Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սահմանը չի գծվում, չի գծվում սահմանը, զորքերն են տեղակայվում՝ Yerkir.am-ի հարցին ի պատասխան հարձակողական այսպիսի կեցվածք ընդունեց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ չհստակեցնելով՝ եթե սահմանը չի գծվում, ապա ո՞նց է որոշվում, թե զորքերը որտեղ պետք է տեղակայվեն, ի՞նչ տրամաբանությամբ են զորքերը հենց այդտեղ տեղակայվում, այլ ոչ թե մի ուրիշ տեղ։
Նրանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են մամուլի տեղեկությունները, որ Տավուշի մարզում իշխանություններն այլընտրանքային ճանապարհի կառուցման ուսումնասիրություններ են սկսել, որոշ տեղեկություններով՝ անգամ աշխատանքներ են իրականացնում Ոսկեպարի հատվածում, այսպես կոչված «անկլավները» թշնամուն հանձնելու համար։ Եղոյանին հիշեցրինք, որ ինքը հայտարարել էր Ռուսաստանի առաջարկով 1974 թ-ի քարտեզը հիմք ընդունելու մասին, այս պատճառով էլ այս հարցի հասցեատերն ինքն է դարձել։
Իշխանական երեսփոխանի վրա «74 թվի քարտեզ» արտահայտությունը կայծակի հարվածի ազդեցություն գործեց՝ հավանաբար նախ՝ բերանից թռցրել է, ապա ստիպել են զղջալ, որ այդպիսի բան է ասել․ Եղոյանը, իրեն հատուկ անտակտությամբ, սկսեց պնդել, որ իր ասածը վերաբերել է միայն Գորիս-Կապան հատվածի սահմանին, Տավուշի սահմանը դեռ չի որոշվել՝ որ թվականի քարտեզով են գծելու։ Այսինքն, նրա տրամաբանությամբ, հնարավոր է երկրի մի հատվածում 1974 թ-ի քարտեզով զորք տեղակայել, մյուս հատվածներում՝ այլ թվականի։
Եղոյանը վստահեցրեց, որ այս պահին սահման չի գծվում, այլ զորքեր են տեղակայվում։ Նրա «երկաթյա» լոգիկայով հնարավոր է սահման չգծել, բայց զորքը տեղակայել «Հայաստանի սահմանին», այսինքն այն սահմանին, որը դեռ չեն գծել․․․ մի քիչ դժվար է պատկերացնլ։
«Հասկացությունները կարողանում ե՞ք տարբերել՝ «զորք տեղակայել» և «սահման գծել», այսօր ՀՀ զինվորները կանգնած են շատ տարբեր տեղերում, որտեղով, որ եթե նայենք քարտեզով, չի անցնում Հայաստանի սահմանը»,-ասաց Արման Եղոյանը։
Այդ դեպքում, ո՞րն է նրա ասած «Հայաստանի սահմանը», եթե սահման գծված չէ և չի գծվում։ Գուցե ինքն է՞լ իր քաղաքական թիմի ղեկավարի նման «միլիմետրի ճշգրտությամբ» գիտի որն է Հայաստանի սահմանը, պարզապես չի ասում, որ ապագա հանձնաժողովն աշխատելու նյութ ունենա։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գիծը ոչ բոլոր տեղերում է համապատասխանում ռազմական քարտեզներին։ Հետևաբար, այստեղից հետևություն, որ «զինվորի տեղակայում» և «սահմանի գծում» հասկացությունները շատ տարբեր բաներ են, մեկը փաստացի գործողություն է գետնի վրա, մյուսը իրավական գործընթաց է թղթի վրա։ Դրանք երկու տարբեր գործընթացներ են»,-պնդեց Արման Եղոյանը։
Նրա համար, թերևս, դժվար է հասկանալ, որ առանց «իրավական գործընթացի թղթի վրա» անթույլատրելի է «փաստացի գործողություն անել գետնի վրա», այսինքն, առանց իրավական հիմքի զորք չեն տեղակայում։ Հավանաբար, դա անհասկանալի է նաև իշխող թիմի այլ ներկայացուցիչների համար, հակառակ պարագայում, ասենք, Սյունիքի հատվածում «բանավոր ընկալմամբ» զորքերի հետքաշում չէր լինի։
