կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-16 15:27
Հասարակություն

Ճոճկանի մանկապարտեզը դեռ փակ է. երեխաներն ապաքինվում են

Ճոճկանի մանկապարտեզը դեռ փակ է. երեխաներն ապաքինվում են

Օրերս Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում արձանագրվել էր աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում, որի արդյունքում 5 երեխա տեղափոխվել էր Ալավերդու բժշկական կենտրոն, իսկ 3 երեխա ամբուլատոր պայմաններում էր բուժում ստանում: Հիվանդներից 4-ը հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի ընթացքում, և նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ու թեթև:

Ճոճկանի գյուղապետը՝ Արկադի Թամազյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ առողջապահության նախարարությունից այցելել են մանկապարտեզ, ինչպես նաև տնայցեր են եղել ու կանխարգելիչ միջոցառումներ:

«Մանկապարտեզը հիմա փակ է, մի քանի օր դեռ փակ կմնա, որպեսզի վարակը չտարածվի: Բացի այդ՝ դեռ հետազոտություններ են իրականացվում՝ վարակի աղբյուրը հայտնաբերելու համար: Վիրուսը հայտնաբերվել է սննդի մեջ՝ պանրի և մակարոնով փլավի, այսինքն՝ աշխատակիցներից մեկի միջոցով է վիրուսը մանկապարտեզ թափանցել, բայց թե ով է վիրուսը ներս բերել, դեռ պարզ չէ»,-ասաց Թամազյանը: Ըստ նրա՝ սա մանկապարտեզում նման առաջին դեպքն է:

Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկներից Մանուշակ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր հիվանդանոցից դուրս են գրվել վերջին երկու հիվանդ երեխաները: Նրա հավաստմամբ՝ հիվանդացության նոր դեպքեր չեն հայտնաբերվել:

Նշենք նաև, որ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետազոտությունների արդյունքում հիվանդների, նրանց հետ շփված երեխաների և մանկապարտեզի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է շիգելլա (մանրէային դիզենտերիայի հարուցիչ) և ռոտավիրուս: Հիվանդությունների առաջացման հավանական պատճառը մանկապարտեզում սննդամթերքի երկրորդային ախտոտումն է, որի համար աղբյուր են հանդիսացել մանկապարտեզի այն աշխատակիցները, ում մոտ լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է շիգելլոզ և ռոտավիրուսային վարակ: