|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց` Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցություններ վարել է Ազգային ժողովի կողմի՞ց, թե՞ այլ նպատակով է Մոսկվա մեկնել՝ ԱԺ բյուջեի հաշվին:
Հակոբ Արշակյանն էլ նշեց, թե պետության կողմից բանագնաց է ներկայացված, ու, ըստ այդմ, բանագնացի գործուղման ծախսերը նույնպես պետությունն է հոգում:
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց՝ Ազգային ժողովը լիազորե՞լ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ խորհրդում այդ հարցը քննարկվե՞լ է, որ գործուղում են Ռուբինյանին:
«Յուրաքանչյուր բանակցության ժամանակ գոյություն ունի պատվիրակության ղեկավար, գոյություն ունի համապատասխան ընթացակարգ, թե ինչ օրակարգով, ինչ ժամկետներով ու ինչ ֆինանսավորմամբ է գործուղվում պատվիրակությունը տվյալ երկիր: Այս դեպքում այդ բոլոր պրոցեդուրաները պահվել են»,- ասաց Հակոբ Արշակյանը` նշելով, թե ընդդիմադիրների մյուս բոլոր հարցերին կարող են հավելյալ պատասխանել:
Հիշեցնենք` Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։
«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: