Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Նոր ռեկտորի ընտրությամբ Երևանի պետական համալսարանում, կարծես, կրքերը հանդարտվել են: Համալսարանականների բողոքի ձայնն այլևս չի լսվում: Այս առթիվ Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել ԵՊՀ գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովեսփյանի հետ և մի շարք հարցերի պարզաբանում ստանալ:
Ավաղ, պարոն Հովսեփյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` պատճառաբանելով, թե շուրջ երկու տարի է` մամուլի հետ չի շփվում: Իհարկե, տարակուսելի է, որ գիտական կոչում ունեցող համալսարանական պաշտոնյան չի ցանկանում հրապարակայնորեն իր մտքերը ներկայացնել լայն լսարանին, մտավորականի խոսք ասել կապիտուլացված հայրենիքի ներկայի և ապագայի մասին, հասարակությանը տեղյակ պահել Մայր բուհում ստեղծված իրադրության մասին: Սա հիշեցնում է հայտնի ֆիլմից «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» արտահայտությունը և հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ իրենց գիտնական ու մտավորական հռչակածների մի ստվար զանգված երկրի համար ստեղծված բախտորոշ իրավիճակում ինքն իրեն դուրս է դրել հանրային կյանքից և տաք աշխատասենյակներում օր է մթնեցնում` սպասելով անձնական կարիերայի համար ավելի բարենպաստ ժամանակների: Եվ, քանի որ Yerkir.am-ն այդպես էլ չստացավ ԵՊՀ գիտական քարտուղարին ուղղված հարցերի պատասխանները, ստիպված ենք դրանք հրապարակային հնչեցնել:
Եվ այսպես՝
Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնին փաստացի քաղաքական գործիչ է նշանակել: Ինչպե՞ս են ԵՊՀ գիտական քարտուղարը և համալսարանական այլ ստորաբաժանումների ղեկավարները պատրաստվում աշխատել ԵՊՀ նորընտիր ռեկտոր/քաղաքական գործիչ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
Արդյո՞ք ԵՊՀ գիտական քարտուղարի և համալսարանական մյուս դասախոսների գիտակրթական և մանկավարժական արժանապատվությունը չի ոտնահարվում, երբ Մայր բուհը ղեկավարում է Հայաստանն ու Արցախը կապիտուլացրած անձի դրածոն:
Ինչպե՞ս է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ շնորհող ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղարը վերաբերվում հանգամանքին, որ ԵՊՀ նորընտիր ռեկտորի դոկտորական ատենախոսությունը խնդրահարույց է, գիտական անաչառության ու արտագրության կասկածելի դրվագներ է պարունակում:
«Ես համալսարական եմ» շարժում կար ԵՊՀ-ում, որը ռեկտորի ընտրությունից առաջ հայտարարել էր, թե բուհական ինքնավարությունը ոտնահարված է, ծրագրային քննարկում գոյություն չունի: Ի՞նչ է եղել շարժման հետ, ինչո՞ւ չի լսվում շարժման ձայնը, և ի՞նչ վերաբերմունք ունի ԵՊՀ գիտական քարտուղարը «Ես համալսարական եմ» շարժման նախկին հայտարարություններին և դրանց ներկայիս բացակայությանը:
2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո ԵՊՀ գիտական խորհուրդը պաշտոնապես պահանջում էր վարչապետի հրաժարականը: Արդյո՞ք ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար Լևոն Հովսեփյանը և խորհրդի մյուս անդամները շարունակում են պահանջել կապիտուլյանտի հրաժարականը, թե՞, նոր իրողություններով պայմանավորված, դիրքորոշում է փոխել:
Հ. Գ. Հրապարակային հնչեցված այս հարցերի կապակցությամբ ակնկալում ենք ոչ միայն ԵՊՀ գիտական քարտուղարի, այլև համալսարանական մյուս պաշտոնյաների հրապարակային պատասխանները: