կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-29 13:50
Տնտեսական

Փողը քնել է բանկերում. 168.am

Փողը քնել է բանկերում. 168.am

168.am-ը գրում է․ «Հայաստանի ֆինանսական համակարգում այս տարի արտառոց երևույթ է նկատվում. ավանդների տեսքով բանկերում պահվող գումարներն ավելացել են, իսկ վարկերի տեսքով դուրս եկող գումարները՝ նվազել։ Արդյունքում՝ ավանդները գերազանցել են վարկերին։

Սա արտառոց է նրանով, որ սովորաբար հակառակն է լինում։ Բանկերը ֆինանսական միջոցներ են ներգրավում, այդ թվում՝ ավանդների տեսքով, որպեսզի վարկեր տրամադրեն։ Միջոցներ ներգրավել են, բայց վարկեր չեն տրամադրել։ Փողը քնել է բանկերում, փոխարենը մտներ տնտեսության մեջ։

Թե ինչո՞ւ է այդպես, պատճառները տարբեր են։ Բայց մինչ դրանց անդրադառնալը, ներկայացնենք որոշ վիճակագրական տվյալներ։

Բանկերում պահվող ավանդները, վերջին տվյալներով, կազմել են 3 տրիլիոն 895 մլրդ դրամ։ Այն 23 միլիարդով գերազանցում է բանկերի վարկային պորտֆելը։

Բանկային ավանդները վերջին 1 տարվա ընթացքում ավելացել են 397 մլրդ դրամով։ Մինչդեռ՝ վարկային շուկայում հակառակ պրոցեսն է տեղի ունեցել՝ վարկերը ոչ միայն չեն ավելացել, այլ բավականաչափ մեծ տեմպերով նվազել են։

Անցած տարվա հոկտեմբերին բանկերի վարկային պորտֆելը մոտեցել էր 4,1 տրիլիոնի։ Այս տարվա նույն ամսին կազմել է 3 տրիլիոն 872 միլիարդ։ Մեկ տարվա ընթացքում այն հասցրել է նվազել 211 մլրդ դրամով։

Ավանդներն ավելացել են 397 միլիարդով, վարկերը նվազել են 211 միլիարդով։

Կտրուկ կրճատվել են հատկապես տարադրամային վարկերը։ Եթե անցած տարի դրանք անցնում էին 1,9 տրիլիոնից, այս տարի 1,6 տրիլիոնի սահմաններում են։

Թե ինչո՞ւ է կրճատվել բանկերի վարկային պորտֆելը, պետք է փնտրել այն միջավայրում, որի մեջ հայտնվել ենք։ Ընկել է վարկունակությունը, ինչն էլ բերել է վարկային ներարկումների և, ոչ միայն՝ վարկային ներարկումների նվազման։

Բանկային ավանդների աճը վկայում է, որ ներդրողները խուսափել են տնտեսության մեջ ներդրումներ անելուց։ Ներդրումներ անելու փոխարեն, միջոցներն ավանդ են դրել բանկերում՝ տոկոսային եկամուտներ ստանալու համար։ Ոչինչ, որ ավանդներից ստացվող տոկոսային եկամուտները սովորաբար ավելի քիչ են լինում, քան կարող էին լինել ներդրումների դեպքում։

Խնդիրը կապված է առաջին հերթին անվտանգային միջավայրի հետ։ Հետպատերազմյան շրջանում մեծացել են տնտեսության մեջ ներդրումներ անելու ռիսկերը։ Չնայած պատերազմից ավելի քան 1 տարի է անցել՝ այդ ռիսկերն այսօր էլ պահպանվում են։ Մի բան, ինչը շատերին ստիպում է հրաժարվել տնտեսության մեջ ներդրումներ անելու մտադրությունից։ Նրանք, ըստ ամենայնի, գերադասել են իրենց ունեցած ազատ միջոցները պահել բանկերում։ Բանկերում շատ ավելի ապահով է, քան տնտեսության մեջ։

Ավանդների դեպքում, թվում է, ամեն ինչ պարզ է՝ կա անվտանգության հետ կապված ռիսկ, ու մարդիկ փորձել են իրենց միջոցները հնարավորինս ապահովագրել այդ ռիսկերից։ Արդյունքում՝ բանկերում ավելացել են խնայողությունները, բայց դրանք վարկային ներդրումների չեն վերածվել՝ հանգեցնելով բանկերի վարկային պորտֆելի կրճատման։

Մեկ տարում վարկային պորտֆելի 211 միլիարդի նվազումը բավական լուրջ անկում է։ Ճիշտ է, դրանում որոշակի դեր են ունեցել անցած տարի իրականացված հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տրամադրված վարկային տարբեր տեսակի արտոնությունները, բայց խնդիրը միայն դրա հետ չի կապված։ Կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք բացասաբար են ազդել վարկային շուկայի վրա։

Բանկերը սկսել են շատ ավելի զգուշավոր լինել՝ վարկային միջոցների տեղաբաշխման ժամանակ։

Անցած տարի, չնայած կար տնտեսական ճգնաժամից ու պատերազմից թելադրված մեծ ռիսկ, այնուհանդերձ այդ ռիսկի մի մասն իր վրա էր վերցրել պետությունը՝ ստանձնելով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը։ Այս տարի ռիսկի ապահովագրման այդ բաղադրիչը հիմնականում վերացել է, ինչը ստիպում է բանկերին շատ ավելի զգուշավոր լինել վարկեր տրամադրելու ժամանակ։

Բազմաթիվ վարկային շուկաներում՝ սկսած տնտեսության իրական հատվածից, վերջացրած տնային տնտեսություններով, ունենք վարկունակության բավական լուրջ կորուստ։ Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ մի կողմից՝ նվազել են վարկային ներարկումները, մյուս կողմից՝ ավելացել են ժամկետանց վարկերը։

Տեղի է ունեցել բանկերի վարկային պորտֆելի վատացում։ Ժամկետանց վարկերը հասել են գրեթե 6 տոկոսի. նախորդ տարի դրանք 5 տոկոսի սահմաններում էին։

Սկսել է զգացնել տալ նախկինում վարկային բեռի անհամաչափ ծանրացումը։ Դա նկատելի է հատկապես սպառողական վարկերի շուկայում, որտեղ ունենք բանկերի վարկային պորտֆելի բավական շոշափելի անկում։ Հատկապես այն բանից հետո, երբ վերջին տարիներին սպառողական վարկերը ռեկորդային տեմպերով էին ավելանում։

Մարդկանց վճարունակությունը նվազել է, ու դա ստիպել է բանկերին՝ խուսափել սպառողական վարկերի տրամադրումից։ Բնականաբար, ազդեցություն են ունեցել նաև ապագայի նկատմամբ քաղաքացիների շրջանում ձևավորված ոչ լավատեսական սպասումները, որոնք ստիպել են ձեռնպահ մնալ սպառողական վարկեր վերցնելուց։

Ինչպես հայտնի է, սպառողական վարկերն ունեն կենցաղային նշանակություն և ուղղված են հիմնականում տնային տնտեսությունների սոցիալական խնդիրների լուծմանն ու ապրելու պայմանների բարելավմանը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում