կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-18 21:08
Հասարակություն

Կրոնական բռնաճնշումների նոր ալիք Ադրբեջանում. պատճառներ և հնարավոր զարգացումներ

Կրոնական բռնաճնշումների նոր ալիք Ադրբեջանում. պատճառներ և հնարավոր զարգացումներ

Ադրբեջանում տասնամյակներ շարունակ շիա հավատացյալները և բարձրաստիճան հոգևորականները ենթարկվում են իշխանությունների կողմից հետապնդումների, բռնաճնշումների, անհիմն ու ապօրինի ձերբակալությունների, և այս ամենը մաս է կազմում այդ երկրի իշխանությունների վարած կրոնական քաղաքականության։ Ադրբեջանական կալանավայրերում արդեն մի քանի տարի անազատության մեջ են պահվում ավելի քան 100 շիա հավատացյալներ, այդ թվում՝ Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամադովը, «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդներից Թալեհ Բաղիրզադեն և Էլչին Գասիմովը, շիա աստվածաբաններ Էլշան Մուսթաֆաևը, Աբգյուլ Սուլեյմանովը և ուրիշներ։ Շիա հավատացյալների հանդեպ Ադրբեջանի իշխանությունների վարած այս քաղաքականությունն ունի մի քանի հիմնական պատճառ, որոնց թվում առաջնային են՝

• ԻԻՀ կրոնական ակտիվության ճնշումը Ադրբեջանի Հանրապետության տարածքում,
• ԻԻՀ-ի կողմից աստվածապետական կառավարման մոդելի («վէլայաթ-է ֆաղիհ»)՝ Ադրբեջան արտահանման և այնտեղ իսլամական պետություն ստեղծելու ավանդական վախը, որ տասնամյակներ շարունակ ունեն ԱՀ իշխանությունները,
• ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության և ուժային ու անվտանգային կառույցներում, ինչպես նաև հասարակության շոշափելի մի հատվածի շրջանում տիրապետող այն կարծրատիպը և վախերը, որ Ադրբեջանում ակտիվ և հեղինակավոր բոլոր շիա հավատացյալներն իրանական գործակալներ ու լրտեսներ են և Ադրբեջանի տարածքում զբաղված են լրտեսությամբ, ինչպես նաև կրոնական քարոզների միջոցով «ուղեղների լվացմամբ», ադրբեջանական հասարակության շրջանում Ադրբեջանի գործող իշխանությունների դեմ բացասական տրամադրությունների տարածմամբ և նրանց վարկաբեկմամբ։

Պատահական չէ նաև, որ Ադրբեջանում տարբեր օրենքների ընդունմամբ և արհեստական, կեղծ օրենսդրական խոչընդոտների ստեղծմամբ 1995 թվականից ի վեր քաղաքական հավակնություններ ունեցող և այդ երկրի առաջին գումարման խորհրդարանում ներկայացված իսլամական կուսակցությանը թույլ չի տրվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

Կրոնական ցնցումների և բռնաճնշումների մի օրինակ ոչ վաղ անցյալից

2015 թ. նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ հետխորհրդային Ադրբեջանի ամենաթեժ կետերից մեկում՝ Ապշերոնյան թերակղզում գտնվող Նարդարան ավանում սկիզբ առած կրոնական շարժումը նոյեմբերի 26-ին ավարտվեց տեղի հավատացյալների և ԱՀ ոստիկանության ուժերի միջև բախմամբ, որի հետևանքով սպանվեցին 4 նարդարանցի և 2 ոստիկան, ավելի ուշ ևս մեկ վիրավոր նարդարանցի մահացավ հիվանդանոցում ։ Դեպքի առնչությամբ Ադրբեջանի ՆԳՆ և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ ասված է, որ Նարդարանի շիաները ԱՀ սահմանադրությունն իսլամական շարիաթով փոխարինելու նպատակով ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» կազմակերպությունը, կողմնակիցներ ձեռք բերել ԱՀ այլ շրջաններում և նրանց ապահովել զենքով: Չնայած տեղի ունեցածի պատճառը մասնագետներից ոմանք համարում են Ադրբեջանում սոցիալ-տնտեսական դրության վատթարացումը, սակայն, չժխտելով նշված վարկածի հավանականությունը, դրա գլխավոր պատճառն իրականում կարող էր լինել ադրբեջանական իշխանությունների վարած կրոնական քաղաքականության խստացումը։ Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների հետևանքով էլ ավելի էր մեծացել հասարակության շրջանում շիայական հոգևորականության դերն ու ազդեցությունը, հանգամանք, որը մշտապես դիտարկվել է որպես իրական սպառնալիքի աղբյուր Ալիևների վարչակարգի դեմ։ Բացի այդ՝ ավանդական ընդդիմադիր քաղաքական գործիչները ևս սկսել էին հենվել մզկիթների և դրանցում հավաքվող հասարակության հավատացյալ շերտի աջակցության վրա ։ Դեպքերից անմիջապես հետո ԱՀ նախագահ Ի. Ալիևի դեկտեմբերի 4-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Կրոնի և հավատքի մասին» օրենքում, որով ուժեղացվել է կրոնական շարժումների գործունեության նկատմամբ վերահսկողությունը, նաև արգելվում է հասարակական վայրերում կամ պաշտամունքային վայրերից դուրս հնչեցնել կրոնական կարգախոսներ, ցուցադրել կրոնական դրոշներ և ատրիբուտներ:

Վերը ներկայացված նարդարանյան դեպքերից հետո անցած մի քանի տարվա ընթացքում Ադրբեջանում շարունակվել են շիա հոգևորականների ձերբակալությունները։ Հատկապես հարավային թալիշաբնակ շրջաններում և դրանց կենտրոն Լենքորան քաղաքում, իսկ 2018 թ. Իրանում հոգևոր կրթություն ստացած մի գանձակեցի մահափորձ կատարեց Գանձակի քաղաքապետի դեմ, որից հետո նարդարանյան լարվածությունն էլ ավելի բուռն ընթացքով կրկնվեց արդեն բնակչության թվաքանակով Ադրբեջանի երրորդ մեծ քաղաք Գանձակում։ Մահափորձ իրականացնողն այս տարի դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Կրոնական բռնաճնշումների նոր ալիքը

Հոկտեմբերի 19-ին Բաքվում ԱՀ պետանվտանգության ծառայության աշխատակիցների կողմից սեփական բնակարանի խուզարկությունից հետո բերման է ենթարկվել շիա հավատացյալ, աստվածաբան, Խղճի և դավանանքի ազատության պաշտպանության կենտրոնի (DEVAMM) նախագահ Իլգար Իբրահիմօղլուն, որն ազատ է արձակվել միայն մեկ օր անց՝ ժամեր տևած հարցաքննությունից հետո, պայմանով, որ պետք է շուտով նորից ներկայանա ՊԱԾ՝ կրկին հարցաքննվելու։ Վերջինիս տան խուզարկության ժամանակ առգրավվել են գրքեր և աուդիո սկավառակներ։

Նույն օրը ձերբակալվել են նաև Իրանի հետ սերտ կապեր ունեցող մի քանի շիա հավատացյալներ և քարոզիչներ, այդ թվում՝ «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» հասարակական կազմակերպության 5 անդամներ՝ Սարդար Բաբաևը, Գադիր Մամմադովը, Ջալալ Շաֆիևը, Ալի Մուսաևը և Թամքին Ջաֆարովը, որոնք բոլորն էլ այս կամ այն կերպ առնչություն ունեն կրոնական քարոզով զբաղվող և, ըստ տարբեր աղբյուրների, իրանական հովանավորություն ունեցող «Maide.az» կայքի հետ։ Թամքին Ջաֆարովի ձերբակալության ժամանակ, որն իրականացվել է քաղաքացիական հագուստներով նրա բնակարան ներխուժած ՊԱԾ 15 աշխատակիցների կողմից, առգրավվել են նաև նրա անձնական իրերը, այդ թվում՝ նոթբուքը, բջջային հեռախոսը և տեսանկարահանման խցիկը։

Թեև հաջորդ օրերին ձերբակալվածների մի մասն ազատ է արձակվել, սակայն արդեն հիշատակված «Maide.az» կայքի գլխավոր խմբագիր Սարդար Բաբաևը, ով 2017 թ.՝ դեռևս թալիշաբնակ Մասալլիի վարչական շրջանի Ջումա մզկիթի իմամ եղած ժամանակ, ձերբակալվել և բանտում երեք տարի անցկացնելուց հետո ազատ է արձակվել, դեռևս շարունակում է մնալ անազատության մեջ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ քառամսյա ժամկետով։ Ինքը՝ Սարդար Բաբաևը, հայտարարել է, որ իր հանդեպ սկսված հետապնդումներն ունեն քաղաքական պատճառներ և պայմանավորված են Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմամբ։ Նույն միտքն է արտահայտել նաև Սարդար Բաբաևի հետ նույն օրը ձերբակալված և մի քանի օր անց ազատ արձակված Ջալալ Շաֆիևը՝ նշելով, որ Բաբաևի ձերբակալման պատճառը նրա հրապարակումներն են՝ արված «Maide.az» կայքում, ինչպես նաև նրա հանդեպ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ ժամանակին ցուցաբերած հատուկ ուշադրությունը, որը դրսևորվել է չալմա (կրոնական գլխաշոր, փաթթոց) նվիրելով։

Ադրբեջանում շիա հավատացյալների հանդեպ հետապնդումները շարունակվել են նաև հաջորդ օրերին։ Մասնավորապես հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել և դարձյալ ժամեր տևած հարցաքննությունից հետո ժամանակավորապես ազատ է արձակվել աստվածաբան և Բաքվի Հաջի Ջավադ մզկիթի նախկին աղոթապետ Ահլիման Ռուստամովը, որի ձերբակալությունը ևս ուղեկցվել է անձնական իրերի, այդ թվում՝ անձնական գրադարանից 15 կրոնական գրքերի, նոթբուքի և բջջային հեռախոսի առգրավմամբ։ Ահլիման Ռուստամովի ձերբակալությունից անմիջապես հետո վերջինիս որդին՝ Հասան Ռուստամովը, հայտարարել է, որ հոր ձերբակալության պատճառը Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններն են։

Բացի այս ամենից՝ հոկտեմբերի 19-27-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետանվտանգության ծառայության որոշմամբ այդ երկրի տարածքում արգելափակվել է հիմնականում կրոնական բովանդակություն գեներացնող և տարածող, նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ ասոցացվող մի շարք կայքերի հասանելիությունը, որոնց թվում են՝

• www.deyerler.az,
• www.maide.az,
• www.ahlibeyt.az,
• www.shia.az,
• www.islaminsesi.az:

Առաջին երկու կայքերի` «www.deyerler.az» և «www.maide.az», գլխավոր խմբագիրներն են համապատասխանաբար Իլգար Իբրահիմօղլուն և Սարդար Բաբաևը՝ երկուսն էլ այս օրերի հետապնդվածների շարքերում հայտնված, իսկ վերջինը՝ «www.islaminsesi.az», Ադրբեջանի իսլամական կուսակցության պաշտոնական կայքն է, որի բոլոր առաջնորդներն այս պահին անազատության մեջ են։

Զուգահեռաբար այս օրերին տարբեր սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ հոկտեմբերի երկրորդ կեսին Ադրբեջանում ձերբակալվածների կամ հարցաքննությունների կամ ՊԱԾ բաժանմունքներ բերման ենթարկվածների իրական թվաքանակը գերազանցում է 150-ը:

Եթե անդրադառնանք Ադրբեջանում սկսված կրոնական բռնաճնշումների նոր ալիքի հիմնական պատճառին և դրա քննությանը, ապա ակնհայտ է մի բան. Ադրբեջանում կրոնական բռնաճնշումների նոր ալիքը հաջորդեց Իրան-Ադրբեջան հարաբերություններում առաջացած աննախադեպ լարվածությանը, որի պաշտոնական պատճառը կարծես թե ՀՀ-ԻԻՀ միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական կողմի իրականացրած գործողություններն էին, մասնավորապես՝ ոստիկանության կողմից իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգումը, երկու իրանցի վարորդների ձերբակալումը, ապա դրանց հաջորդած իրանական զորավարժությունները, կրոնական և քաղաքական գործիչների՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ ականջահաճո հայտարարությունները, ամենաբարձր մակարդակով փոխադարձ մեղադրանքները, սպառնալիքները և այլն։

Կարծես նույն պատճառն են նշում նաև ձերբակալված շիա հավատացյալները, նրանց հարազատները, փաստաբանները, քաղաքական վերլուծաբանները և թեմային ի մոտո ծանոթ մասնագետները։ Բոլորը համարում են, որ շիա հավատացյալների ձերբակալությունների, հարցաքննությունների և հետապնդումների հիմնական պատճառը Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններն են։

Այնուամենայնիվ, Ադրբեջանում ընթացող ներքին այս գործընթացների արտաքին երեսը միայն կարող է պայմանավորված լինել Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարմամբ և դրանից բխող որոշ գործողություններով։ Իսկ իրականում դրանք կարող են լինել խուլ արձագանքը այն խորքային գործընթացների, որոնք ընթանում են Ադրբեջանի ներսում և տեսանելի ու լսելի չեն արտաքին դիտարկողի համար։ Այդ գործընթացներն իրենց հիմքում ունեն և՛ ներքաղաքական խմորումների, և՛ սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրների տարրեր, ինչպես և ծայրահեղ բևեռացող հետպատերազմական հասարակություններին հատուկ դրսևորումներ, ինչը, այնուամենայնիվ, շատ լավ են զգում և դրանց պայթյունավտանգ էությունը հասկանում են Ադրբեջանի գործող իշխանությունները։

Նմանատիպ բռնաճնշումները որքան էլ որ ուղղված լինեն այս պահին կոնկրետ մի խմբի՝ շիա հավատացյալների դեմ, պարունակում են ճնշող ազդակներ նաև հասարակության մյուս խմբերի համար և, մեծ հաշվով, ունեն ներսից տեսանելի՝ հավանական ապակայունությունը զսպող նշանակություն։ Այս առումով տողերիս հեղինակին հետաքրքիր է թվում վտարանդիության մեջ ակտիվ գործունեություն ծավալող ադրբեջանցի քաղաքագետ Արասթուն Օրուջլուի մի մեկնաբանությունը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով շիա հավատացյալների ձերբակալություններին, արել է հետաքրքիր կանխատեսումներ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ձերբակալությունները շարունակվելու են, ընդ որում, դրանք չեն սահմանափակվելու միայն հավատացյալներով։ Ձերբակալվելու են նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, լրագրողներ, ՀԿ առաջնորդներ և պարզապես քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչներ, քանի որ սկսված ձերբակալությունների պատճառը ո՛չ Իրանն է, ո՛չ Թուրանը և ո՛չ էլ որևէ այլ երկիր։ Պատճառը երկրի ներսում արագորեն խորացող սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամն է, նաև կառավարման ձախողումը։ Եթե մոտ օրերս Ադրբեջանում հայտարարվի նաև դևալվացիա, պետք չէ զարմանալ։ Համակարգը բոլոր առումներով տապալվել է, ուստի այս իրավիճակում գործող իշխանությունները լուծումը տեսնում են ձերբակալությունների և բռնաճնշումների մեջ»:
Եթե չափազանցված չեն Արասթուն Օրուջլուի կանխատեսումները, ապա բացառված չէ, որ մոտ ապագայում ականատեսը լինենք Ադրբեջանի ներսում որոշ զարգացումների կամ այնպիսի գործընթացների, որոնք կարող են երկիրը տանել ներքին տևական ապակայունացման:

Արտյոմ Տոնոյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի աշխատակից

«Դրօշակ» թիվ 11 (1660), նոյեմբեր 2021 թ.