Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնան (Աղդամը) թշնամուն նվիրելուց հետո ադրբեջանական դիրքը հայտնվեց Մարտունու Նոր շեն գյուղի ուղիղ գլխավերևում։
2018 թ. տվյալներով՝ 86 տուն և 302 բնակիչ ունեցող Նոր շենն արցախյան երեք պատերազմներին տվել է 14 զոհ, տասնյակ վիրավորներ:
Նորշենցի ազատամարտիկ Բորիս Ասրյանը երեք պատերազմների մասնակից է, ըստ նրա՝ նորշենցիները 3 պատերազմների ժամանակ էլ պատվով կատարել են իրենց պարտքը, չեն ունեցել որևէ դասալիք:
Ի՞նչ կարծիք ունեն Նոր շենում թուրքերի հետ խաղաղ ապրելու և ՀՀ իշխանությունների հայտարարած «խաղաղության դարաշրջանի» մասին: Գյուղամիջում հավաքվածները դառը ժպիտով են լսում հարցը։ «Դա բացառված է, մենք չենք կարող թուրքերի հետ խաղաղ ապրել, հնարավոր չէ: Հենց հիմա մի կով է անցնում, կամ մի մարդ է շփոթվում-անցնում, տանում են, ծեծում, սպանում, լավագույն դեպքում՝ հետ են տալիս, մի խոսքով՝ շատ դժվար է լինելու»,- նշում է Բորիս Ասրյանը:
«Անգամ խորհրդային 70 տարիներին թշնամանքը մեր հանդեպ միշտ եղել է, անգամ ֆուտբոլ խաղալիս միշտ կռիվ է եղել: Անձամբ իմ ներկայությամբ վոլեյբոլի ժամանակ մեր աղջկերանցը նեղացնում էին, մենք էլ կռվեցինք»,- Բորիս Ասրյանի հիշողություններն են անցյալի «բարեկամությունից»:
«Մեկ-մեկ որ գոռում է, ասում է՝ «ապագա կա՛», ապագան ո՞րդուց է, ապագա չկա», - հիշելով փաշինյանական իշխանության կարգախոսը՝ նշում են գյուղամիջում նստած նորշենցիները:
Նրանք նայում են դիմացը՝ գյուղի արարողությունների սրահի պատին պատկերված Մոնթեի ուղղությամբ, հիշեցնում նրա հայտնի խոսքերն Արցախի մասին. «Արցախը կորցրել ենք, բա ինչ ենք արել. 75%-ը որ հենց էնպես տվել է, էդքան զոհերին տարել, դեմ է արել մսաղացին, հիմա էլ գոռում է՝ տղուս տամ, գերիներին բերեմ, բա՝ տուր, էլի, տղադ ինչո՞վ է ավել, որ էդպես գոռգոռում ես, ստից…», - սրտում ծանրացած մտորումները բարձրաձայնում է նորշենցիներից մեկը, որն, այդուհանդերձ, փաստում է՝ չնայած մտավախություններին, իրենք պիտի ապրեն Նոր շենում և չեն պատրաստվում մեկնել գյուղից:
44-օրյայի ժամանակ նորշենցիները 30 օր ապրել են ապաստարաններում, այնուհետև՝ տարհանվել գյուղից:
«Մեր երկրի փրկությունը միայն զենքի մեջ է, ես ուրիշ ելք չեմ տեսնում։ Ես պետք է առաջարկեմ՝ բոլորս մեր ոսկիները դնենք, փոխարենը՝ զենք վերցնենք, քանի որ, միևնույն է, թուրքն իր ծրագիրը տանելու է առաջ այնպես, ինչպես 100 տարի առաջ: Ես «խաղաղության դարաշրջանին» չեմ հավատում, գիտե՞ք երբ կլինի խաղաղություն, երբ ռազմական բալանսը գա, հավասարվի, և կողմերը իմանան, որ հարձակմամբ չեն կարողանա որևէ հաջողության հասնել: Այ էդ ժամանակ կլինի խաղաղության դարաշրջան», - փաստում է Բորիս Ասրյանը:
Համագյուղացիների հետ համաձայն է նաև Նոր շենի դպրոցի տնօրեն Սամվել Ավանեսյանը, ըստ որի՝ թշնամու ուղիղ նշանառության տակ դպրոց եկող նորշենցի աշակերտների շրջանում բարձր մակարդակի վրա է պահվում ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
