կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 20:25
Հասարակություն

Ճոճկանի Թուխ Մանուկը

Ճոճկանի Թուխ Մանուկը

Հայաստանում Թուխ Մանուկ անունը կրող սրբավայրերից մեկն էլ գտնվում է Լոռվա Ճոճկան գյուղում:

Ըստ Ղազար Փարպեցու՝ Ճոճկան գյուղը հիմնվել է IV դարում Ջոջիկ իշխանի կողմից։

Ճոճկանը նույնպես ունի իր առավել հայտնի սրբավայրերը, որոնցից մեկը Թուխ Մանուկն է, ըստ տեղացիների մեկնաբանության Թուխ մանուկ, նշանակում է Քրիստոս։

Գյուղում Խաչքարերի խումբը հենց ժողովուրդն էլ կոչել Թուխ Մանուկ։

Խաչքարերը հանդիսանում են 13-րդ դարի մշակույթային ժառանգություն, ուստի մատուռի ծագումը ևս թվագրվում է հիշյալ ժամանակաշրջանով:

Այն բոլոր ժամանակներում սրբատեղի է եղել տեղաբնիկների համար։ Մարդիկ հավատում են նրա զորությանը և նույնիսկ ավանդապատումներ կա, որոնք վկայում են սրբատեղում կատարած հրաշքների մաաին։

Հինավուրց հաստաբուն թեղի ծառի խիտ եւ անխնամ ոստերն են հովանավորել ամբողջ ավերակի վրա, ծառը ճյուղերը վրանանման կռացրել է ավերակի վրա եւ փռել մինչեւ գետին: Ծառին դիպչելը մեղք էր, այն համարվում է Թուխ-մանուկի տնկած ծառը: Գյուղում բոլորը անգամ երեխաներն էլ գիտեն, որ ծառի  ոչ մի ճեղքին դանակ, էտոց, կացին չպետք է դիպչեր, հակառակ դեպքում ըստ պատկերացումների արյուն դուրս կգար: Ծառը հենց ինքը Թուխ-մանուկն է, բարակ ոստերը Թուխ-մանուկի երակներն են, իսկ տերեւները նրա գզգզված մազերն են:

Թուխ Մանուկի մասին հյուսվել են ժողովրդական եւ աշուղական երգեր, որոնք ծիսական, մի քանիսն էլ` սիրային բնույթի են: Ծիսական երգերը երգվում էին հենց Թուխ Մանուկ սրբավայրերում: Պաշտամունքի եւ ուխտագնացությունների մասնակիցները հասարակության բոլոր շերտերն են` երբեմն ամբողջ համայնքը: Շատ դեպքերում, հատկապես բազմամարդ ուխտագնացության ժամանակ, կազմակերպվում էին զանազան մրցություններ, երգ ու պար:

Թուխ Մանուկ սրբավայրերը ունի նաև զանազան փորձանքներից պահպանիչ գործառույթներ և որոշ երգերում հիշատակվում են որպես հմայական պաշտպաններ: Կիտուռի (մորեխ) դեմ երգերում նույնպես հիշատակվում է Թուխ Մանուկ սրբավայրը: Երբ կիտուռը հարձակվում է հացահատիկի դաշտերին, գյուղացիները երգով կանչում են սրբերին ու Աստծուն, որ իրենց ազատի այդ արհավիրքից:

 

Տեղական ավանդազրույցներից մեկի համաձայն կույր և անդամալույծ մարդիկ գնացել են ուխտի և իրեց ուխտը կատարվել է։ Հրաշք է տեղի ունեցել և սկսել են տեսնել և քայլել։Այս դեպքերից հետո մարդկանց մոտ մեծ հավատ է արթնացել դեպի Թուխ մանուկ։

Տաղավար տոներին և առհասարակ ցանկացած առիթով Թուխ Մանուկը Ճոճկանի և հարակից գյուղերի հավատացյալների համար միշտ էլ ուխտատեղի է եղել:

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Թթուջրի հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