Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առաջին հարվածը ստանալու է Որոտանը, այնուհետև ջրաղբյուրները՝ թե՛ ստորգետնյա, թե՛ մակերևութային, ինչու չէ՝ նաև Սևանը. ELARD-ի այս մտավախությունները Yerkir.am-ի հետ հարցազրույցում մեջբերեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա ընդգծեց, որ եթե միջազգային անկախ փորձաքննությունը հաստատի, որ երկրաբանության և ջրաբանության ուղղություններով կան վտանգներ, և դրանք հաղթահարված չեն, որևէ միջազգային արբիտրաժ չի կարող Հայաստանին պատժել:
Դաշնակցության դիրքորոշումն այն է, որ հանքի փորման աշխատանքները որևէ ձևով չպետք է շարունակվեն, մինչև միջազգային հեղինակավոր որևէ կազմակերպություն ամբողջական հետազոտություն չիրականացնի:
Իսկ այդ ընթացքում «Լիդիանը» պետք է հետևի, որ այսօրվա վնասակար ազդեցություններն ավելի շատ չտարածվեն, որովհետև, Մինասյանի խոսքով, այսօր էական խաթարումներ են տեղի ունեցել՝ լանդշաֆտն էականորեն ձևախեղվել է, կան քիմիական գործընթացներ:
Արծվիկ Մինասյանը վկայակոչեց ELARD-ի հետազոտության մտահոգիչ տվյալները, ասենք՝ գոլորշիացման գերագնահատումը. տեղումները «Լիդիան»-ի նշածից ավելի շատ են լինելու, գոլորշիացումը՝ քիչ: «Հետևաբար, հաշվարկները, որ դուք կատարում եք, թե՝ այսքան կգոլորշիանա, այսքանը մենք պոմպերով դուրս կմղենք, իրականությանը չեն համապատասխանում, տեղումները լինելու են շատ, գոլորշիացումը՝ քիչ, ձեր պոմպերն էլ փորձարկված չեն»,- ընդգծեց նա:
Երկրաբանական ուսումնասիրությամբ՝ հրաբխային այդ զանգվածի ծակոտիներն այնքան շատ են, որ հավելյալ պայթյուններն էլ ավելի են մեծացնելու դրանք, և ծակոտիների միջոցով հեղուկը շատ ավելի արագ է հասնելու ջրային ավազաններին: «Այդ դեպքում ձեր կանխատեսումը, հարգարժա՛ն «Լիդիան», որ ասում եք՝ տեղումների արդյունքում աղտոտված ջուրը 130 տարի հետո նոր կհասնի ջրային հատվածին, իրականում այդպես չէ, շատ ավելի շուտ է հասնելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ ԳՄ անդամը, իհարկե, կարևորում է ծրագրի տնտեսական և սոցիալական լուրջ ցուցանիշները, բայց ասում է՝ այդ ձեռքբերումները բավարար չեն այս կամ այն որոշումը կայացնելիս: «Միանշանակ, պատասխանը «ոչ» է, որովհետև եթե շրջակա միջավայրի վրա ազդեցությունն այնքան բացասական է, որ ազդելու է մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի, համայնքների, կենսաբազմազանության վրա, հանքի շահագործումն արդարացված չէ»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը:
Նա նաև անդրադարձավ «Լիդիան» ընկերությանը հանքի շահագործման թույլտվություն տալու ժամանակաշրջանի իրադարձություններին:
Մանրամասները՝ տեսանյութում: