Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսական կողմը շատ է կարևորում այն, որ բարեկամ Հայաստանի քաղաքացիները հնարավորինս արագ հաղթահարեն պատերազմի պատճառով առաջացած սթրեսը և վստահություն ձեռք բերեն ապագայի նկատմամբ։ Այս մասին նշել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկած «Նոր սերունդ 2021» ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով երիտասարդների հարցերին:
«Ռուսաստանը, հավատարիմ լինելով իր պարտավորություններին, լուրջ ջանքեր է գործադրում կայունություն ապահովելու, մեր խաղաղապահ զորախմբի գործողության գոտում խաղաղ կյանքը վերականգնելու, Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար: Միևնույն ժամանակ, մարդասիրական բաղադրիչն ակնհայտորեն առաջնահերթություններից է: Կարծում եմ, որ այս ուղղությամբ հաջորդող նախաձեռնությունները, անկասկած, արժանի են ուշադրության» ,- նշել է դեսպանը:
Ներկաներից հարց է հնչել այն մասին, թե Մոսկվան ինչ քայլեր կարող է ձեռնարկել, եթե հինգ տարի հետո Ադրբեջանը պահանջի դուրս բերել ռուս խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղից: Հարցին ի պատասխան դեսպանը նշել է, որ այսօր իրենց նպատակն է կենտրոնանալ հիմնական խնդիրների լուծման վրա։
« Պատմությունը, ինչպես գիտեք, չի սիրում եթե-ներ և մեզ սովորեցնում է գործել փաստերով։ Այդ իսկ պատճառով ես չէի ցանկանա այդքան էական հարցի շուրջ տրվել երկար և հիպոթետիկ մտորումների։ Այսօր մեր նպատակն է կենտրոնանալ հիմնական խնդիրների լուծման վրա: Դրանք են՝ խաղաղ բնակիչների և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովումը, ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիությունը և բնականոն կյանքի հաստատումը։ Կարևոր է, որ մարդիկ իրենց հանգիստ և ապահով զգան։ Ակնհայտ է, որ հենց այս խնդիրների լույսի ներքո ապագայում կլուծվի խաղաղապահների հարցը, ընդ որում ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ներգրավված բոլոր մասնակիցների կողմից»,-ավելացրել է դեսպանը:
Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ խաղաղապահ առաքելության ջանքերի գործնական արդյունքները կարելի է տեսնել այսօր: Շարունակվում են ականազերծման աշխատանքները. արդեն հայտնաբերվել է մոտ 26 հազար պայթուցիկ առարկա, մաքրվել է մոտ 2,3 հազար հեկտար տարածք, ստուգվել է մոտ 2 հազար շինություն և 680 կմ ճանապարհային ցանց։ Մեծ ծավալի աշխատանք է կատարվել քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: