Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ փետրվարի 7-ին գրավոր հարցում է ուղղել կառավարությանը, ԿԲ-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, արդարադատության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին, ՊԵԿ-ին առ այն, որ ՍԴ որոշումներից հետո այս մարմինները պարտավոր էին էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որ գործատուները հնարավորություն ունենան իրենց կամքն արտահայտելու, սակայն պատասխանել է միայն երկու գերատեսչություն: Նա հարցրեց, թե ո՞րն է պատգամավորի հանդեպ նման անպատասխանատու վերաբերմունքի պատճառը, նաև խնդրեց հստակ պատասխանել՝ Սահմանադրական դատարանի՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ որոշումն անիմաստ նո՞րմ է պարունակում, եթե պարտադիր պահումներ են լինում:
«Եթե դա այդպես է, ապա, պարո'ն նախարար, այս ամբիոնից հայտարարեք, որ այդ որոշումը հնարավորություն է տալիս, որ մարդիկ իրենց կամքով կատարեն վճարումները, ոչ թե էլեկտրոնային հաշվետվությունների միջոցով նրանցից պարտադիր պահումներ անեն»,- ասաց պատգամավորը:
Ի պատասխան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ սահմանված ժամկետում կպատասխանի պատգամավորի գրավոր հարցմանը: Նա նշեց նաև, որ իրենք ՍԴ որոշումը որևէ ձևով չեն մեկնաբանել և հիմա էլ չեն պատրաստվում մեկնաբանել:
Նախարարը նշեց, որ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը, որի միջոցով պարտադիր պահումներն ավտոմատ կատարվում են, պարզ excel ֆայլ չէ, տարիների ընթացքում ձևավորված էլեկտրոնային համակարգ է:
«Այդպիսի խելացի համակարգ է ձևավորված: Նման համակարգը փոփոխությունների ենթարկելը համապատասխան ընթացակարգեր է պահանջում, դա փոքրիկ փոփոխություն կատարել չի»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ հարկային գործակալները պարտավոր են էլեկտրոնային եղանակով փոխանցել հաշվետվություններ՝ կուտակայինի մասով: