Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«Երեկ են տեղափոխել. մտերիմների, հարազատների հետ տեսակցություններն արգելված են։ Նման որոշում է կայացվել»,- ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով` Վերաքննիչ դատարանը դեռևս վարույթ չի ընդունել փաստաբանների` Առուշանյանին կալանավորելու որոշումը բողոքարկելու դիմումը։
Պաշտպանները Առուշանյանի կալանավորման որոշումը կվիճարկեն դատարանում, իսկ մինչ այդ Գորիսում համայնքապետին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք են սկսել։
«Առուշանյանի կալանավորմամբ մտահոգված գորիսեցիները այսօր 17։00-ից սկսած` կարող են միանալ ստորագրահավաքին Գորիսի Գ․ Տաթևացու անվան հրապարակում (Մշակույթի տան հարակից տարածք»,-Sputnik-ի հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամներից Զաքար Խոջաբաղյանը։
Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանն ի թիվս այլ հարցերի պետք է պատշաճ գնահատական տա նաև Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքի փոփոխության նպատակով ստորագրահավաքի առկայությանը և կայացնի օրինական որոշում։
«Խափանման միջոցի և դրա տեսակի ընտրության շրջանակում դատարանը հավաքագրում է նաև անձին բնութագրող տվյալներ։ Այս դեպքում ստորագրահավաքն անձը բնութագրող տվյալ է, և դատարանը պետք է արդեն իսկ ընտրված խափանման միջոցի օրինաչափության հարցի շրջանակում դրան պատշաճ գնահատականի արժանացնի»,- շեշտեց նա։
Ալեքսանյանի խոսքով՝ այս դեպքում ստորագրահավաքի մասնակիցների քանակն էական նշանակություն չունի, դրա առկայությունն արդեն իսկ վկայում է Առուշանյանի անձի նկատմամբ դրական բնութագրի մասին։ Պաշտպանը, սակայն, չի բացառում, որ ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ ևս գործի դրվի «պողպատե մուրճն» ու «ասֆալտին փռելու» քաղաքականությունը:
«Ինձ արդեն որևէ բան չի զարմացնում: Անկեղծ ասած` այս ամենին արդեն ժպիտով եմ վերաբերվում։ Մենք տեսնում ենք, որ այն անձինք, որոնք աջակցում են Առուշանյանին և մտահոգված են քաղաքական հետապնդման ենթարկված մյուս համայնքապետերի համար, նրանք ևս ենթարկվում են տարբեր ռեպրեսիաների, բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ»,- ասաց Ալեքսանյանը:
Ավելի վաղ Ալեքսանյանը հայտնել էր, որ Առուշանյանի խափանման միջոցը վիճարկելու համար հուլիսի 19-ին Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել:
Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը կալանավորված են:
Ավելի վաղ կալանավորման որոշում էր կայացվել նաև Գորիս խոշորացված համայնքի Որոտանի և Քարահունջի վարչական ղեկավարների նկատմամբ: Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին երեկ ազատ են արձակել»։
Տես նաև՝ Վաղը Գորիսում կշարունակվի Ա. Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը: