ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը փոփոխություններ և լրացումներ է կատարել ԱՆ նախարարի 28 մարտի 2017թ. N 12-Ն հրամանի մեջ։
Փոփոխության հիմքը՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը։
Հիշյալ հրամանի 4-րդ գլխի (ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ) 46-րդ կետով սահմանվում է. «Հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում»։
Հրամանի աբսուրդային այս կետը հարյուրավոր դպրոցներ (հատկապես՝ մարզերում և գյուղական բնակավայրերում) չեն կարողանա իրականացնել, քանի որ ջեռուցումն իրականացնում են նավթի կամ փայտի վառարաններով։
Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում 18 դպրոց դիզվառելիքային վառարանով է ջեռուցվում, 7 դպրոց՝ վառելափայտով։ Ընդհանուր առմամբ, Գեղարքունիքի մարզում 25 դպրոց ջեռուցվում է վառարաններով։ Ստացվում է, որ վառարաններով ջեռուցումը հակասում է ԱՆ նախարարի հիշյալ հրամանին։
Հաջորդը՝ հարյուրավոր դպրոցներ ունեն քայքայված շենքային պայմաններ (վթարային շենքեր), և անհնար է պահպանել հիշյալ հրամանի 47, 49, 50 և 51-րդ կետերի պահանջները, օրինակ՝ նորմատիվային ջերմության պահպանումը կամ օդափոխության կարգավորումն՝ ըստ ռեժիմի։
Կան դպրոցներ որոնք նույնիսկ շենքի ներսում չունեն սանհանգույցներ, իսկ հրամանով ասվում է՝ սանհանգույցներն ապահովեք տաք և սառը ջրամատակարարումով և այլն։
Ամփոփելով՝ փաստենք զավեշտը. պետությունը չի կատարում իր պարտականությունները, սակայն պահանջներ է դնում, որոնց կատարումը մեծ մասամբ անհնար է։