կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-26 17:34
Քաղաքական

Թե ինչպես «հանձնվեց» Քարվաճառը

Թե ինչպես «հանձնվեց» Քարվաճառը

Կիրակի երեկոյան համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի իշխանություններին առաջարկում է գաղտնի փաստաթուղթ ստորագրել երկու հայկական պետությունների միջև և, իբրև երաշխիք, որ ՀՀ-ն կկատարի այդ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, Տեր-Պետրոսյանն առաջարկում էր, որպես պատանդ, 10 օր մնալ Ստեփանակերտում։

Նշված տեսագրությունը կատարվել է 1993թ. հունիսի 14-ին Ստեփանակերտում։ Գաղտնի պայմանագրով, որը ԼՏՊ-ն առաջարկում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, Արցախը պետք է համաձայներ ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվում էր ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ իրեն վերաբերող բոլոր պահանջները և պատժել բոլոր նրանց, ովքեր կխախտեին այդ պայմանավորվածության դրույթները, եթե անգամ նրանք լինեին Արցախի իշխանության ներկայացուցիչներ։ ՀՀ առաջին նախագահի և Արցախի ղեկավարության երկրորդ այս հանդիպման մասին (առաջինը եղել է 1993թ.-ի հունիսի 12-ին Գորիսում, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը ճնշում էր գործադրում Արցախի իշխանությունների վրա՝ պահանջելով նրանցից՝ Ադրբեջանին հանձնել Քարվաճառի շրջանը), որի կադրերը նախօրեին տարածվեցին համացանցում, դեռևս 2009 թ. փետրվարին «Անալիտիկոն» հանդեսում գրել է լրագրող Գեղամ Բաղդասարյանը, որն իբրև Արցախի կառավարության լրատվական բաժնի ղեկավար ներկա է եղել հիշյալ քննարկումներին։

Ստորև ներկայացնում ենք Գ. Բաղդասարյանի վերոհիշյալ հրապարակումը։

 

ԹԵ ԻՆՉՊԵՍ «ՀԱՆՁՆՎԵՑ» ՔԱՐՎԱՃԱՌԸ

 (Ստեփանակերտ, ԼՂՀ ԳԽ շենք, 14 հունիսի, 1993թ.)

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ - Ես եկել եմ մենակ: Կռվել եմ ընկերներիս հետ, որ մենակ գամ՝ չէին թողնում Բաբկենը, Վահանը, Վազգենը: Ես եկել եմ ասելու իմ վերջին խոսքը: Ես ձեզ հետ չեմ վիճելու՝ տրամադիր չեմ: Ոչ մի բանավեճ տեղի չի ունենալու՝ ամեն ինչ արդեն ասել ենք միմյանց: Ձեր փաստարկները ես գիտեմ, դուք գիտեք իմը: Կարող ենք տեղներս փոխել, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Չեմ ուզում կրկնել ելույթս, բայց մի բան կասեմ՝ ցայսօր Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ եւ հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինել կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Դուք հասել եք ձեր նպատակին եւ սպասում եք պատասխանի: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք: Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի՝ Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է: 300 տարվա հայ-ռուսական հարաբերությունների ընթացքում այսքան անկեղծ ու դաշնակցային չեն եղել մեր հարաբերությունները, որքան վերջին մեկուկես տարում՝ Ելցինի եւ Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Եթե Ղարաբաղն այսօր կա ու գոյություն ունի՝ միայն Ռուսաստանի շնորհիվ: Ռուսաստանն այսօր խաղաքարտի վրա է դրել իր հեղինակությունը: Խաղաքարտերի վրա է նաեւ Ելցինի հեղինակությունը: Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը: 40 օր հետո փամփուշտը վերջանալու է: 7 օր հետո վերջանալու է մթերքը: Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել: Եթե Հայաստանը երեք օր սոված մնաց, կարող եք պատկերացնել, թե ինչ կլինի: Անցյալ անգամ մենք կոնսենսուսով որոշում ընդունեցինք: Դուք մենակ թողեցիք Գեորգի Պետրոսյանին, բայց համաձայնվեցիք, որ նա ստորագրի: Բոլորիդ է վերաբերվում սա: Հեռախոսային ձայնագրություններից գիտեմ, թե ինչ տեղի ունեցավ հետո, եւ դուք կանգնեցրիք մեզ փաստի առաջ: Ես Հայաստանի կողմից տվեցի երաշխիքներ, ինչը գրանցվեց Վլադիկ Հակոբյանի կողմից (ԼՂՀ ԳԽ քարտուղար.- Գ.Բ.): Վերջինս խնդրեց ստորագրել արձանագրությունը: Ես ասացի, որ այսքան ստորացում թույլ տվի, բայց այդ մեկը թույլ չեմ տա ու չեմ ստորագրի, քանի որ եղածն էլ քիչ չէ՝ ասել եմ 20 հոգու ներկայությամբ: Ուղղաթիռում ես մի պայմանագիր կազմեցի: Այն կստորագրվի որպես գաղտնի պայմանագիր, սրա մասին ոչ ոք տեղյակ չէ՝ վկաներ կան: Այն կարող է հրապարակվել միայն երկու կողմի համաձայնության դեպքում եւ կլինի երկու օրինակից:

