կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 14:50
Քաղաքական

Ադրբեջանում շատերը համոզված են՝ ՀՀ-ում բոլորը դաշնակցական են, և սա որպես էթնիկ-կրոնական երևույթ է ընկալվում. Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանում շատերը համոզված են՝  ՀՀ-ում բոլորը դաշնակցական են, և սա որպես էթնիկ-կրոնական երևույթ է ընկալվում. Սամվել Մարտիրոսյան

Բավականին երկար ժամանակ անհասկանալի էր, թե ադրբեջանական կողմը քարոզչական ինչ սցենար է փոխում, մշակում, մասնավորապես` Սումգայիթի վերաբերյալ կոնկրետ սցենար չկար, Ադրբեջանը փորձում էր տարբեր սցենարներ փորձարկել, քանի որ անհրաժեշտ էր ստեղծել իր համար նպաստավոր պատկեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Տարբեր տարիների մի քանի սցենարներ փորձարկեցին. նախ՝ ադրբեջանցիների ջարդ է տեղի ունեցել Հայաստանում 1987-ին, որի հետևանքով այնտեղից փախստականներ են եկել Սումգայիթ, և այդտեղ իրադարձություններ են եղել՝ որպես հետևանք հայաստանյան գործողությունների: Այս ամեն ինչի շուրջ ինչ-որ բազա, հիմք էր ստեղծվել, և այս թեման մի պահ միջազգային մամուլ էր ներթափանցել, ու խնդիր կար այն պտտելու: Հետո երկար ժամանակ ակտիվորեն շրջանառվում էր այն սցենարը, թե դա սովետական ԿԳԲ-ի կողմից իրականացված հատուկ գործողություն էր: Իսկ արդեն վերջում կանգ առան ամենաանհեթեթ թեմայի վրա և սկսեցին օգտագործել այն, թե ջարդարարների մեջ եղել է մի հայ՝ ոմն Էդիկ Գրիգորյան, որը մի կողմից հայ է, մյուս կողմից՝ հայրը շատ վաղ ժամանակներում ընտանիքը լքել է, ինչը, թերևս, այդ մարդու մոտ հակահայկականություն է առաջացրել, և նա հարյուրավոր ջարդարարներից մեկն է»,- մանրամասնեց փորձագետը՝ հավելելով, որ, ըստ եղած վկայությունների, սումգայիթյան դեպքերը նախապատրաստված են եղել, քանի որ հեռախոսները չեն աշխատել հայկական բնակարաններում, հայերի բնակարանների հասցեների հստակ ցուցակներ են եղել, ոստիկանությունը ոչ մի կերպ չի արձագանքել, ավելին` ոստիկաններ են եղել ջարդարարների թվում: 

«Այս ամենը ադրբեջանական կողմը փորձում է վերածել դավադրապաշտական, կոնսպիրոլոգիական թեմայի, թե հայերը նախօրոք ներթափանցել են Սումգայիթ: Ի դեպ, հայ ասելով` նրանք հաճախ օգտագործում են «դաշնակ» տերմինը: Դա էլ միֆ է, որ հայը և դաշնակցականը միասնականացվում են: Ադրբեջանում շատերը համոզված են, որ ՀՀ-ում բոլորը դաշնակցական են, և սա որպես կրոնական, էթնիկ-կրոնական երևույթ է ընկալվում, քան կուսակցական կամ քաղաքական: Սա միֆ է, որը տարիներ շարունակ այնտեղ աճեցվել է: Ինչևէ, թեզն այն է, որ հայերը ներթափանցել են Սումգայիթ, որպեսզի Ղարաբաղյան խնդիրը բարձրացնելու առիթ ստեղծեն:  Նրանք երկար ամիսներ հակահայկական քարոզչական գործողությունները շատ թույլ էին իրականացնում, հիմնականում` ռազմական, բանակային թեմաների շուրջ, իսկ քաղաքական քարոզչությունն ինչ-որ պահի զրոյացել էր գրեթե: Սա, թերևս, պայմանավորված էր նրանով, որ չէին կարողանում կողմնորոշվել` հայաստանյան նոր իշխանությունների հետ ինչպես վարվել՝ հաշվի առնելով միջազգային մամուլում ՀՀ-ի շուրջ բավականին մեծ աղմուկը: Սակայն վերջին օրերին հակահայկական քարոզչական գործողություններն աճել են, և Խոջալուի իրադարձությունների շուրջ լուրջ ակտիվություն է, այդ թվում՝ քաղաքական, դեսպանատներն ակտիվ աշխատել են, կա ֆինանսական լուրջ ներդրում: Օրինակ՝ «Ֆեյսբուք»-ում լուրջ քանակի գովազդ է պտտվում, ընդ որում՝ այդ գովազդները տեղադրվում են անգամ Կարիբյան կղզիներում գտնվող փոքրիկ պետություններում, որոնք չգիտեն, թե որտեղ է Ադրբեջանը, ոչ էլ` Հայաստանը, բայց գումարներ են ծախսվում այդ ուղղությամբ: Մյուս կողմից՝ Ադրբեջանը կարողացել է նաև լուրջ բաներ ստանալ մեդիաներում, օրինակ՝ ռուսական լրատվամիջոցները շատ ակտիվ այս երկու օրը միակողմանի ռեպորտաժներ են անում, ինչը ստիպում է ենթադրել, որ այս լրատվամիջոցների հետ լուրջ աշխատանք է տարվել, որովհետև դժվար այդքան սևեռված և միակողմանի հետաքրքրություն լիներ մի թեմայի շուրջ, որը ռուսական հասարակությանը չի հետաքրքրում»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմից այս տարի հակահայկական քարոզչական գործողություններն ավելի լայնամասշտաբ են, քան նախորդ տարի: