կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-20 18:01
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տխուր ճակատագիր է սպասվում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն․ պատմաբան

2020թ․ Արցախյան պատերազմի ամենաողբերգական հետեւանքներից մեկն էլ այն է, որ, բացի տարածքային եւ մարդկային կորուստներից, ունեցանք պատմամշակութային արժեքների հսկայական կորուստ։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Արտակ Մաղալյանը Yerkir.am-ի հետ զրույցում ցավով արձանագրում է․ «Տխուր ճակատագիր է սպասվում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Կպահպանեն, բայց կփորձեն դիմախեղել, ներկայացնել ոչ հայկական։ Ցավալի է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կարեւոր կառույցի արձագանքը չենք լսում։ Թվում է, թե պետք է աղաղակ բարձրացնեին, բայց քար լռություն է տիրում։ Ցավոք, միջազգային հանրությունը ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, հիմա էլ է լռում»։

Ըստ պատմաբանի՝ կորսված պատմամշակութային հուշարձանների թվում կան համամարդկային նշանակության այնպիսի կարեւորագույն հուշարձաններ, ինչպիսիք են՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտը, որտեղ հնագիտության ինստիտուտի արշավախումբը կարեւոր պեղումներ էր կատարում, կարեւորագույն բացահայտումներ էր արել վերջին տասնամյակում, Լաչինի շրջանի Ծիծեռնավանքը, որը հայկական վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի չափազանց կարեւորագույն հուշարձան է, չափազանց կարեւոր նշանակություն ուներ Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մելիքական ապարանքը։

«Դիզակի մելիք Եգանի մելիքական ապարանքը՝ վրայի արձանագրության մեջ մելիք Եգանը նշում է, որ Իրանի Նադիր շահի կողմից ստացել է Խամսայի մելիքությունների գերագահություն։ Ապարանքը թվագրվում է 1737թ․-ով եւ այդ արձանագրության մեջ չափազանց կարեւոր նախադասություն կար․ «Ես չթողեցի, որ Հայաստանից գերի տանեն»։ Սա նաեւ պատմական վկայություն է այն բանի, որ Արցախը հայկական է։ Դա վերաբերում էր օսմանյան ռազմակալման այն շրջանին, երբ օսմանյան զորքերը Հայաստանում էին, եւ Դիզակի մելիք Եգանը այդ նախադասությամբ փաստում էր, որ թույլ չի տվել, որ Հայաստանից օսմանցիները գերի տանեն»,- ասում է պատմաբանը՝ շեշտելով՝ այսպիսի կարեւորագույն հուշարձաններ մնացին թշնամու վերահսկողության տակ, եւ դրանց չափազանց ցավալի եւ տխուր ապագա է սպասվում։

Այս հուշարձաններից բացի, կան նաեւ գյուղական գերեզմաններ, ուխտավայրեր, խաչքարեր, աղբյուր-հուշարձաններ, կարեւոր են նաեւ Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները, որոնք ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են։ Ըստ պատմաբանի՝ ադրբեջանցիները մեծ հուշարձանները, օրինակ՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ցուցադրաբար կպահպանեն, սակայն կփորձեն խեղել դրանց ինքնությունը։

«Վերջերս տեսանք, թե ադրբեջանցի մահմեդականների հոգեւոր առաջնորդն ինչպես էր Ղազանչեցոց այցի ժամանակ ասում, որ եկեղեցին ռուսական ծագում ունի»,-նշում է պատմաբանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան