կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-04 15:20
Քաղաքական

Եթե ուզում ես գաղափար վարկաբեկել, ծայրահեղացրու. Միհրան Հակոբյան

Եթե ուզում ես գաղափար վարկաբեկել, ծայրահեղացրու. Միհրան Հակոբյան

Խորհրդարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկումը:

«Եթե ուզում ես գաղափար վարկաբեկել, ծայրահեղացրու»,- իր ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«Մեր քաղաքական քննարկումներում շատ են նման մոտեցումները, հատկապես` սուվերենության գաղափարները, երբ փորձում են ծայրահեղացնել և, ըստ էության, դրանով ինչ-ինչ քաղաքական դիվիդենդներ շահել»,- նշեց պատգամավորը` հավելելով. «Փորձում են առաջ տանել, թե եթե Հայաստանում ռուսական բանակ է, մենք կորցնում ենք մեր սուվերենությունը: Ամերիկյան բանակն էլ Գերմանիայում է, Գերմանիան սուվերեն պետություն չէ՞»:

Պատգամավորը չգիտի` սուվերենության վերաբերյալ ծայրահեղականացումն ո՞ւր է տանելու: Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ասածին` մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, և ներկայացրեց, որ 1918 թվականին Թուրքիան առաջինը ճանաչեց մեր պետությունը, ապա նրանց բանակը ներխուժեց մեր տարածքները:

«Այս անգամ Թուրքիան երկրորդը ճանաչեց ՀՀ անկախությունը, բայց մինչև հիմա դիվանագիտկաան հարաբերություններ չի ուզում հաստատել: Խնդիրը շատ պարզ է` չլինի այստեղ ռուսական բանակը, Թուրքիան կջլատի ռազմական առումով, կշրջապատի ու, բորենու պես կոչնչացնի»,- նշեց պատգամավորը:

Հակոբյանն անդրադարձավ նաև Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը` արտաքին թշնամու կերպար ենք ստեղծում, դրանով ինչ-ինչ հարցեր ենք փորձում լուծել: «74 թվականին ի՞նչը խանգարեց Թուրքիային, որ ներխուժի Կիպրոս, այնուհետև` Սիրա, Իրան: Եթե Հայաստանում հայ-ռուսական համագործակցությունը չլինի, ի՞նչն է խանգարելու` ներխուժի Հայաստան: Ադրբեջանին բացահայտ աջակցող պետություն է»,- շեշտեց նա:

Պատգամավորի խոսքով` լավ կլիներ, որ այս բանակցություններն ավելի ռացիոնալ, ավելի գնահատված մակարդակում ընդունվեին:

«Դեռ լավ է, որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն փորձում մեզ համոզել, որ թուրքերը փոխվել են: Ես վերջին օրինակն եմ ուզում բերել, որ Կարո Փայլանին ծեծեցին իրենց խորհրդարանում, նրան ծեծեցին լավագույն ԲՈւՀ-եր ավարտած պատգամավորները: Դուք հլը 8 մլն-ոց խուժանը չեք տեսել»,- հավելեց նա:

Նշենք, որ Միհրան Հակոբյանի ելույթից հետո փոքրիկ վեճ եղավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի և Միհրան Հակոբյանի միջև: