կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-19 17:56
Քաղաքական

Չեմ բացառում, որ նոր զոհեր ու գերեվարվածներ կլինեն. քաղաքագետ

Չեմ բացառում, որ նոր զոհեր ու գերեվարվածներ  կլինեն. քաղաքագետ

Կասկածում եմ, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ կլինեն, որովհետեւ հայ-ադրբեջանական սահմանին ռուսական խաղաղապահ զորքն է տեղակայված, իսկ այստեղ Ռուսաստանի  պետական կշռի հարցն է: Այդուհանդերձ, չեմ բացառում, որ լոկալ, տեղային բնույթի պատերազմներ են լինելու, նոր զոհեր, նոր գերեվարվածներ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում հնարավոր  ռազմական գործողություններին եւ քաղաքական օրակարգին:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի` ռուսական կողմից սահմանագծման եւ սահմանազատման առաջարկներ ստանալու եւ դրանք ընդունելի համարելու մասին հայտարարությանը՝ քաղաքագետն ասաց, որ, ընդունելով այդ առաջարկները, Փաշինյանը պատրաստվում է դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գնալ առնվազն այնտեղից, որտեղ այս պահին տեղակայված են ադրբեջանական զինյալները:

Սա նշանակում է, որ Գեղարքունիքի մարզի ռազմավարական նշանակության դիրքեր, Սյունիքից դիրքեր, հենակետեր եւ Հայաստանին կապող միջպետական ճանապարհահատվածներ մնալու են թշնամու վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ 2020թ.-ի մայիսից ադրբեջանցիները կիլոմետր առ կիլոմետր խորացել են Հայաստանի պետական սահմաններից ներս եւ Հայաստանի իշխանությունների թողտվությամբ հրաժարվում են լքել մեր երկրի սուվերեն տարածքները:

«Ւնձ՝ որպես ՀՀ քաղաքացու, մտահոգում են ռուսական առաջարկությունները: Նա խոսում է դրանց մասին եւ չի պարզաբանում, թե որ առաջարկն իրենից ինչ է ներկայացնում, որքանով են այդ առաջարկները բխում Հայաստանի պետական եւ ազգային շահերից: Հայաստանի քաղաքացու թիվ մեկ պահանջը ֆիզիկական անվտանգությունն է: Դա այն բացն է, որից այն կողմ մեր քաղաքացիների  համար մեկ է ամեն ինչ՝ լինի ճանապարհների ապաշրջափակում, թե՝ այլ հարցեր: Քաղաքացիների գլխին կախված է ֆիզիկական անվտանգության խնդիրը, նրանք  հանգիստ կարող են առեւանգվել օրը ցերեկով: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անգամ խաղաղություն չտեսանք»,- մեկնաբանեց քաղաքագետը:

Ղազարյանը շեշտում  է՝ այս իրավիճակում Փաշինյանի, Պուտինի եւ Ալիեւի միջեւ ինչ որոշում էլ, որ լինի, ինչ քայլի էլ գնա օրվա իշխանությունը,  դա չի բխելու Հայաստանի պետական եւ ազգային շահերից:

Անդրադառնալով Սյունիքում օրերս տեղի ունեցած մարտական գործողություններին՝ նա նշեց, որ դրանք դե յուրե միջանցք ստանալու նպատակ էին հետապնդում, և ակնառու դերակատարում ուներ Թուրքիան:

«Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է պրովոկացիոն քայլերի գնալ, որպեսզի միջանցք կոչվածը դե յուրե ստանան: Այս պատերազմի երկրորդ պատճառը հայ հասարակության մեջ կրկին վախի մթնոլորտ մտցնելն էր, որպեսզի հանգիստ կարողանան իրենց հարցերը լուծել»,- նշեց Ղազարյանը:

Քաղաքագետը մեկնաբանեց նաեւ, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Պուտինի եւ Ալիեւ հետ եռակողմ հանդիպմանը, ավելին՝ հերքեց ռուսական աղբյուրների՝ հանդիպման մասին հայտարարությունները:

«Փաշինյանի՝ եռակողմ հանդիպմանը չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ նա այս հանդիպման ժամանակ արդեն պետք է ստորագրեր նախկինում համաձայնեցված խոստումները: Վերջնականապես պետք է պայմանավորվեին՝ ինչ-ինչ քայլերի գնալու համար: Փաշինյանը խուսափեց այս հանդիպումից՝ փորձելով ժամանակ շահել:  Դեպքերը, իրադարձությունները, իշխանությունների հայտարարությունները վերլուծելիս գալիս ենք այն եզրահանգման, որ Փաշինյանը վարում է այն նույն քաղաքականությունը, ինչ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ. խոստացածը տալ պատերազմով՝ միայն թե իրեն չասեն՝ դավաճան»,- ասաց նա:

Ճանապարհ կամ միջանցք տալու որոշումը, ըստ քաղաքագետի, միայն Փաշինյանով չէ պայմանավորված: Ղազարյանը շեշտում է՝ տարածաշրջանում Փաշինյանի գործողությունները կանխողներ կան՝ ի դեմս Ռուսաստանի եւ Իրանի:

Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանն իշխանությունից հեռանալու ինքնակամ որոշում կկայացնի ինչ-ինչ քաղաքական պրոցեսների ավարտից հետո, քաղաքագետը պատասխանեց, որ դա կլինի միայն այն դեպքում, երբ հասարակության կեսից ավելին մտահոգություն հայտնի եւ հրաժարականի պահանջ ներկայացնի: 

«Կասկածում եմ, որ նա ինքնակամ հեռանալու պայմանավորվածություն ունի քաղաքական միջազգային խաղացողների հետ: Եթե օրվա իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո ինքնակամ չհեռացան, այսօր հաստատ չեն հեռանա: Կարծում եմ, որ կրկին ճգնաժամ կհասունանա, հասարակությունը դուրս կգա փողոց՝ իշխանության հեռացման պահանջով: Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ նոր եկած իշխանությունը երկրի անվտանգության հարցը կլուծի եւ վաղվա օրվա նկատմամբ հույս ու հավատ կներշնչի»,- ընդգծեց քաղաքագետը:

Լիանա Սարգսյան