(Պայմանագրում առաջին հերթին հստակ ամրագրվում էին վտանգի դեպքում կողմերի պարտավորությունները.- Գ.Բ.)

Եվ վերջինը` այսքան ստորացում հանդուրժել եմ, մեկն էլ կարող եմ հանդուրժել: Տասը օր որպես պատանդ պատրաստ եմ մնալ Ղարաբաղում:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցրեց.

- Լեւոն Ակոպովիչ, ստորացումն ի՞նչ է:

- Ունիժենիե, Ռոբերտ: Պատերազմից հետո ես քեզ մի տարի գրաբար կդասավանդեմ:

ԼՂՀ ԳԽ նախագահության անդամներից մեկը (կարծեմ՝ ՎԱԼԵՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ) տեղից.

- Ա տակ ժե ասիրիյսկի, Լեւոն Ակոպովիչ:

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ (լրջացած).- Ես կարող եմ մի բան խնդրել ձեզ՝ քննարկում մի սարքեք: Ես հեռանում եմ ու կես ժամից կգամ:

Ինչ-որ մեկը տեղից.

- Ա պոտոմ չտո՞․․․

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ (նորից ժպտում է).- Ա պոտոմ տանցի, գոսպոդա, շամպանսկոյե․․․

Լեւոն Տեր-Պետրոսյանը մռայլ քայլում է սենյակով մեկ՝ ձեռքերը կրծքին խաչած:

Լռություն: Սեղանի շուրջ նստած են ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ՊՊԿ ղեկավար ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ԼՂՀ ԳԽ նախագահության անդամներ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, ՎԱԼԵՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ, ԿԱՐԵՆ ԲԱԲՈՒՐՅԱՆԸ, ՍԼԱՎԱ ԱՂԱԲԱԼՅԱՆԸ, ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ, ՎԱԼԵՐԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՎԼԱԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ինչպես նաեւ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ, ԿԱՄՈ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ (ՊԱԿ), ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ԱՐՄԵՆ ԻՍԱԳՈՒԼՈՎԸ, ՄԱՔՍԻՄ ՄԻՐԶՈՅԱՆԸ, ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, ԺԻՐԱՅՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ՇԱՀԵՆ ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

Տողերիս հեղինակը նստած է պատուհանի մոտ՝ նոթատետրը ձեռքին: Մի քանի հոգի անհանգստություն են հայտնում գրառումներիս կապակցությամբ: Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ պարզաբանում է՝ պատմության համար է:

Տեր-Պետրոսյանի ելույթը նկարահանում է նրա օպերատորը:

Լ.Տեր-Պետրոսյանը դուրս է գալիս սենյակից, եւ սկսվում է քննարկումը: ՀՀ Նախագահի օպերատորը հապաղում է, «ոտը կախում», բայց ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ կտրուկ եւ կոպիտ դիտողությամբ նրան դուրս է հրավիրում:

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ - Ոչ ոքի «դավաճան» (իրականում ավելի կոպիտ բառ է օգտագործում - Գ.Բ.) չենք հանելու: Մարդ չկա, որ «Ոչ» ասելու պատասխանատվությունն իր վրա վերցնի ու զբաղվի մատակարարմամբ: Ստորագրենք մեկ այլ գաղտնի փաստաթուղթ ու ցրվենք: Երկու օրից Մարտակերտ ենք մտնում:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Մենք ասել ենք, որ պիտի «ՆԶ» (անձեռնմխելի պաշար - Գ.Բ.) լինի պահեստում, որպեսզի եթե թուրքերը հարձակվեն, վստահ լինենք, որ հետ ենք տալու: Նա չի կարող դա գրել: Նա այն մարդը չէ, որ իր խոսքի տերը չլինի: Նշանակում է՝ երաշխիքներ են տվել նրան: Պայմանավորվենք այսպես՝ ով այստեղից դուրս գա եւ ուրիշ բան ասի՝ նա դավաճան է (իրականում ավելի կոպիտ բառ է օգտագործում, Ս.Բաբայանի օգտագործածը.- Գ.Բ.): Ալիեւին բերել են ռուսները, եւ ԵԱՀԽ-ի զոնտիկը կարող է պետք գալ ռուսներից պաշտպանվելու համար: Ադրբեջանին զիջումներ լինելու են: Կարծիքս այն է, որ Գեորգին ստորագրի:

ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆ - Միանշանակ «Ոչ» ասելն ամենահեշտն է: Եկեք հիշենք անցյալը, երբ թվում էր, թե աշխարհը մեր դեմ է, թեեւ, ինչ խոսք, այլ մասշտաբներ էին: Ղարաբաղի ապագայի հարցն է դրված: Ես չեմ հավատում, որ ԵԱՀԽ-ն ուզում է մեր հարցը լուծել, եւ որ լույս կբացվի: Հռոմ գնալիս էլ եղել է այս վեճը: Ենթադրում էինք, որ գալու է այս օրը: Առաջին անգամ հայ ազգը տարածք է վերցրել, ու հիմա ստիպում են կամովին զիջել այն: Եթե հարցը լուծվի, միեւնույն է՝ պիտի Քելբաջարն ու Ղուբաթլուն վերցնենք: Վատ վիճակի առաջ են կանգնեցնում, որ կարող է փամփուշտ ու վառելիք չլինի: Սամվելը ճիշտ է, երբ ասում է, որ «Ոչ» ասելու պատասխանատվություն ոչ ոք չի կարող իր վրա վերցնել: Իմ կարծիքն է՝ միասին «Ոչ» ասենք, ընտրենք պայքարի ճանապարհը: Մեր շանսն այդ պայքարի մեջ է: Ես Գեորգիին խորհուրդ չեմ տալիս ստորագրել:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Այդ դեպքում մի որոշում պիտի լինի, եւ արձանագրությունը պիտի մնա: Ես լուրջ վտանգ եմ տեսնում Ռուսաստանից: Մի անգամ արդեն մեզ արդուկում էին, եւ պուտչը փրկեց մեզ:

ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆ - Ռուսները պոդլոստ են անում, բայց նրանց շահերում չկա, որ Ամերիկան մտնի այստեղ:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Կոզիրեւն ու Բարաննիկովը հատուկ եկել ու մեզ համոզում են: Խոսում են օտվլեչեննո: Օգոստոսին ի՞նչ վիճակում էինք:

ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆ - Երկու դեպքում էլ դժվար է լինելու՝ եւ «Այո»-ի եւ «Ոչ»-ի դեպքում: Ժամանակին ասում էիք՝ քանի որ Հայաստանում Տեր-Պետրոսյանն է, այստեղ էլ նրա մարդը պիտի լինի: Եթե այդպես է, ապա այսօր էլ եկեք մտածենք, թե ով է ի վիճակի «Այո» ասելու: Եւ նրան էլ նշանակենք:

ՍԼԱՎԱ ԱՂԱԲԱԼՅԱՆ - Ո՞վ կարող է երաշխիք տալ, որ «Ոչ» ասելու դեպքում լավ է լինելու:

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ - Մենք չգիտենք, թե զինվորականներն ինչ պահանջներ են դնելու Ռուսաստանի առաջ: Ես կոնկրետ պահանջներ եմ դնելու, թե ինչքան զենք պիտի տան: Այդ դեպքում ես կարող եմ հանգիստ նույնիսկ Բաքուն վերցնել:

ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆ - Եթե այդպիսի բան կա՝ մեզ էլ ասեք: Ու՞մ առաջ է դրվել այդ պահանջը:

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ - Ռուսների: Եթե այդ 60 օրում չկատարեն, մենք էլ չենք կատարելու:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Առաջարկում ենք հետաձգել գրաֆիկը: Եթե ռուսը մեզ չի զոհում, ուրեմն պիտի ընդունի մեր առաջարկը:

ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ - «Ոչ»-ի կողմնակից էի, բայց մի «բայց» է ծնվում: Պիտի մեկ ամսով հետաձգել գրաֆիկը: Եւ այդ ամսում ստուգել պահանջների կատարումը:

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ - Մեկ ամսում հնարավոր չէ: 60 օրում: Որ չստացվի, թե զինվորականները ճնշում են գործադրել:

