Արմեն Աշոտյանը՝ Արցախի հարցով բանակցային ժառանգության շուրջ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունների մասին
Օրերս «Ազատության» հարցմանն ի պատասխան «ՀՀ վարչապետի աշխատակազմ» կոչվող հիմնարկը որոշ «դրվագներ է բացահայտել» Արցախյան դռնփակ բանակցություններից եւ 2016-ին ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված առաջարկներից։ Ուշագրավ է, որ հերթական անգամ իշխանությունները հրաժարվել են գաղտնազերծել այն փաստաթղթերը, որոնց իբրեւ թե հղում է կատարում։ Ըստ այդմ «վարչապետի աշխատակազմի» մեկնաբանությունները Արցախյան հարցում իրենց քաղաքական ֆիասկոն արդարացնելու հերթական ապարդյուն փորձն են: Դրանք բաղկացած են ենթադրական պնդումներից, մանիպուլյատիվ հնարքներից եւ սուբյեկտիվ գնահատականներից, այլ ոչ թե օբյեկտիվ իրականության, առկա փաստաթղթերի եւ բանակցային ժառանգության վրա հիմնված արձանագրումներից։
Փորձենք անդրադառնալ «վարչապետի աշխատակազմի» հիմնական անհեթեթ մեկնաբանություններին։
1.Փաշինյանը 2021թ-ի դեկտեմբերին տված ասուլիսում պնդել էր, թե «2016թ.-ին ներկայացված առաջարկությունների 3 փաթեթներում էլ չի եղել Արցախի միջանկյալ կարգավիճակի մասին որեւէ նշում», չնայած 2020թ.-ի հունվարին տված ասուլիսում նույն ինքը՝ Փաշինյանը հայտարարել էր, որ «Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության համաձայն Լեռնային Ղարաբաղը օժտվելու էր ժամանակավոր կարգավիճակով»։ «Վարչապետի աշխատակազմի» արձագանքը էլ ավելի զավեշտալի է դարձնում այս խառնաշփոթը։ Մասնավորապես, դրանում նշվել է, որ Ղարաբաղի միջանկյալ կամ ժամանակավոր կարգավիճակի թեման 2007թ.-ից՝ մադրիդյան հայտնի սկզբունքների շրջանառումից հետո միշտ եղել է բանակցային գործընթացում, սակայն 2016թ.-ին ներկայացված 3 փաստաթղթերում՝ մինչ ապրիլյան պատերազմը, հուլիսին եւ օգոստոսին, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ/ժամանակավոր կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։ Ընդ որում, իշխանությունները միաժամանակ արձանագրում են, որ թեեւ բուն ձեւակերպումը չի եղել, սակայն եղել են միջանկյալ/ժամանակավոր կարգավիճակի որոշակի ատրիբուտներ, որոնք պետք է հաստատվեին «ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից եւ դա պետք է դառնար Լեռնային Ղարաբաղի ճանաչված կարգավիճակը՝ մինչեւ վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։ Ըստ «վարչապետի աշխատակազմի», հենց սա է Նիկոլ Փաշինյանը համարել աղետ, «որովհետեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հայտնվելու էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի տիրույթում, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այս հարցում որոշումներ կայացնելիս չէր կարող չհիմնվել ԼՂ հակամարտության հարցով նախկինում իր իսկ կայացրած որոշումների վրա»։ Կառավարությունը այս սուբյեկտիվ պնդումը «ակնհայտ եւ անառարկելի» է որակել՝ որպես հիմնավորում մեջբերելով ՄԱԿ-ի ԱԽ 1993թ.-ի 4 բանաձեւերից վերջինը, որտեղ ոչ միայն առկա է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային-ղարաբաղյան տարածաշրջան» ձեւակերպումը, այլեւ հաստատվում էր Ադրբեջանի եւ տարածաշրջանի մյուս երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ըստ վարչապետի աշխատակազմի, վերոհիշյալը նշանակում է, որ «Անվտանգության խորհուրդը անխուսափելիորեն սահմանելու էր, որ մինչեւ վերջնական կարգավիճակի ճշգրտումը Լեռնային Ղարաբաղը ստանում է ճանաչված կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում»։
Ինչո՞ւ է սա կեղծիք
- Նախ վարչապետի աշխատակազմի հայտարարությունը հերքում է վարչապետի խոսքերը, քանի որ ոչ միայն չի հաստատվում Փաշինյանի այն պնդումը, թե 2016թ.-ին ներկայացված 3 փաստաթղթերում չի եղել միջանկյալ կարգավիճակի մասին որեւէ նշում, այլ փաստում է, որ այդ առաջարկները նախատեսում էին միջանկյալ կարգավիճակ, ընդ որում՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից հաստատված։ Խոսքը միայն բուն ձեւակերպումների տարբերության մասին է։
- 2016 թ.-ին ներկայացված փաստաթղթերը, իհարկե, մեր երազանքը չէին, ինչպես մեր երազանքը չէր փոխզիջումների վրա հիմնված խնդրի կարգավորման ցանկացած տարբերակ: Սակայն այդ տարբերակը ամբողջությամբ տեղավորվում էր հայկական կողմի կարմիր գծերի շրջանակներում, այն է՝ Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ եւ հայանպաստ ձեւակերպումներով երաշխավորվում էր Արցախի ապագան որոշող հանրաքվեի անցկացումը:
- 2016 թ.-ի բանակցային գործընթացի մասին նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է դեռեւս 2021թ.-ի փետրվարին՝ «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ։ Անդրադառնալով բանակցային գործընթացին, նախագահը նշել էր, որ 2016 թ.-ից հետո բանակցային փաթեթը ստացել է եռամակարդակ վիճակ՝ 1.ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիր, 2. Համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա համատեղ հայտարարություն, 3. ՄԱԿ-ի ԱԽ որոշում։ Փաշինյանը կառչում է հենց 3-րդ կետից եւ պնդում, թե իբր Արցախի կարգավիճակի հարցը 2016 թ.-ին գցել են ՄԱԿ-ի ԱԽ վրա՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ԱԽ 1993թ.-ի բանաձեւերի որոշ ադրբեջանանպաստ ձեւակերպումների վրա։ Իհարկե, արցախյան գործընթացի մասին մակերեսային գիտելիքներ ունեցող քաղաքացիների մեծ մասը չեն խորանալու ՄԱԿ-ի ԱԽ այդ հայտարարությունների մեջ, սակայն կա մի պարզ ճշմարտություն. 1993 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունել է 4 բանաձեւ, որոնց նպատակը ռազմական գործողությունները կանգնեցնելն էր։ Բոլոր բանաձեւերում կարմիր գծով գնում է մի միտք, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն։ Այն, որ այս բանաձեւերը Արցախի կարգավիճակի հետ կապ չունեն, հեշտ ապացուցելի է, որովհետեւ դեռեւս 1992թ.-ին ստեղծվել էր Մինսկի Խումբը, որը 94-95 թթ.-ին ստացավ կարգավիճակը կարգավորելու մանդատ։
- Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի այդ 4 բանաձեւերով որոշվում էր Արցախի կարգավիճակը, այդ դեպքում ինչո՞ւ էր ստեղծվել Մինսկի Խումբը, ընդ որում ՄԽ համանախագահներն էլ ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից 3-ն են։
- Ադրբեջանը 30 տարի շարունակ փորձել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը խեղաթյուրել եւ օգտագործել ՀՀ դեմ։ Նիկոլ Փաշինյանը, եւ փաստորեն նաեւ վերջին մեկնաբանությունները տարածած՝ նրա աշխատակազմը, ՀՀ միակ իշխանությունն են, որ բառացիորեն մեջբերում են Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումը ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի հետ կապված, որը կապ չունի կարգավորման իրական գործընթացի հետ:
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ինչո՞ւ 1993-ից հետո այլեւս բանաձեւեր չընդունեց։ Նախ, 1994թ. մայիսին ստորագրվեց հրադադարը, իսկ ՄԱԿ-ի ԱԽ նպատակն էր պատերազմը կանգնեցնելը։ Բացի այդ՝ սկսեց ակտիվորեն աշխատել ԵԱՀԿ Մինսկի Խումբը։
- Ռուսաստանի ԱԳՆ-ն 44-օրյա պատերազմից հետո 3 անգամ բացահայտել է բանակցային գործընթացի էությունը։ Առաջին անգամ ռուս համանախագահ Պոպովի շուրթերով, երբ բացահայտվել է ողջ բանակցային բովանդակությունը՝ այդ թվում միջանկյալ կարգավիճակի հետ կապված։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ 3 մակարդակի փաստաթղթերով խնդիրը պետք է ստանար վերջնական լուծում։ Իսկ վերջին, երրորդ անգամ նույն բացահայտումը իրականացվել է Ալեն Սիմոնյանի՝ ռուս լրագրողների հետ սկանդալային հանդիպումից հետո:
- 2017թ.-ին Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է շրջանակային՝ Համապարփակ եւ Ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր, որտեղ գրված է, որ Արցախյան հարցով ԵՄ-ն հավատարիմ է հիմնարար սկզբունքներին՝ այդ թվում ինքնորոշման իրավունքին, եւ 2008թ.-ին ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված առաջարկություններին։
- Բացի այդ, ըստ հավաստի տեղեկությունների՝ Արցախին վերաբերող ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւի նախագիծը նույնպես պատրաստ է եղել. ինչո՞ւ «կառավարությունը» չի բացահայտում այդ փաստաթուղթը՝ ապացուցելու համար, որ այն «ոչ հայանպաստ» է։
- Ի վերջո, հիշեցնեմ նաեւ, որ Ալիեւը Ապրիլյան պատերազմից հետո հայտարարում էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը, իսկ 2021 թվականի փետրվարի 15-ին փաստել է, որ «բանակցային այնպիսի լուծում էր առաջարկվում համանախագահների կողմից, որ Քելբաջարն ու Լաչինը ընդմիշտ կմնային Հայաստանի հսկողության տակ»։
2. Թե Փաշինյանը, թե նրա աշխատակազմը պնդում են, թե ստացած բանակցային ժառանգությամբ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է վճռվեր Ադրբեջանի ողջ տարածքում տեղի ունենալիք համաժողովրդական քվեարկությամբ։ Որպես հիմնավորում՝ նրանք ներկայացրել են 2016թ.-ի բանակցային թղթերից մի հատված, ըստ որի հարցը պետք է որոշվեր «համաժողովրդական հանրաքվեով, որը արտահայտում է Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը»։ Կապիտուլյանտի աշխատակազմի կարծիքով «այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ համաժողովրդական բառի մեջ կա «ժողովուրդ» հասկացությունը, որը տվյալ դեպքում չի նույնականացվում Լեռնային Ղարաբաղի հետ, եւ կա «բնակչություն» հասկացությունը, որը նույնականացվում է Լեռնային Ղարաբաղի հետ։ Եթե հաշվի ենք առնում, որ պոտենցիալ հանրաքվեի անցկացման վայր չի նշվում, պատկերն ամբողջական է դառնում»։ Փաշինյանի աշխատակազմը նաեւ պնդում է, թե կազանյան հանդիպումից հետո բանակցային թղթերից հանվել է մադրիդյան սկզբունքներում առկա դրույթը, ըստ որի ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում էր ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը՝ այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել էր 1988թ.-ին։ Ըստ Փաշինյանի աշխատակազմի գրության՝ 2016թ.-ի օգոստոսին հայկական կողմը դիմել է միջնորդներին, որ այդ դրույթը վերականգնվի, սակայն կառավարությունը չի հստակեցնում, թե ինչ ճակատագրի է արժանացել այդ դիմումը։
Ինչո՞ւ է սա կեղծիք
- Կառավարության ներկայացրածը զուտ բառախաղ է՝ հիմնված ենթադրությունների եւ ոչ թե կոնկրետ փաստերի վրա։
- Եթե ներկայացված փաստաթղթերում որեւէ բան նշված չէ Ադրբեջանի ողջ տարածքում հանրաքվե անցկացնելու մասին, ապա Փաշինյանի եւ նրա աշխատակազմի կողմից բանակցային բովանդակությունը այդ տրամաբանության լույսի ներքո ներկայացնելու փորձերը ի՞նչ են, եթե ոչ ադրբեջանական շահերը սպասարկելու ակնհայտ գործելաոճ եւ սեփական դավադրական ապիկարությունը հիմնավորելու փնթի փորձ։ Պարզ է, չէ՞, որ անգամ նրանց մեջբերմամբ հանրաքվեն պետք է արտահայտեր ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը: Շեշտեմ, Լեռնային Ղարաբաղի, այլ որ թե Ադրբեջանի, կամ Հայաստանի: Ակնբախ է նաեւ, որ տվյալ հանրաքվեն, որ պիտի արտահայտեր հենց Արցախի բնակչության կամքը, պետք է կազմակերպվեր հենց ԼՂ-ում, այլ ոչ թե, օրինակ Ջամայկայում կամ Սվազիլենդում:
- Գործող կառավարությունն ինքն է պաշտոնական փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ տերմինը հաճախ փոխարինել բնակչություն տերմինով, եւ եթե դա այդքան սկզբունքային նշանակություն ուներ, ապա ինչու էր Փաշինյանի կառավարությունը այդպիսի քայլեր ձեռնարկում։ Ամենավառ օրինակը 2020թ.-ի հուլիսին ընդունված Անվտանգության ռազմավարությունն է, որտեղ օգտագործված ոչ պատշաճ տերմինների մասին փորձագետները բազմիցս բարձրաձայնել են։
- Եթե Փաշինյանի աշխատակազմը պնդում է, որ նախորդ իշխանության թողած ժառանգությունը այնպիսին էր, որ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ապա գործող կառավարությունը ինչո՞ւ է անգամ իր վերջին ծրագրում նշում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի հայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրա, որոնք ամբողջությամբ նախորդ իշխանությունների ժառանգությունն են։
3. Փաշինյանի աշխատակազմի մեկ այլ «սենսացիոն» բացահայտումը վերաբերում է 2018թ.-ի հունվարի 18-ին ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի ամառանոցում՝ Կրակովում տեղի ունեցած մի քննարկմանը, որի ժամանակ խոսվել է «Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր/միջանկյալ կարգավիճակի մասին նախադասությունը վերականգնելու մասին»։ Թե ինչ է որոշվել այդ խոսակցության արդյունքում, կառավարությունը կրկին չի հստակեցնում, բայց պնդում է, թե ուժի մեջ են մնացել այն դրույթները, ըստ որի միջանկյալ կարգավիճակը պետք է հաստատվեր ՄԱԿ-ի ԱԽ կողմից։ Որպես ապացույց, որ Կասպրշիկի առանձնատանը տեղի ունեցած քննարկումները ապարդյուն են եղել, կառավարությունը մեջբերում է այդ հանդիպումից երեք ամիս անց 2018թ.-ի ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի խոսքերը, որտեղ նախագահը նշում էր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում։
Ինչո՞ւ է սա կեղծիք
- Կրկին արվում են կամայական մեկնաբանություններ, որոնք ամենեւին չեն ապացուցում, որ միջանկյալ կարգավիճակը դուրս է մղվել բանակցային օրակարգից։
- Դեռ 2020թ.-ի հունվարին Փաշինյանը Կապանում ասուլիս է տվել, որտեղ հղում էր տալիս ակնհայտորեն կառավարության կողմից իշխանամետ 1in.am-ով արտահոսած մի փաստաթղթի, որը Սերժ Սարգսյանի թողած փաստաթղթերից մեկն է, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք», ինչպես նաեւ «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ»։ Եթե Փաշինյանը պնդում է, որ 2016թ.-ից հետո միջանկյալ կարգավիճակը դուրս է մղվել բանակցային սեղանից, ապա ինչպե՞ս է 20թ.-ին հղում տալիս 18 թ.-ի մի փաստաթղթի վրա, որտեղ բառացի նշվում է միջանկյալ կարգավիճակի մասին։ Ընդ որում` ուշագրավ է, որ այս փաստաթղթի հրապարակումից հետո համանախագահները հայտարարություն տարածեցին, որտեղ կոչ էին անում զերծ մնալ կոնֆիդենցիալ տեղեկատվության տարածումից, ինչը ապացուցում է փաստաթղթի իսկությունը։ Ավելին, այդ ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, որ այդ փաստաթուղթը լավը չէ, ու ինքը երբ ուզի, կվերադառնա դրան։
- Սերժ Սարգսյանի 2018 թվականի ելույթը ԱԺ-ում մեջբերվում է կիսատ, եւ համատեքստից դուրս: Երբ շարունակում ենք կարդալ այդ օրվա ԱԺ նիստի արձանագրությունը, ապա տեսնում ենք, որ ելույթի նույն հատվածում Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանի եւ ՄԽ համանախագահների մոտեցումները նույնական են, իսկ Ադրբեջանի պահվածքն է բանակցությունների ճգնաժամի հիմնական պատճառը: Այսինքն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ընդունում էին Հայաստանի դիրքորոշումը, ինչը բանակցային հաջողությունների հիմնական գրավականներից էր Սերժ Սարգսյանի օրոք, եւ այն հոդս ցնդեց 2018-ի իշխանազավթումից հետո (տես մասնավորապես արդեն ռուսաստանյան համանախագահ Պոպովի արդեն հիշատակված հայտարարությունը):
4. Կապիտուլյանտի աշխատակազմը վերոհիշյալը համարում է Նիկոլ Փաշինյանին թողնված բանակցային ժառանգությունը՝ հավելելով, թե նաեւ այդ պատճառով է վարչապետը հայտարարել բանակցությունները զրոյական կետից սկսելու, ԼՂՀ ներկայացուցիչներին ներգրավելու մասին։
Ինչո՞ւ է սա կեղծիք
- Եթե նա պնդում է, որ այդ ժառանգությամբ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, եւ նախքան պատերազմը դրա պատճառով էր զրոյական կետից սկսում բանակցությունները, ապա պատերազմից հետո ինչո՞ւ է փորձում վերադառնալ այդ ժառանգությանը՝ կառավարության ծրագրում նշելով հայտնի տարրերի եւ սկզբունքների միջոցով հիմնախնդրի կարգավորման ձգտման մասին։
- Եթե բանակցային ժառանգությունը այնպիսին էր, որ վերադարձնում էր Արցախը Ադրբեջանի կազմ, ապա ինչո՞ւ Ադրբեջանը դրան չէր համաձայնում: Ինչո՞ւ այդ դեպքում սանձազերծվեց Ապրիլյան պատերազմը:
Ակնհայտ է, որ Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունները եւ ներկայացրած իբրեւ թե «բացահայտումները» ոչ միայն չեն հաստատում արցախյան հարցում ստացած բանակցային ժառանգությունը բացասական լույսի ներքո ներկայացնելու՝ գործող իշխանության փաստարկները, այլ դրանք ավելի փնթի եւ հիմնազուրկ են դարձնում։
Հանրությանը իրական ողջ ճշմարտությունը ապացուցելու երկու տարբերակ կա: Կամ Փաշինյանն ընդունում է ուղիղ եթերում այս հարցով բանավեճի իմ առաջարկը, կամ անհապաղ հրապարակում է սեփական տեսակետները ապացուցող բոլոր փաստաթղթերը:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
Հ.Գ. Կամ էլ սպասենք Սերժ Սարգսյանի ազդարարված հարցազրույցին…
«Առավոտ»