Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանում անշարժ գույքի գներն աճել են 20-25%-ով, անցած տարի պատերազմի հետ կապված գները փոքր-ինչ նվազել են, ապա՝ կրկին աճել։ Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո Ղարաբաղից փախստականների գործոնը գների վրա ազդել է առավելագույնը 15 տոկոսով։
Պրիբիլսկին հիշեցրեց, որ Երեւանում ամենացածր գները Նուբարաշեն վարչական շրջանում են, իսկ ամենաբարձրը՝ կենտրոնում։
Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե որքան կշարունակվի գնաճը։ Նորակառույցները շատ են, մարդիկ ցանկանում են գնել դրանք։ «Այդ ցանկությունն առաջին հերթին կապված է հիփոթեքային վարկի դիմաց եկամտահարկի վերադարձի ծրագրի հետ, ինչպես նաեւ այն բանի, որ դա նոր հնարավորություններ է բացում։ Սակայն հարկ է նշել, որ գնորդները հիմնականում ուշադրություն չեն դարձնում շենքերի սեյսմակայունությանը»,- հավելեց Պրիբիլսկին։
Փորձագետը կանխատեսում է, որ շինարարական բումն ինչ-որ պահի կավարտվի, քանի որ Հայաստանի տնտեսությունը խիստ կապված է տրանսֆերտների հետ, եւ ներկայիս տեմպերը պահպանելու համար տնտեսության մեջ փոփոխություններ են պետք։
Երեւանի կենտրոնում մեկ քառակուսի մետր հողատարածքի վրա անշարժ գույքի հարկի բարձրացման հետ կապված Պրիբիլսկին հիշեցրեց, որ այն աճել է 5,5 անգամ՝ 60 հազարից հասնելով 330 հազար դրամի։ «Ամենից շատ դա կզգան մասնավոր տների սեփականատերերը, հատկապես՝ նրանք, ովքեր այժմ բնակարան են կառուցում»,- ընդգծեց նա։
Փորձագետը հայտնեց, որ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում վաճառվել է 25 հազար միավոր անշարժ գույք, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 20 հազար միավոր։
«2021 թվականի հուլիսից հոկտեմբեր ամիսներին Երեւանում աճը կազմել է 12-13%։ Առաջին կիսամյակում օտարերկրացիները Հայաստանում երկու անգամ ավելի շատ անշարժ գույք են վաճառել, քան գնել են, հիմնականում դա վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին։ Ընդհանուր առմամբ, օտարերկրացիները գնել են 558 միավոր անշարժ գույք, վաճառել՝ 1314: Ռուսաստանի քաղաքացիները գնել են 314 միավոր, վաճառել՝ 1105: Դա կապված է արտասահմանում ստեղծված անբարենպաստ տնտեսական իրավիճակի հետ»,-եզրափակեց Պրիբիլսկին։