«Թշնամուն ոչ ոք չի վստահում, նա կարող է ամեն պահի ոտնձգություն անել, և դրա պատասխանը ոչ ոք չի տալիս: Անվտանգության տեսանկյունից՝ մենք մեզ ապահով չենք զգում: Ես կոնկրետ թշնամու դիրքի առկայության համար եմ ասում»,- նշում է նա:
Նոր շենի դպրոցի երիտասարդ տնօրենն իրեն համարում է ապուպապերից ժառանգած գենի կրողը․ իրենք որտեղ ծնվում են, այնտեղ էլ պիտի ապրեն, քանզի ուրիշ հայրենիք չունեն:
Ուրիշ տեղ Արցախից լավը չկա, էստեղից ոչ ոք չի պատրաստվում դուրս գալ: Միայն անվտանգությունը լինի ապահովված, և Արցախն իսկական դրախտավայր է. նրա անկեղծ խոստովանանքն է:
Սամվել Ավանեսյանը քայլեր է ձեռնարկում, որպեսզի գյուղը, օրենքով սահմանված կարգով, պետական թույլտվությամբ զինվի: Այդ առիթով նա նշեց հետևյալը. «Արդեն մի քանի անգամ դիմել ենք ոստիկանությանը, բանակին, որպեսզի մեզ զենք տան: Ասել են՝ կընդառաջենք ձեր ցանկությանը, ծրագիրն ընթացքի մեջ է, կանենք այնպես, որ գոնե յուրաքանչյուր տանը մեկ զենք լինի, դրանով հնարավոր կլինի նաև գիշերային պարեկություն անել»:
Գյուղում մեր գտնվելը համընկավ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի՝ Նոր շենի դպրոց կատարած այցի հետ: Նախարարը ներկա գտնվեց դպրոցի զանգի ավտոմատացման ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը: Հետաքրքիր այս նորամուծության միտքը հղացվել էր դեռ 2018 թ.՝ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով գյուղ ժամանած՝ ֆիզիկայի ուսուցչի կողմից:
Արդյունքում՝ Նոր շենի դպրոցում 2018 թ. հունվարի 19-ից գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի երեխաների և այլոց օժանդակությամբ՝ ստեղծվել է ավտոմատացված զանգ, որն այսուհետ ինքնուրույն, առանց մարդկային միջամտության առավոտյան 9:00-ից մինչ դասերի ավարտը կազդարարի դասերի, դասամիջոցների սկսվելու և ավարտի մասին:
Եթե փորձես գյուղացիներից ստանալ տեղեկություններ Նոր շենի անցյալի ու ավանդույթների մասին, ապա միանգամից մատնացույց կանեն 89-ամյա Լենա Խաչատրյանին: Կենսուրախ, հավատով ու սեփական գյուղի հանդեպ անսահման սիրով լի Լենա տատիկը երկար տարիներ ուսուցչուհի է եղել գյուղի դպրոցում:
«Ինձ համար մեր գյուղն աշխարհի կենտրոնն է»,- իր պատմությունները գյուղի մասին այսպես է սկսում տիկին Լենան: Դրանց մեջ ուրույն տեղ ունեն հարևան ադրբեջանաբնակ և, նրա որակմամբ, «բարեկամ» գյուղի բնակիչների հետ հարաբերություններին առնչվող դրվագները կամ, ավելի ստույգ, գողությունների, թալանի, սպանությունների ու վախվորած կյանքի մասին դառը հիշողությունները:
«Այժմ էլ ապրում ենք այդ նույն տագնապի մեջ, չգիտենք՝ ինչ է լինելու, բայց, միաժամանակ, հույսով ու հավատով ենք լցված, որ մի լույս կբացվի, և մենք կապրենք առանց վախի: Այ, մոտիկ է նրանց պոստը, մենք ամեն օր տեսնում ենք, լսում նրանց ձայնը, ահաբեկվում ենք, բայց, միաժամանակ, հուսով ենք, որ մեր երեխաների թափած արյունը զուր չի անցնի. մենք նորից կհամախմբվենք, ոտքի կկանգնենք և կազատագրենք գրավված տարածքները»,- նշում է Լենա Խաչատրյանը և վերջում իր հարսի գրած բանաստեղծությամբ դիմում օտար ափերում ապրող արցախցիներին և բոլորին տուն, հայրենի Արցախ ու հարազատ Նոր շեն կանչում:
Վահե Սարգսյան