Տավուշում այլընտրանքային ճանապարհ կառուցվո՞ւմ է, թե՞ չի կառուցվում՝ հարցին Եղոյանը պատասխանեց՝ ես չգիտեմ, զանգեք ճանապարհ կառուցողին։ Սա էլ նույն «երկաթյա» տրամաբանության մեջ է՝ ինչպես պարտության համար զորքն է մեղավոր, ոչ թե գերագույն հրամանատարը, այնպես էլ այլընտրանքային ճանապարհ կառուցելու պատասխանատուն, ըստ նրանց, ճանապարհ կառուցողն է։
Արման Եղոյանը նաև վստահեցրեց, որ տեղյակ չէ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին։
«Ո՞վ է ասել, որ հանձնաժողով լինելու է, ո՞րտեղից աղբյուրը»,-զարմացած հարցրեց նա։
Իշխանական պատգամավորը, փաստորեն, չէր լսել նաև Սոչում իր ղեկավարի ձեռք բերած պայմանավորվածության մասին։
Արման Եղոյանը պնդեց, որ ինքն ասել է՝ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին են կանգնած 1974 թ-ի քարտեզով, և սա վերաբերել է բացառապես այդ հատվածին։ Հիշեցնենք Եղոյանի խոսքը բառացի․ «Որովհետև մեր եռակողմ՝ ռուսական միջնորդությամբ հաստատված քարտեզը դա ա, երբ որ առաջացել ա վեճ, և մենք դիմեցինք Ռուսաստանի միջամտությանը, մենք 3 կողմերով համադրեցինք մեր 3 կողմերի մոտ եղած քարտեզը և 3 կողմի մոտ էլ եղավ այդ նույն արդյունքը այս պահին եղած քարտեզով։ Դեմարկացիան ու դելիմիտացիան շատ բան կարող է փոխել՝ կախված, թե որ թվականի քարտեզով մենք հիմք կվերցնենք, էնտեղ ինչ շտկումներ կլինեն, բայց էս պահի դրությամբ իրավիճակը կայունացնելու համար մեզ առաջարկվեց 1974 թ-ի քարտեզը՝ Գենշտաբի կողմից վերջին հաստատված քարտեզը, որը որ դուք կարող եք տեսնել ցանկացած զորամասի հրամանատարի սեղանին, դա գաղտնի բան չէ։ ․․․1974թ-ի ռազմական քարտեզը, որտեղ բլրակների մակարդակով ա նշվում սահմանը։ Ընթացքում փոփոխություն եղել է, բայց ոչ ամեն տեղ, օրինակ, Ալ լճերի հատվածում փոփոխություն եղել է, Տավուշի հատվածում փոփոխություն եղել է, բայց դրանք եղել են էսպես կոլխոզների մակարդակում»։
Արման Եղոյանի համար, փաստորեն, «կոլխոզների մակարդակում փոփոխություն» է Տավուշով անցնող դեպի Վրաստան միջպետական կարևորագույն ճանապարհի հատվածների՝ Ադրբեջանին անցնելը, ինչպես նաև «կոլխոզ» է Ալ լճերի ջրային ռեսուրսները, արոտավայրերն ու տուրիստական հրաշք գոտին։ Բայց սա մի կողմ․ Արման Եղոյանը պնդում է, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում են ադրբեջանցիներ տեղակայել, քանի որ բոլոր թվականների քարտեզներով սահմանն այդ հատվածով է անցնում, այդ տեղում փոփոխություն, իբրև թե, չկա։
Պետք է հիասթափեցնենք Եղոյանին․ բոլոր թվականների քարտեզներով չէ, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածն Ադրբեջանի տարածքում է նշվում, Yerkir.am-ը հատուկ անտեղյակների համար դեռ մեկ տարի առաջ է հրապարակել 1961 թ-ի քարտեզը, որում ճանապարհն ամբողջությամբ Հայաստանի տարածքում է, իսկ արխիվի աշխատակիցները հրապարակել են փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Գորիս֊Կապան ավտոճանապարհը Հայաստանի տարածքում է եղել դեռևս 1964 թվականին՝ որպես երկրորդ կարգի ճանապարհ։
Մեր զրույցից հետո Արման Եղոյանը խոստացավ «սև ցուցակ» գցել իմ հեռախոսահամարը՝ այլևս երբեք չպատասխանելու համար։ Մեծարգո երեսփոխանին պետք է հիշեցնել, որ նա աշխատավարձ ու պարգևավճարներ է ստանում բոլոր քաղաքացիների վճարած հարկերից ու պարտավոր է հաշվետու լինել բոլորի առջև՝ անկախ իր նախընտրություններից, հակառակ դեպքում հանգիստ կարող է հրաժարական տալ հանրային պաշտոնից՝ մանավանդ հաշվի առնելով իր բացարձակ անպիտանությունն այդ պաշտոնին։
Աննա Բալյան