կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 11:34
Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանը քվեարկելու է վարչապետ Ղարիբաշվիլիի նոր կառավարության օգտին

Վրաստանի խորհրդարանը քվեարկելու է վարչապետ Ղարիբաշվիլիի նոր կառավարության օգտին

Վրաստանի խորհրդարանը երկուշաբթի նախատեսում է քվեարկություն անցկացնել նոր կառավարության վստահության հարցի շուրջ։ Վարչապետի պաշտոնում առաջադրվում է  պաշտպանության ներկայիս նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Քվեարկության հարցը ներառված է արտահերթ լիագումար նիստի օրակարգում:

Ղարիբաշվիլին, որն արդեն ղեկավարել էր Վրաստանի կառավարությունը 2013-2015 թվականներին, նվազագույն փոփոխություններ է կատարել իր երկրորդ կաբինետի կազմում: Բոլոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնները, բացառությամբ տարածաշրջանային զարգացման և պաշտպանության նախարարության ղեկավարների: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նոր նախարարի պաշտոնում խորհրդարանն առաջարկել է Իրակլի Կարսելաձեի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ Ջուանշեր Բուրչուլաձեն կդառնա պաշտպանության նոր նախարար:

Ապագա կառավարության ծրագրի հիմնական ուղղությունները ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրումն է, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորմանը ձգտելը: Համապատասխան խորհրդարանական հանձնաժողովներն արդեն հաստատել են նախարարների թեկնածուներին: Ընդդիմությունը հայտարարել է, որ չի սատարելու նոր կաբինետին, բայց իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որը խորհրդարանում ներկայացնում է 90 պատգամավոր, վստահ է, որ Ղարիբաշվիլիի կաբինետը հաստատվելու է առանց խնդիրների, քանի որ պետք է ավելի քան 75 խորհրդարանականի քվե։

Վրաստանը մնացել էր առանց կառավարության ղեկավարի այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց փետրվարի 18-ին՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Նիկա Մելիայի ձերբակալության շուրջ թիմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Փետրվարի 17-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը թույլատրել է Մելիային ձերբակալել 2019-ի հունիսյան ցույցի անկարգությունների գործով 40 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար) գրավը չվճարելու համար: Հաջորդ օրը իրավապահները գնացել էին ձերբակալելու Մելիային, որը կուսակցության գրասենյակում էր փետրվարի 16-ից, բայց Միացյալ ազգային շարժման կողմնակիցները ուժայիններին թույլ չէին տվել մտնել շենք: ՆԳՆ-ն ստիպված էր եղել որոշ ժամանակով հետաձգել ընդդիմադիրի ձերբակալությունը: