կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 22:23
Տնտեսական

«Կապիտալը փախչում է երկրից». Ավետիսյանը` ներդրումների և կարանտինի երկարաձգման մասին

«Կապիտալը փախչում է երկրից». Ավետիսյանը` ներդրումների և կարանտինի երկարաձգման մասին

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ներդրումային իրավիճակին, ասել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ տնտեսության վրա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններն ու երկրում կարանտինի երկարաձգումը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի նկատմամբ իշխանությունների կողմից ճնշումները, այնտեղ իրականացվող խուզարկությունները, ինչպես նաև կոմբինատի աշխատակիցներից մեկի ձերբակալությունը բացասաբար կանդրադառնան երկրի ներդրումային գրավչության վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Ավելի վաղ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության («Հայաստան» դաշինք) նախագահ Վահե Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից մեկին:

«2018 թվականից սկսած` պարբերաբար գործադրվում է այդ հիվանդագին դրսևորումները` «ասֆալտին փռելու», «մուրճով» և այլ տարբեր ինտոնացիաներով հարցերը լուծելու խոսակցությունները, ինչը, անխոս, չէր կարող անհետևանք մնալ. կապիտալը «փախչում է» երկրից, և դա բնական է»,- ասաց նա։

Ավետիսյանի խոսքով` ներդրումների համար կարևոր են կանխատեսելիությունը, կայունությունը, օրինականությունը և բոլոր ռիսկերը հաշվարկելու ունակությունը, մինչդեռ Հայաստանում բիզնեսի զարգացումն ու ներդրումների ճակատագիրը կախված են մեկ անձի փոփոխվող տրամադրությունից։

«Եթե այսպես շարունակվի, ապա նույնիսկ համավարակի սահմանափակումները հանելը բավարար չէ տնտեսական անկումը կասեցնելու համար։ Գնալով սրվում է նաև գնաճը, իսկ ներդրումային միջավայրի վատացումը և որպես հետևանք` ներդրումների կրճատումը, նվազեցնում է նաև տնտեսության պոտենցիալը», -նշեց նա։

Ավետիսյանի կարծիքով`այս համատեքստում կարանտինի ռեժիմի երկարաձգումը կարող է բացասաբար ազդել զբոսաշրջիկների հոսքի վրա, ինչը ևս կարևոր գործոն է տնտեսական աճի համար: Չնայած այն բանին, որ կարանտինի ժամանակահատվածում գործնականում սահմանափակումներ չկան, բայց, օրինակ, տուգանքների ռիսկը կարող է խոչընդոտել ինչպես բիզնեսի կայացմանը, այնպես էլ զբոսաշրջիկների հոսքին:

«Անունը կա, բայց իրականում որևէ սահմանափակում չկա։ Եթե նախատեսված էլ են որոշակի նորմատիվ սահմանափակումներով, ակնհայտ է, չէ՞, որ դրանք չեն պահպանվում։ Կարճ ասած` այդ կարանտինը իր նպատակից բխող որևէ դրական արդյունք կամ կանխարգելիչ արդյունք չի ունենում»- եզրափակեց նա:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է երկարաձգել կորոնավիրուսի հետ կապված կարանտինը:

Հայաստանում 2020թ. մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը գործել է արտակարգ դրություն։ Այնուհետև երկրում կարանտին է սահմանվել, որը կտևի մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը: Հուլիսի մեկից Առողջապահության նախարարությունը չեղյալ է հայտարարել բաց տարածքներում քաղաքացիների դիմակ դնելու պարտադրանքը։