կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-22 23:00
Հասարակություն

Թադևոս Ավետիսյանը չի հավատում Վահան Քերոբյանի՝ ներդրումների մասին պնդումներին

Թադևոս Ավետիսյանը չի հավատում Վահան Քերոբյանի՝ ներդրումների մասին պնդումներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, թե իրանական խոշոր ընկերությունների խումբը շուտով ներդրումներ կանի «Մեղրի» ազատ տնտեսական գոտում: Ներդրումային առաջարկը կառավարությունը գուցե քննարկի սպասվող նիստում։

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը թեև չափազանց կարևորում է Հայաստանի հարավային դարպասի դերակատարումը քաղաքական, անվտանգային ու տնտեսական հարցերում, այդուհանդերձ, կարծում է` ներդրումների մասին նախարարի հայտարարությունները պոպուլիստական են:

168.am-ի հետ զրույցում պատգամավորն արձանագրեց, որ երբ աշխարհաքաղաքական ռիսկերով պայմանավորված՝ ենթակառուցվածքների շուրջ նոր խնդիրներն ամեն օր են առաջանում, իսկ ՀՀ մտնող բեռների մոտ 40 տոկոսն այդ ճանապարհով է գալիս, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն ինչ հայտարարում է, իրականություն է դարձնում, մենք ականատեսն ենք լինում հայկական կողմի ոչ համարժեք արձագանքին կամ հարմարվողականությանը:

«Ամեն առիթով ադրբեջանցիները հայտարարում են միջանցքի մասին, ու թեև Հայաստանի իշխանությունները հերքում են, բայց, ես կարծում եմ՝ այստեղ մենք ավելի շատ գործ ունենք բառախաղի հետ: Ինչո՞ւ եմ կարևորում միջանցքը, որովհետև եթե հանկարծ բախվենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ունենա վերահսկելի ճանապարհ, նշանակում է՝ ՀՀ-ն կհայտնվի եռակողմ շրջափակման մեջ:

Այսինքն՝ որքան էլ փորձեն դա ներկայացնել ճանապարհները, ենթակառուցվածքները ապաշրջափակելու սուտ քողի տակ, միևնույն է՝ փաստն այն է, որ Հայաստանն իր աշխարհագրությամբ ոչ միայն հետաքրքիր չի դառնալու տարածաշրջանում, այլև բախվելու է լրջագույն տնտեսական հետևանքների»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։

Անդրադառնալով Մեղրու ԱՏԳ-ում հնարավոր ներդրումների մասին հայտարարություններին՝ նա նկատեց. «Առաջարկում եմ՝ դրան վերաբերվեք՝ որպես հերթական պոպուլիստական հայտարարություն, որովհետև դեռ հունվարի 8-ին՝ այս տարվա առաջին աշխատանքային օրը, նույն պաշտոնատար անձը հայտարարեց, որ այս տարի ունենալու ենք երկնիշ տնտեսական  աճ և միլիարդավոր դոլարների ներդրումներ, մինչդեռ այսօր ունենք երկնիշ արտաքին պարտքի աճ, ցածր տնտեսական ակտիվություն և նույնիսկ նախորդ տարվա այդ անկում ունեցող ժամանակահատվածի համեմատ՝ դեռևս չվերականգնված տնտեսություն:

Այսինքն՝ նախորդ տարվա 7.6 տոկոս տնտեսական անկման համեմատ՝ մենք ունենք ընդամենը 4.4 տոկոս ակտիվության աճ, իսկ որոշ կարևոր ոլորտներ՝ օրինակ,  գյուղատնտեսությունը, շարունակում է 1.5 տոկոս անկում գրանցել նախորդ տարվա համեմատ: Արդյունաբերության ծավալները գրեթե նույնն են, գներն աճում են առաջանցիկ. միջին գնաճն արդեն մոտենում է երկնիշի, իսկ օտարերկրյա  ներդրումները միլիարդավոր դոլարների չեն. զուտ ներհոսքը, այս տարվա ցուցանիշներով՝ ընդամենը 280 միլիոն դոլար է»:

Աղբյուրը՝ 168.am