կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-07 12:53
Առանց Կատեգորիա

Ղազախստանում վճռվում է թուրքական աշխարհի ճակատագիրը. քաղաքագետ

Ղազախստանում վճռվում է թուրքական աշխարհի ճակատագիրը. քաղաքագետ

Հայաստանի իշխանություններն արեցին հնարավոր ամենը ինչ, որպեսզի ո՛չ  ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանը Արցախյան պատերազմի ժամանակ և դրան հաջորդող գործընթացներին չխառնվեն, այն  գործընթացին, որի արդյունքում Արցախը պետք է հանձնվեր թշնամուն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ` պատասխանելով հարցին`ինչո՞ւ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ին չդիմեց 4-րդ հոդվածով, եթե գիտեր 4-րդ հոդվածի զորությունը։

Ըստ քաղաքագետի` այս ամենը ծրագրված է եղել։ «Ինչպես մնացյալը, այնպես էլ` Ռուսաստանին սխալ հոդվածով դիմելը, հետագայում՝ ՀԱՊԿ-ին սխալ հոդվածով դիմելը, ծրագրված են  եղել։ Այս ամենը նույն շղթայի բաղկացուցիչ մասերն են»,- ասաց նա։

Բենիամին Մաթևոսյանի կարծիքով` կարելի է պատերազմ վարել և սխալներ թույլ տալ, կարելի է դիվանագիտական ասպարեզում ռազմավարական գործընկերներ հետ խնդիրներ ունենալ և խնդիրներ ստեղծել։ «Այդուհանդերձ, երբ վերլուծում ենք մինչև 44-օրյա պատերազմի եղելությունը, դրան հաջորդած գործողությունները, գրեթե մեկ ճիշտ քայլ չի կատարվել։ Գոնե պատահական սկզբունքով մարդը մեկ ճիշտ քայլ կարող էր անել, բայց մենք տեսնում ենք հակառակը` արվել է ամեն ինչ, որպեսզի ոչ մի այլ ուժ, բացի թուրքական ուժից, չներգրավվի այս գործընթացներում։ Իսկ Թուրքիան, տրամաբանական է, հօգուտ Հայաստանի չէր ներգրավվելու, այլ հօգուտ Ադրբեջանի»,- նշեց քաղաքագետը։

Նրա դիտարկմամբ` եթե ՀԱՊԿ-ին դիմում ես ճիշտ հոդվածով, ՀԱՊԿ-ը շատ արագ արձագանքում է. այն խոսակցությունները, թե ՀԱՊԿ-ը մեռելածին կառույց է, սուտ է։

«Իշխանություններն են իրենց գործողություններով անում այնպես, որ պայմանագրի որոշ կետեր մեռելածին թվան, որ դրանով հարվածեն Ռուսաստանին, Ռուսաստանի հեղինակությանը»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը։

Հարցին` ինչպե՞ս հասկանալ այն, որ Փաշինյանը չի կարողանում իր երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովել, բայց  զորք է ուղարկում այլ երկիր՝ ինքնիշխանությունն ու անվտանգությունը ապահովելու, քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանը աշխարհաքաղաքական աճուրդի է հանվել: Օրվա կուրսը թելադրում է, որ Հայաստանը պետք է զորք ուղարկի Ղազախստան,  Սիրիա կամ ցանկացած այլ վայր, և դրանով ոչ թե վստահության մթնոլորտ է ձևավորվում Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև, այլ պարզապես դո՛ւ՝ որպես կամակատար,   քո՛ գոյությունը մեկ-երկու ամսով երկարաձգում ես»:

Մաթևոսյանի խոսքով` ինչպես նշում են հայրենական մի շարք ադեկվատ քաղաքագետներ, Ղազախստանում վճռվում է թուրքական աշխարհի ճակատագիրը։ Եթե Ղազախստանը դուրս է մնում թուրքական աշխարհի նախագծից, ապա այդ ճակատագիրը փլուզվելու է։

«Այսօր մենք մի գործընթացի մեջ ենք ներքաշվել, երբ ձևավորվում են տարբեր տիպի կոալիցիաներ` հակառուսական, հակաչինական, հակաթուրքական, հակաիրանական։ Այս ամենի շրջանակներում մենք պետք է կարողանանք ճիշտ դիրքավորվել»,- ասաց քաղաքագետը։

Բենիամին Մաթևոսյանի կարծիքով` եթե դու զորք ես ուղարկում Ղազախստան, մաս ես դառնում հակաթուրքական կոալիցիային։  

«Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Փաշինյանը դա արել է ոչ թե նրա համար, որ ինքը ուզում է հակաթուրքական կոալիցիայի մաս կազմել, այլ հակառակը՝ դա արվել է ստիպողաբար, քանի որ մինչ այդ արված նրանց բոլոր քայլերը տանում են նրան, որ Հայաստանը թուրքական աշխարհի մասը կազմի՝ «սահմանները բացենք, քիրվայություն անենք»»,- եզրափակեց քաղաքագետը։

              

                                                                             Լենա Կարապետյան