Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած շաբաթավերջին հայտարարվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հեռախոսազրույցներ են ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ և համաձայնել դեմ առ դեմ հանդիպում անցկացնել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում։
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ անդրադարձել է Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը:
Հատվածներ ասուլիսից.
«Միշտ էլ հանդիպումը գերադասելի է կրակոցներից, պատերազմից, սակայն այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակում է կազմակերպում, ագրեսիվ պատերազմ է հրահրում, գերեվարում է մեր քաղաքացիներին, մյուս կողմից փորձում է ստեղծել իբր երկխոսության միջավայր», – անդրադառնալով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը` ասաց Արծվիկ Մինասյանը:
«Երկրորդ խնդիրն այն է, որ ի դեմս Հայաստանի` գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ միայն բացահայտ և առնվազն գոնե ընկալելի ձևով չի հաղորդակցվում իր քաղաքացիների, պատասխանատու անձանց հետ, այլև ինքնուրույն կամ ինչ-որ մեկի թելադրանքով մեկուսի քաղաքականություն է վարում, այս տեսակետից հանդիպումը կարող է վտանգներ պարունակել իր մեջ», – շարունակեց նա:
Որպես օրինակ` ընդդիմադիր պատգամավորը նշեց «իսկապես վտանգավոր ու պետականությանն ու ժողովրդին սպառնացող մոտեցումները». «Բանավոր ըմբռնման հիման վրա կարող ենք նոր կորուստների ու զիջումների ականատես լինել», – նկատեց նա:
Բացի այդ, Արծվիկ Մինասյանը հռետորական հարց է ուղղում` տարածքները հանձնելուց հետո ի՞նչ է` պատերազմ ու զոհեր չեղան. «Սա վկայություն է այն մասին, որ այս մարդն այլևս իր առկայությամբ, իր ներկայությամբ ինքն է սպառնալիք դարձել մեր պետության համար», – ասաց նա:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում արդեն երկու ադրբեջանական անցակետերի առկայությանը, ընդդիմադիր գործիչը շեշտեց. «Գորիս-Կապան ճանապարհի երկու կարևորագույն հատվածները հիշենք. «Քանի դու չունես երաշխավորված անվտանգություն, ի՞նչ տրամաբանությամբ է քո հրահանգը գնում, որ դու նահանջես այդ դիրքերից, տրամաբանությունն ու բացատրությունը ո՞րն է: Քաշաթաղի ու այն բնակավայրերը, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական ԶՈւ-ի տիրապետման ներքո, ի՞նչ տրամաբանությամբ էր, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս գային այդտեղից առանց որևէ երաշխիքի, որ քաղաքացիների կամ զինվորականների նկատմամբ, օրինակ, բռնություններ չեն գործադրվի»: