կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-28 17:20
Քաղաքական

Բազմաթիվ կոնվենցիաներով կարող ենք Ադրբեջանի դեմ հայցեր ներկայացնել, բայց չի արվում քաղաքական պատճառներով․ Տարոն Սիմոնյան

Բազմաթիվ կոնվենցիաներով կարող ենք Ադրբեջանի դեմ հայցեր ներկայացնել, բայց չի արվում քաղաքական պատճառներով․ Տարոն Սիմոնյան

44-օրյա պատերազմից մեկ տարի անց միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու միջպետական հայց է ներկայացրել՝ մեկը պատերազմի հետևանքով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների խախտումների մասին է, մյուսը՝ Արդարադատության միջազգային դատարան (ՄԱԿ-ի միջազգային դատարան) է ներկայացվել՝ ռասսայական խտրականության ու մարդկանց՝ պատերազմի հետեւանքով կրած զրկանքների մասին։

Իրավագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց, որ բազմաթիվ այլ կոնվենցիաներ կան, որոնցով հայկական կողմը կարող է իր շահերը պաշտպանել, բայց դա չի արվում քաղաքական պատճառներից ելնելով։

Գործող իշխանություններին դա անել, նրա ենթադրությամբ, խանգարում է խաղաղության պատրանքը՝ նրանք մտածում են, որ եթե հանկարծ այս գործընթացներն սկսեն, Ադրբեջանն այլևս պատրաստ չի լինի խաղաղության, բայց Ադրբեջանը, ըստ նրա, երբեք պատրաստ չի եղել և չի լինելու խաղաղության։

Իրավագետը թվարկեց մի քան կոնվենցիաներ, որոնցով կարող ենք մեր շահերը պաշտպանել միջազգային ատյաններում․ օրինակ, Վարձկանների դեմ պայքարի կոնվենցիան, որը 2020 թ-ի նոյեմբերին ենք վավերացրել, իսկ Ադրբեջանը՝ դեռ 1997 թ-ին։

«Կարող էին վարձկանների հետ հապված հարցը բարձրացնել ՄԱԿ-ի արդարադատության դատարանում․ չի արվել»,-արձանագրեց Տարոն Սիմոնյանը։

Ունենք նաև Խոշտանգումների դեմ կոնվենցիա։

«Եվ դուք գիտեք՝ մեր գերիներին ինչքան մեծ քանակությամբ խոշտանգումների են ենթարկել ու ենթարկում Ադրբեջանում․ այս կոնվենցիայով էլ խնդիրը կարող ենք բարձրաձայնել ՄԱԿ-ի դատարանում․ էլի չի արվել ու չի արվում»,-ասաց նա։

Հաջորդը ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիան է, որի շրջանակներում էլի կարող ենք իրավական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ՝ հաշվի առնելով, որ ահաբեկիչներ բերելը, ահաբեկիչներին վարձատրելը, ըստ էության, այս կոնվենցիայի խախտում է։ Օրինակ, այս կոնվենցիայով կարող ենք նաև Թուրքիային պատասխանատվության դաշտ բերել, բայց էլի չի արվում։

Շարքը կարելի է երկար շարունակել։

«Ինչո՞ւ է, որ պասիվ ենք այս գործում, որովհետև մեր քաղաքական իշխանությունը և՛ այսօր, և՛ սրանից առաջ միշտ կաշկանդված է եղել իր արտաքին քաղաքականության բնագավառում, և վախեցել է նախաձեռնողական քաղաքականություն վարել, ավելի շատ ռեակտիվ քաղաքականություն է վարել։ Երբեք չի ուզեցել ինչ-որ բան նախաձեռնի անգամ սեփական շահերը պաշտպանելու համար»,-ասաց Տարոն Սիմոնյանը։

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով միջազգային գանգատները հիմնականում անհատական են, ոչ թե պետական։ Տարոն Սիմոնյանը խնդիր չի տեսնում՝ անհատականները կան, երբեմն դա կարելի է դիտարկել որպես ընդհանուր ռազմավարական պրոցես։ Բայց խնդիր է տեսնում այլ հարցում՝ մինչև քաղաքական որոշում չլինի, իրավական որևէ հայց չի ներկայացվում։

«Այն մասնագետները, ովքեր դրանով զբաղվում են, շատ լավ մասնագետներ են, իրենցից կախվածը անում են շատ լավ։ Բայց մինչև դատարան գնալը, մինչև դատարանում պետության կամ անձի շահերը պաշտպանելը քաղաքական որոշում պետք է լինի՝ թույլ տալ գնա, թե չէ, ա՛յ մինչև այդ է մեր խնդիրը, թե չէ մասնագիտական ապահովվածությունն այս բնագավառում մենք ունենք շատ լավ»,-ասաց Տարոն Սիմոնյանը։

Կառավարությունը պետք է որոշի՝ մտնո՞ւմ է դատական պրոցեսների մեջ, թե՞ ոչ։ Նշված բոլոր կոնվենցիաների անգամ իրավական բազան մեր մասնագիտական համայնքը ունի, այն մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, դրանք էլ են այդ համայնքի մաս, բայց պետք է կառավարությունը որոշի՝ դրանով զբաղվելո՞ւ է, թե՞ չէ, նոր այդ ամբողջ փաստաթղթային փաթեթը բերեն, սկսեն կիրառել։

«Այս տարի որ գնացինք դատարան՝ խտրականության դեմ պայքարի մասով, սա հայատյացության դեմ պայքարի մաս էր, իսկ հայատյացությունը Ադրբեջանում 25 տարի է՝ կա։ Սա պատերազմի հետ կապված գործ չէ, սա հայատյացության հետ կապված գործ է, պատերազմը դրա հետևանքն էր, եթե ժամանակին մենք այդ դատական պրոցեսը սկսած լինեինք, Ադրբեջանը շատ ավելի կաշկանդված կլիներ իր գործողություններում։ Եթե դատարանը փաստեր, որ, այո՛, հայատյացություն կա, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը շատ ավելի բարձր հենքերի վրա կլիներ, իսկ մենք որևէ միջազգային ատյանում մինչև այդ որևէ որոշում չենք ունեցել, որ Ադրբեջանում հայտյացություն կա, խոսում էինք դրա մասին , բայց թուղթ չկար»,-ասաց իրավագետը։

Նախկինում, ըստ նրա, մտածում էին՝ Մինսկի խումբը աշխատում է, թող աշխատի, չխանգարենք մեր իրավական գործընթացներով, իսկ այսօր խաղաղության օրակարգն է։ Այնինչ Ադրբեջանը վերջին 20-25 տարիներին բոլոր միջազգային ատյաններում հակահայկական բանաձևեր է ընդունել։

«Դատական մաս իհարկե միայն Եվրադատարանում է ունեցել՝ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի», որտեղ դատական լուրջ բառապաշար է ամրագրվել, բայց միջազգային մնացած գործիքները Ադրբեջանը ևս օգտագործել է և մեծ քանակությամբ հակահայկական բանաձևեր էին կուտակվել, որոնք կոչ էին անում, որ Հայաստանը պետք է այլևս չօկուպացնի Ադրբեջանը։ Եվ այն պետությունները, ովքեր կողմ էին քվեարկում այդ բանաձևերին, հետագայում, բնականաբար, չէին կարող ընդվզել Ադրբեջանի ապօրինի գործողությունների դեմ Արցախում»,-ասաց Տարոն Սիմոնյանը։

Նա նշեց, որ պետք էր գոնե հիմա շատ արագ դիմել միջազգային դատարան այս հայցերով, այսքան ժամանակ չկորցնել, բայց չարվեց։

Աննա Բալյան