Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դիարբեքիրի Սուր շրջանն արդեն 78 օր շարունակվող պարետային ժամի և զինված բախումների պատճառով մեծապես տուժել է: Թուրքական Dicli լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ մասամբ վնասվել է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Սոցկայքերում տարածված լուսանկարների և լուրերի համաձայն՝ այս շրջանում բախումներից ավերված այլ պատմական կառույցների թվում հայտնվել է նաև Սուրբ Կիրակոսը, որի պատերը քանդել են՝ ներս մտնել կարողանալու համար:
Եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Գաֆուր Թուրքայը նշում է, որ Սուրում, որտեղ նախկինում միախառնվում էին մուսուլմանական ազանի (աղոքի հրավիրող կանչ) և հայկական եկեղեցու զանգերի ձայները, հիմա արդեն ո\'չ ազան է հնչում, ո\'չ էլ զանգեր:
Գաֆուր Թուրքայը հայտնել է, որ մամուլում եկեղեցու ավերված լուսանկարների հրապարակումից հետո ինչպես Թուրքիայի այլ քաղաքներում, այնպես էլ Եվրոպայում և Ամերիկայում բնակվող հայերն անվերջ զանգահարում են իրենց, փորձում եկեղեցու մասին որևէ հստակ տեղեկություն ստանալ:
Թուրքայը նշել է նաև, որ Սուրում գետնին է հավասարեցվել մեկ այլ պատմական կառույց՝ Kurşunlu Cami անվամբ հայտնի մզկիթը:
Սուրբ Կիրակոս եկեղեցու կրած կորուստների մասին որևէ պաշտոնական լուր ստանալ չի հաջողվել, քանի որ Սուրն արգելված գոտի է, և նույնիսկ պետական ծառայողները որևէ տեղեկություն չեն հաղորդում:
Իսկ Թուրքիայի հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանը, պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցների հարցերին, նշել է, որ մամուլում տարածված` կիսավեր եկեղեցու լուսանկարները ոչ թե առաքելական Սուրբ Կիրակոս եկեղեցին են պատկերում, այլ արված են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցում:
Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 97-ամյա անգործությունից հետո վերականգնվել և մեծ շուքով վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 4-ին՝ վերամիավորելով Դիարբեքիրի և շրջակա բնակավայրերի բոլոր հայտնի և անգամ ծպտյալ հայերին: Տեղի հայ համայնքի համար եկեղեցին դարձել էր արմատներին վերադառնալու, քրիստոնեական կրոնական ավանդույթները չմոռանալու և պարզապես հայ համայնքի միջև եղած կապերն էլ ավելի ամրապնդելու միջոց:
Ինչպես նշում է եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի անդամը, եթե եկեղեցին կրկին անգործության մատնվի, դա մեծ հարված կլինի տեղի հայ համայնքի համար և խոր հիասթափության ու վշտի պատճառ կդառնա: