կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-03 16:39
Մշակույթ

Մի «վանդալիզմի» պատմություն․ հայկական գերեզմաններն ու եկեղեցիները

Մի «վանդալիզմի» պատմություն․ հայկական գերեզմաններն ու եկեղեցիները

Իսմեթ Քոնաք

Հայերից ժառանգություն մնացած կառույցներն անխնա կերպով ավիրվում են ամեն օր։ Իրավասուները պատմական գերեզմանոցները և եկեղեցիները թողնում են բախտի քմահաճույքին։

Երբ Վանի Տուշպա գավառում հայկական գերեզմանոցն ավիրվեց տրակտորների միջոցով, և գերեզմանաքարերն ու ոսկորները ցաքուցրիվ եղան, վերստին քննարկում սկսվեց «տարբեր հավատքների» հանդեպ հարգանքի թեմայով։ Մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ համատեղ գոյության փոխարեն «միատիպ գոյությունը» պարտադրող մտայնությունը թիրախավորել է նաև մշակութային կառույցները։

«Որբ և արնավառ Հայաստան»

Փոքր Ասիայի ավտոխտոն ժողովուրդներից մեկը պոկվեց այն վայրից, որտեղ ապրել էր հազարավոր տարիներ։ Նրա գույքը բռնագրավվեց, նա բռնությունների ենթարկվեց գաղթի ճանապարհին, ստրկացվեց և գետերը նետվեց։ Զանգվածային կոտորածների ենթարկվեց այն վայրերում, ուր բռնագաղթեցվել էր։ Նրանից միայն «լքյալ» սրբավայրերն ու գերեզմանոցները մնացին։ Հայաստանը (հեղինակը գրել էր հենց «Հայաստան» և ոչ թե «Էրմենիստան» տարբերակը-Ակունքի խմբիսկապես որբացավ։ Երբեմն կարծես լսում ենք հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի հետևյալ տողերը․ «Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում»։

Դիցաբանական քաղաք Վանը

Մեկ դար առաջ, պետական պաշտոնյաների խոսքով, վնասազերծման ենթարկված հայ ժողովուրդը հիմա էլ վանդալիզմի է ենթարկվում։ 2017 թ․ ականատես եղանք, թե ինչպես է Վանի Էդրեմիթ (Արտամեդ-Ակունքի խմբ) գավառում հարկադիր կատարման պաշտոնյաների կողմից «զուգարան» կառուցվում հենց հայկական գերեզմանոցի վրա։ Իսկ մի քանի օր առաջ Տուշպայի Լեզք (Քալեջիք) թաղամասում ականատես դարձանք տրակտորների կողմից հայկական գերեզմանոցի ավիրմանը։ Հայտնի է, որ Վանը հայկական դիցաբանության մեջ գրեթե սուրբ վայր է համարվում։

Վանն այն վայրերից մեկն է, որտեղ հայ ժողովրդի էպիկական հերոս Հայկը կռվել է Բաբելոնի արքա Բելի դեմ։ Այդ սուրբ հողի հանդեպ գոնե դույզն-ինչ «հանդուրժողականություն» էր ակնկալվում։ Հայ ժողովրդի հանգուցյալներին անգամ չհանդուրժող «պետական շահը» մի՞թե կկարողանա համատեղ գոյություն կառուցել։

Պանթյուրքիստական ռեֆլեքսներ

Վանում կատարվածի նմանօրինակը մինչ այդ եկել է նաև Ադրբեջանի Ջուղայում գտնվող հայկական գերեզմանոցի գլխին։ Այդ գերեզմանոցը, չնայած բողոքներին, վերածվեց ռազմական հրաձգարանի։ Այս ամենին ի՞նչ անուն տաս․ հիվանդագին պանթյուրքիստական ռեֆլե՞քս, թե՞ արդեն խրոնիկական դարձած հայկական ֆոբիա։ Իրականությունն այն է, որ նրանք ոչնչացնում են Փոքր Ասիայի մշակութային ժառանգությունը, խոց ունեցող գլուխների, թռչունների վրա դրվող տզրուկների պես։

«Սոդոմյան» վերաբերմունք

Նմանատիպ մեկ այլ պատմություն էլ առնչվում է Ստամբուլի Սուրբ Հակոբ գերեզմանատան և եկեղեցու տարածքի հետ։ Ռոբեր Քոփթաշը այդ թեմայի շուրջ Եսայան սրահում ամենայն մանրամասնությամբ զրուցել է Թամար Նալջըի և Էմրե Ջան Դաղլըօղլուի հետ։ Որևէ աննշան դամբարանն անգամ պահպանության տակ վերցնող, նորոգող և ժողովրդին աղոթքի հրավիրող «հանդուրժողականության վաշխառուները» Ստամբուլի սրտում գտնվող մի պատմական վայրի նկատմամբ ցուցաբերեցին «սոդոմյան» վերաբերմունք և շարունակում են նույն կերպ վարվել։

Ժողովուրդը պարում է պետության դուդուկի տակ

Լավ, իսկ երբ պետությունն այսպես է վարվում, Փոքր Ասիայի «ժողովուրդն» ի՞նչ է անում։ Պատկերն առանձնապես հուսադրող չէ։ Երկրի ամեն մի ծագում, հատկապես եկեղեցիների հետ կապված, անվերջանալի վանդալիզմի ականատեսն ենք դառնում։ Asianews անվամբ մի լրատվական կայքէջ վերջին օրերին անդրադառնում է այդ հարցին։ Օրինակ, Ուրֆայի Գերմուշում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում «բարբեքյուի խնջույք» կազմակերպվեց։ Գանձագողերի թայֆան (խումբը-Ակունքի խմբԿայսերիի (Կեսարիա-Ակունքի խմբՍուրբ Թորոս եկեղեցու մեջ փոսեր էր փորել և պատերին ներկով գրություններ արել։ Գրիչ օգտագործել անգամ չիմացող այս խուժանը կարողանում է մի սրբավայրի՝ իկոնաներով զարդարված պատը գրատախտակի վերածել։ Մինչև իսկ, Բուրսայում հանդիպեց դեպք, երբ մի եկեղեցի վաճառքի էր հանվել՝ մոթելի կամ թանգարանի վերածվելու համար։ Պատկերացնո՞ւմ եք․ Քել Յահյան գնալու է, Բայազետ Երկրորդ մզկիթը գնելու և այն համացանցի միջոցով վաճառքի հանելու՝ մոթելի վերածելու նկատառմամբ։ Դա ամբողջ Միջին Արևելքը տակնուվրա անող հայտարարություն կլիներ թերևս։ Սակայն եկեղեցին հանգիստ խղճով կարողանում են առուծախի առարկա դարձնել։ Տասնյակ հազարավոր տարիներ առաջ Շանիդար քարայրում ապրած Նեանդերթալյան մարդն անգամ մեզնից ավելի ողորմած էր։ Դժբախտաբար, երբ պետության գլուխը դուդուկ է նվագում, ժողովուրդը պարում է դրա տակ։

https://politikahaber.org/bir-vandalizm-oykusu-ermeni-mezarliklari-ve-kiliseleri/

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net