Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանի վարչապետն այստեղ աշխատում է ոչ թե որպես անկախ երկրի վարչապետ, այլ նա պայմանական Արևմուտքի ներկայացուցիչն է, որի միջոցով պայմանական Արևմուտքը փորձում է իր հարցերը այս տարածաշրջանում լուծել իր ուզած ձևով՝ խանգարելով Ռուսաստանին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, թե Բաքու, այնուհետև Երևան է մեկնելու հարևաններին հաշտեցնելու նախաձեռնությամբ։ Ի դեպ, Ղարիբաշվիլու վերջին միջնորդության հետևանքով Ակնայի ականապատման քարտեզները հանձնեցինք Ադրբեջանին։
«Ղարիբաշվիլին համարվում է նաև Թուրքիայի քաղաքականության բավական ջերմ աջակիցը, և այստեղ ևս երևում են Թուրքիայի ականջները Ղարիբաշվիլիի թիկունքում, որը ևս ուզում է Ղարիբաշվիլիի օգնությամբ Հայաստանը պոկել Ռուսաստանից և ավելի սերտաճեցնել Թուրքիայի հետ»,-ասաց Տիգրան Քոչարյանը։
Փաշինյանի խաղաղության պլատֆորմը հիմնականում սատարում է Թուրքիան․ նկատեց փորձագետը, և այստեղ Ղարիբաշվիլի գործունեությունը, նրա կարծիքով, հիմնականում ուղղված է սպասարկելու Թուրքիայի շահերը Հայաստանի հետ կապված հարցերում։
Այս օրերին Հայաստանից ու Ադրբեջանից նաև փորձագիտական խմբեր են հանդիպում Բաքվում, և վրացական կողմի հետ քննարկում «հաշտեցման» հարցերը։ Տիգրան Քոչարյանն ընդգծում է, որ Թիֆլիսը միշտ եղել է կենտրոն, որի միջոցով Հարավային Կովկասում ԱՄՆ-ը և այլ Արևմտյան երկրներ իրենց ֆոնդերի միջոցով տարբեր տիպի ծրագրեր են իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որովհետև լոգիստիկ առումով ավելի հարմար է․ այդ համբավը Թիֆլիսը ձեռք է բերել։
«Եթե Արևմուտքը Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված ինչ-որ բան է փորձում անել, հիմնականում անում է կամ Թիֆլիսում կամ Թուրքիայում՝ Ստամբուլում։ Հիմա որպեսզի ականջները տենց վառ չերևան, որ հենց Թուրքիայի նախաձեռնությունն է, դա հիմնականում անում են Թիֆլիսում և տարբեր տիպի ֆորմատներով՝ դա կարող է լինել փորձագետների հանդիպում, դա կարող է խաղաղասիրության պլատֆորմի ինչ-որ բաղադրիչ լինել, այսինքն, այդ գործընթացներում ներգրավվող մարդիկ չեն սպասարկում Թուրքիայի շահերը, բայց ընդհանուր այս միտումը հենց Թուրքիայի կողմից է արված»,-բացատրեց Տիգրան Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ ժամանակին Ղարիբաշվիլիի հասցեին Թուրքիայի օգտին լոբբինգ անելու մեղադրանքներ էին հնչում, երբ մի տարածք տրվել էր Թուրքիային և էկոլոգիական պրոբլեմներ էին ստեղծվել։ Բողոքի ցույցեր էին լինում ու միայն վերջերս կանգնեցրին այդ գործընթացը, և բողոքողները միշտ մեղադրում էին Ղարիբաշվիլուն թուրքական լոբբինգի մեջ։ Այս դեպքում էլ Ղարիբաշվիլին շատ հարմար մարդ է։
«Այստեղ ևս մեկ մարդու գործոնն է երևում․ իմ կարծիքով, դա նաև Արսեն Խառատյանի ջանքերն են գործադրվում, որովհետև ինքը վաղուց է բույն դրել Վրաստանում, և պետք է չմոռանանք, որ նա եղել է Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերով խորհրդականը, զբաղվում է տարբեր տիպի ոչ պաշտանական հանդիպումներ կազմակերպելով և այդ գործունեությունն, իմ կարծիքով, ինքը չի դադարեցրել և նա ևս ներգրավված է այդ ամենում»,-ասաց Տիգրան Քոչարյանը։
Մենք ասում ենք պայմանական Արևմուտք, ընդգծեց նա, բայց դա հիմնականում Թուրքիայի և դեմոկրատական ԱՄՆ-ի նախաձեռնությունն է։ Իսկ հիմնական նպատակը միակն է՝ որևէ հարց այստեղ չլուծել, ուղղակի Հայաստանը պոկել Ռուսաստանից և հետո հանձնել Թուրքիային։
Աննա Բալյան