Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն օրերս ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ գույքի ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում։ Արդյունքներին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար Առուշանյանը դատախազություն էր հրավիրվել դեկտեմբերի 22-ին։ Թեև պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ Առւշանյանի փաստաբանական թիմն առ այժմ պաշտոնապես չեն հայտնում՝ ներկայացել է արդյո՞ք Առուշանյանը, թե ոչ, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, նա ներկայացել է։ Առուշանյանի պաշտպանական թիմից Արմեն Մելքոնյանը, թեև նշեց, որ տեղեկացված չէ, սակայն համոզմունք հայտնեց առ այն, որ Առուշանյանն ամեն հարցի պատասխանն ունի, հետևաբար, կարծում է՝ ներկայացած կլինի։
«Ե՛վ ստեղծված կապիտալը, և՛ ունեցած գույքը թափանցիկ է։ Ստուգում են՝ թող ստուգեն։ Անհանգստանալու ոչինչ չկա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ բոլոր հարցերի պատասխաններն ունեն։
Ավելին, փաստաբանը նաև հայտնեց, որ Առուշանյանի հոր ընկերությունը տասնյակ անգամներ ստուգել են՝ բոլոր ստուգող կազմակերպությունները․ «Կարող եք գնալ իրենց ընկերություն՝ աջ պատի վրա ամբողջությամբ՝ երկայնքով, բոլոր պատվոգրերն ու շնորհակալագրերն են՝ ՀՀ օրինապահ հարկատուի։ Որևէ անգամ որևէ զանցանք չի հայտնաբերվել, այդպես որ՝ վստահ ենք, որ այդ ամենի պատասխանը կա։ Երանի՝ Հայաստանի բոլոր գործարարներն աշխատեին այնպես, ինչպես՝ Գագիկ Առուշանյանը»։
Հարցին ի պատասխան՝ Առուշանյանների գույքն իրավապահների դիտակետում վաղու՞ց է հայտնվել, Մելքոնյանն ասաց․ «Դիտարկողներին ուղղեք հարցը, ես որտե՞ղից գիտեմ։ Այսօր Առուշանյանին են դիտարկում, վաղը՝ ինձ, մյուս օրը՝ Ձեզ, բոլորին կդիտարկեն։ Դիտարկում են՝ թող դիտարկեն։ Որևէ մեկն՝ ով ինչ արել է, պատասխանը կտա։ Միայն թե՝ չարածի համար պատասխան չուզեն »։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո