

Նա համամիտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դատավճիռ չէ։

«Այո՛, դատավճիռ չէ, այո՛, Իշխան Սաղաթելյանը նաև ճիշտ նշեց, որ արդեն կատարված փաստ է, և մենք պետք է հիմա դա հաշվի առնելով փորձենք բացառապես բանակցությունների միջոցով հայանպաստ լուծումներ ստանալ։ Դա, անկասկած, հնարավոր է»,-ասաց Վահե Հակոբյանը։

Նա նկատի ունի նախ՝ Արցախի հարցը, որի մասին այսօրվա կառավարությունից որևէ մեկը չի բարձրաձայնում, և ընդդիմությունը շատ է ուզում լսել, թե ինչու այդ մասին չի խոսվում։ Նա մտահոգություն հայտնեց, որ ներկա կառավարությունը չի այցելում Արցախ։ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր շարունակում է գտնվել թշնամու զինուժը, զրկված ենք Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհից, մեր գերիների հարցը․ այսպիսի բազմաթիվ հարցեր կան, որոնք լուծում են պահանջում և ՀՀ կառավարությունը որևէ ջանք չի գործադրում դրա համար։

Բոլոր այս խնդիրների լուծման հիմքում, Վահե Հակոբյանի համոզմամբ, մեկ հարց է՝ Նիկոլի և նրա խմբակի հեռացումը, այդ ուժի վերացումը մեր քաղաքական կյանքից։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրուցը՝ տեսանյութով․