կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 20:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելգիայի հայ համայնքը ամեն օր ավելի բարձր է պահանջում, որ այս կառավարությունը հեռանա․ Պետիկ Պետրոսյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կնքելուց հետո այս կառավարությունը պետք է հեռանա, որովհետև պարտված կառավարությունը չի կարողանում ղեկավարել երկիրը՝ Գորիսում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Բելգիայի հայերի կոմիտեի փոխնախագահ, Բելգիայի Հայ դատի հանձնախմբի անդամ Պետիկ Պետրոսյանը, ով մասնակցում էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին Երևանում, Գորիսում ու Ստեփանակերտում։ 

«Այսօր Բելգիայում մեր համայնքի ձայները ամեն օր ավելի են բարձրանում, և պահանջում են, որ  այսօրվա կառավարությունը հեռանա, որովհետև այն կառավարությունը, որն ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրը, չի կարող պաշտպանել ՀՀ պետական շահերը։ Եվ մեզ համար անընդունելի է այս կառավարության շարունակությունը։ Պիտի փորձենք ամեն ձևով՝ խաղաղ միջոցներով, այս կառավարության վրա ճնշում ստեղծել»,-ասաց Պետիկ Պետրոսյանը։

Նա վստահեցրեց, որ Սփյուռքը չի կարող աջակցել այս կառավարությանը, և պահանջում է այս կառավարության հեռացումը։ 

Բելգայի հայերի կոմիտեն նամակ է ուղղել տեղի հայկական դեսպանություն, որ փոխանցվի Հայաստանի կառավարությանը՝ ասելու, որ իրենք բացարձակապես համաձայն չեն դեպի Նախիջևան միջանցք բացելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները ճանաչելու քաղաքականությանը։ 

Նամակում ասվում է․ «Անկախ նրանից, թե ինչ անվանում կունենա այդ միջանցքը, կանվանվի այն միջանցք, թե ապաշրջափակման ճանապարհ, եթե այն չի գտնվելու ՀՀ վերահսկողության ներքո և այնտեղ չեն կիրառվելու ՀՀ մաքսային և սահմանային օրենսդրությունը, ապա անվանումը՝ միջանցք, թե ճանապարհ, դառնում է երկրորդային և չի բխում հայկական շահերից»։

Նամակում նաև ասվում է, որ սահմանների փոխադարձ ճանաչումը առանց Արցախի կարգավիճակի հստակեցման նույնպես չի կարող համարվել համայն հայության շահերին համապատասխանող։

Ուստի Բելգայի հայերի կոմիտեն սկզբունքային անհամաձայնություն է հայտնում ենթադրվող այս արդյունքները ամրագրող որևէ փաստաթղթի հետ։

Պետիկ Պետրոսյանը հպանցիկ ներկայացրեց Բելգիայի հայերի նախաձեռնություններն ու ընթացիկ ծրագրերն՝ ուղղված Հայաստանին։

«Արցախյան պատերազմի ժամանակ Բելգիայի Հայ դատի հանձնախումբը կազմակերպեց երկու պատվիարկության այց դեպի Արցախ։ Պատվիրակություն եկավ նաև կապիտուլյացիոն պայմանագիրը կնքելուց հետո։ Համագործակցեցինք եվրոպական այլ համայնքների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի , Հոլանդիայի և այլ հայ համայնքների հետ։ 197 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեցինք։ Այս ամեն ինչը ուղարկվեց ՀՕՄ-ի միջոցով անվճար՝ ՄԱԿ-ի հետ պայմանագիր կնքելուց հետո։ Շտապ օգնության 16 մեքենա ուղարկեցինք դեպի Հայաստան և Արցախ»,-ասաց Պետիկ Պետրոսյանը։

Բելգիայում Արցախի բարեկամների հանձնախումբ ունեն, նշեց նա, որի շրջանակում այսօր աջակցություն են բերում դեպի Արցախ․ Ասկերանի շրջանում վերանորոգում են երկու դպրոց, Բելգիայի ՀՕՄ-ը այսօր աշխատում է մի ծրագրի վրա, որ տարեկան աջակցություն պիտի բերի զոհվածների ընտանիքներին, երկրորդ ծրագիրն անմիջապես կապված է մեր հաշմանդամ հերոսների հետ, և դա, Պետիկ Պետրոսյանի խոսքով, նվազագույնն է, որ կարող են անել մեր հերոսների համար։

Բելգիայի հայերի կոմիտեի փոխնախագահը նշեց, որ իրենց համար ամենակարևորը Հայաստանի պետականության շահերն են․ փորձելու են բարոյական, թե նյութական աջակցություն բերել դեպի երկիր։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․