ԿԱՐԵՆ ԲԱԲՈՒՐՅԱՆ - Ոչ «Այո», ոչ էլ «Ոչ» ասելու բան է: Ամենաընդունելին, սակայն, «Այո» ասելն է: Մանեւրի համար տեղ է մնում:

ՎԱԼԵՐԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ - Բոլորիս սրտում «Ոչ» է, բայց վերջին հանգամանքները ստիպում են, որ «Այո» ասենք: «Այո», բայց իրականում՝ «Ոչ»:

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Կարեւորը Քելբաջարի հարցը չէ: Կարեւորն այն է, որ Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունները եկել են միասնության: Սամվելի ասածն ամենալավ տարբերակն է: Ինֆորմացիա չունենք: Եթե Լեւոնը ինֆորմացիա չունենար, այսքան չէր մտահոգվի: «Ոչ»-ի դեպքում ստացվում է, որ Հայաստանն էլ է մեր դեմ:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Շատ եք երկարացնում:

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ - Հրանտ, վաղը կարող ես ասել՝ «Ես «Այո» եմ ասել «Ոչ»-ի իմաստով՝ ինչու՞ եք զորքը հանել»:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Վ պրինցիպե, Լեւոնը գոռոզ է (ես նրան մի քանի տարի ճանաչում եմ), բայց հիմա մեզ խնդրում է: Ուրեմն՝ վտանգ կա, չէ՞: Երբ գիշերը զանգեց՝ զարմացա: Ինձ ամենաշատը դա է վախեցնում: Նրա ինֆորմացիան շատ է: Նրա այս վարմունքը բնավորությանը չի համապատասխանում: Մեր ոտներն է ընկել, թեեւ Գորիսից հետո չպիտի մեզ հետ խոսեր պո իդեե:

ԱՐՄԵՆ ԻՍԱԳՈՒԼՈՎ - Հարցը ծայրաստիճան լուրջ է դրված: Եթե «Ոչ» ենք ասում, ուրեմն փակում ենք դռները եւ դատապարտում ենք մեզ ավելի վատին: Վառում ենք կամուրջները:

ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Կոնկրետ՝ այո՞, թե՞ ոչ:

ԱՐՄԵՆ ԻՍԱԳՈՒԼՈՎ - Այո:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Նրա գալը պատասխանատվությունը վերցնում է մեզնից:

ՍԼԱՎԱ ԱՂԱԲԱԼՅԱՆ - Հնարավոր չէ փորձել «Ոչ» ասել ու սպասել, թե ինչ է լինելու: Պիտի պատասխանատվություն վերցնել եւ ասել «Այո»:

ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Ոչ մի ինֆորմացիա չունենք: Դեպքերի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ իրականացվում է Գոբլի ծրագիրը: Քելբաջարը դրա մեջ չի մտնում: Առաջարկել եմ ձգձգել, բայց չի անցել: Հստակ կարծիք ունեմ՝ «Ոչ»:

ՎԱԼԵՐԻ ՂԱԶԱՐՅԱՆ - Սկզբից էլ «Ոչ»-ի կողմնակից եմ եղել: Հիմա էլ՝ նույնը: Եւ կարող եմ հիմնավորել:

ՎԼԱԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ - Եթե ռազմական կազմավորումները չեն երաշխավորում, ապա ես «Այո»-ի կողմնակից եմ:

ԺԻՐԱՅՐ ՊՈՂՈՍՅԱՆ - Մի մոռացեք, «Վարդանանք» է եղել, երբ հայերը հավատափոխ են եղել, բայց գործն առաջ է գնացել:

ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ - Ես էլ եմ «Ոչ» ասում:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Լյովան (Լ.Մ-Շ.-ն. - Գ.Բ.) քամակը պատար պահում ա: Համաձա՞յն ես, որ դու նստես եւ «Ոչ» ասես:

ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Հերթը ինձ է հասել: Կարծում եմ, որ այսօր ամենադժվարը միանշանակ խոսելն է: Քաղաքական մեկնաբանություն պետք չէ: Փորձեմ կրկնել այն, ինչ միշտ ասել եմ: Եթե չունենք ներքին համաձայնություն՝ անիմաստ է ամեն ինչ: Ես նկատի ունեմ ղարաբաղցիների ներքին համաձայնությունը: Ես այդ վստահությունը չունեմ: Որպես նախագահի պաշտոնակատար փորձեցի մի քանի մոդելներ առաջարկել, որոնք, ըստ իս, ճիշտ են: Երբ չկա այդ միասնությունը, ես ռիսկի չեմ դիմի: Մի բան էլ է պարզ: «Այո» ասողը պիտի կամք ու հնարավորություն ունենա: «Ոչ» ասողն էլ: Եւ երբ ասել եմ, թե հրաժարական եմ տալիս, դա խաղ չէր: 5 հոգի «Այո» են ասել եւ հիմա իմ խոսքը վճռական է: Ես անձամբ կասեի «Այո», բայց ոչ ոք ձեզնից չի կարող երաշխիք տալ, որ «Այո»-ն «Այո» է: Այսքանից հետո ասում եմ՝ «Ոչ»:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Բայց գտնում ես, որ ճիշտը «Այո՞»-ն է:

ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Այո:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Իսկ արդյո՞ք դա տղամարդկություն է:

ՍԼԱՎԱ ԱՂԱԲԱԼՅԱՆ - Ժողովուրդը մեղք է:

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ - «Ոչ» ասողները թող պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա:

ՍԼԱՎԱ ԱՂԱԲԱԼՅԱՆ - Ընտրություն է պատերազմի եւ խաղաղության միջեւ:

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ - Ես ինձ փոքրիկ վինտիկ եմ համարում այս մեծ խաղում: Ոմանց մոտ մանյա վելիչիա կա: Մեր մոտիկ ընկերը Հայաստանն է, եւ ինչպիսին էլ լինի Տեր-Պետրոսյանը, նա մեր ավագ ընկերոջ՝ Հայաստանի նախագահն է: Հայաստանը խնդրում է, որ մենք «Այո» ասենք: Եկեք ասենք, բայց պահեստային տարբերակ թողնենք: Պետք լինի՝ նրանց էլ կխաբենք: «Այո»-ն, մեկ է, կարող են պոկել մեզնից, թե ինչ ձեւով՝ այլ հարց է:

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ - Եթե «Ոչ»-ը հաղթի, ապա Գեորգին չպիտի մնա, քանի որ գտնում է, որ ճիշտն «Այո»-ն է, բայց «Ոչ» է ասում: Պիտի այնպիսի մարդ նստի, որ գոնե «Ոչ»-ում համոզված լինի:

ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆ - Կարելի է հակառակն էլ անել՝ թող այնպիսի մարդ նստի, որ կարող է «Այո» ասել:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Ճիշտ է, պիտի «Այո» ասողին նշանակել: Կամ էլ առաջարկում եմ, որ Մելիք-Շահնազարյանը նստի ու «Ոչ»-ը շարունակի: Կամ էլ՝ Վալերի Ղազարյանը:

ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Ո՞վ է կողմ, որ հրաժարական տամ:

Քվեարկում են. կողմ՝ 8, դեմ՝ 1 (Հ.Գրիգորյան), ձեռնպահ՝ 1:

Կարեն Բաբուրյանը, որ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար էր, նշանակվում է ԳԽ նախագահի պաշտոնակատար: Հենց նա էլ ստորագրում է Քարվաճառի մասին փաստաթուղթը: Մարիո Ռաֆայելլիին հղած նամակում ղարաբաղյան կողմը խնդրում է 30 օրով հետաձգել փաստաթղթի պահանջների կատարումը:

«Ձեւականություններն» ավարտելուց հետո այստեղ մնացածների մոտ ընդհանուր բարձր տրամադրություն էր: Տեր-Պետրոսյանը ԼՂՀ ԳԽ նախագահի առանձնասենյակում նստած էր նախագահի աթոռին, զրուցում էր սրա-նրա հետ առօրեական հարցերով: Ինձ էլ հարցրեց, թե «հիմա Կոմիտասն ի՞նչ է անում» (արցախյան շարժման ասկերանյան առաջամարտիկներից մեկի` գրող Կոմիտաս Դանիելյանի մասին էր հարցնում, որին շարժման առաջին տարիներին հանդիպել էր): Ինձ դուր չեկավ, որ նա բառ անգամ չփոխանակեց Գեորգի Պետրոսյանի հետ, որը մեկուսի կանգնած էր՝ կարծես լքված բոլորի կողմից: Թեեւ հետագայում, երբ ԼՂՀ ԳԽ նախագահ Կարեն Բաբուրյանին հրավիրել էր պաշտոնական այցով ժամանել Երեւան (նրա նախորդները նման պատվի չէին արժանացել) եւ վերջինիս հետ նաեւ ես էի մասնակցում պաշտոնական հանդիպումներին, նա մի քանի անգամ ինձ երկիմաստ հարցրեց՝ «Գեորգին լավ տղա է, չէ՞»: